«Միկա-ցեմենտն» անցավ ՎՏԲ բանկի՞ն
Հրազդանի «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ում սպասողական վիճակ է: Աշխատակիցներին ասվել էր, որ երեկ պետք է վառվեն վառարանները, եւ ձեռնարկությունը կրկին կսկսի աշխատել, սակայն դա տեղի չունեցավ: Երկու օր առաջ ՎՏԲ բանկը բանվորներին է բաժանել նրանց ապրիլ ամսվա աշխատավարձը: Քիչ թե շատ կանոնավոր, թեեւ կցկտուր վճարումները կատարվեցին այն բանից հետո, երբ «Միկայի» բանվորությունը ամռանը բողոքի ակցիաներ սկսեց Հրազդանում: Այսօր «Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել:
Մոտ 300-400 մարդ պարապուրդի մեջ է, աշխատում է միայն գործերի կառավարչությունը: Դեռ 5 ամսվա աշխատավարձի պարտքը վճարված չէ: Գործարանում պատմում են, որ 4 մարդ կաթված է ստացել աշխատավարձի սպասելիս, երկուսը մահացել են՝ չկարողանալով բուժվել, եւ որ այդ մահերը ձեռնարկության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խղճին են: Թե ինչու են իրենք աշխատավարձ ստանում ՎՏԲ բանկից, աշխատողները չեն հասկանում: Գործարանի ղեկավարությունը նրանց չի տեղեկացնում, թե ինչ է կատարվում գործարանի հետ, ինչպես մեր կառավարությունն անգետ վիճակում է պահում նաիրիտցիներին:
Անջատված են բոլոր հեռախոսները, բացի կադրերի բաժնի քաղաքային հեռախոսահամարից: Տնօրինությունը վերակազմավորվել է: «Ես այլեւս գլխավոր տնօրեն չեմ, ես կառավարչի տեղակալն եմ, իսկ կառավարիչն Արթուր Մուրադովն է»,- ասաց ՓԲԸ-ի արդեն նախկին ղեկավար Նաիրա Մարտիրոսյանը: Նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց: Առհասարակ, եւ «Միկացեմենտի» կառավարչությունը, եւ ՎՏԲ բանկը գաղտնի գործելաոճ են որդեգրել, որը Հրազդանում տեղիք է տալիս տարատեսակ լուրերի:
Ըստ դրանց, գործարանը «վերցրել են» ռուսները: 2012 թվականին իրեն սնանկ հայտարարած «Միկա-ցեմենտը» գրավադրվել է ՎՏԲ բանկում մոտ 20 մլն դոլար վարկի փոխարեն: Վերջինս էլ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, վաճառել է գործարանը Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենների, սակայն հետագայում բանկը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ գործարանը վաճառվել է: Մեր տեղեկություններով, նոր տերերը, որոնք ուղղակի կապ ունեն ՎՏԲ բանկի հետ, ուսումնասիրություն կատարելով, հայտարարել են, որ ի վիճակի չեն մարելու «Միկա-ցեմենտի» պարտքերը:
ՎՏԲ բանկում չհերքեցին, որ աշխատավարձ են վճարում «Միկա-ցեմենտի» աշխատակիցներին, սակայն հրաժարվեցին օպերատիվ կարգով մեր հարցերին պատասխանելուց՝ գրավոր հարցում պահանջելով: Հետեւապես, հակված ենք այն կարծիքին, որ ռուսական բանկը «կուլ է տվել» ձեռնարկությունը՝ այն միացնելով իր ակտիվներին: Հիշեցնենք, որ Միկա Բաղդասարովն իր «Mika Armenia Trading» ընկերության միջոցով նաեւ ՎՏԲ բանկի սեփականատերն էր: Դա նույն «Խնայբանկն» էր, որը 2001 թվականին մասնավորեցրել էր Բաղդասարովը, եւ որը հետագայում վերանվանվեց ՎՏԲ: Հարցերի հարցը մնում է, թե, այնուամենայնիվ, ինչ է արել Միխայիլ Բաղդասարովն իր փողերը, որոնք ստացել է իրեն պատկանող ձեռնարկությունները՝ «Արմավիան», «Միկա Արմենիան», «Դիլիջան Ֆլորովան» վաճառելուց եւ մարդկանց՝ օդաչուներին, ցեմենտի գործարանի բանվորներին «քցելուց» հետո: Մեր տեղեկություններով, նա վաճառքի է հանել նաեւ «Արմավիայի» ինքնաթիռները: Բոլոր գումարները, ասում են, դուրս է տանում Հայաստանից, մինչդեռ իր հարցազրույցներում նա հայրենասեր էր ներկայանում:
Նաեւ անմաքուր եղանակներով իր մրցակիցներին շուկայից հանելու ճանապարհով եւ մեր իշխանավորների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ նա թիվ մեկ վառելանյութ ներմուծողը դարձավ, իսկ հետագայում, ամրապնդելով իր ներկայությունը ցեմենտի արտադրության շուկայում, փորձում էր դուրս շպրտել այնտեղից «Արարատ-ցեմենտին»: «Միկա-ցեմենտը» նրան էր բաժին հասել ռեկորդային ցածր գնով՝ 150 հազար դոլարով: Իր բիզնես-գործունեության ողջ ընթացքում Բաղդասարովը մնաց Ռուսաստանի քաղաքացի, իսկ «Արմավիայի» սնանկացման շրջանում նա իր հրապարակային ելույթներում ասում էր, որ չի ցանկանում այլեւս գործ ունենալ հայրենիքի հետ: Իսկ հայրենիքն ուզո՞ւմ է գործ ունենալ նման բիզնեսմենների հետ: Եվ ամենակարեւորը՝ պարզել, թե ինչքանով է օրինական նրանց գործունեությունը եւ հարկ եղած պահին պատասխանատվության հրավիրել:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]
Կարծիքներ