Կոնսենսուս` մինուս Դաշնակցությո՞ւն

Կոնսենսուս` մինուս Դաշնակցությո՞ւն

Ցանկացած լավ գործ, որ ենթադրում է համաժողովրդական մասնակցություն, կարելի է կազմակերպել լավ, որ այն վերածվի համաժողովրդական տոնի, եւ կազմակերպել այնքան վատ, որ պատճառ դառնա ներքաղաքական գզվռտոցի ու հասարակության պառակտման:
Հիշենք մեր Անկախության հանրաքվեն: Համախմբման, բռունցքվելու, բոլորով մեկ ու կարեւոր գործ անելու այդպիսի նախադեպ մենք երեւի չկարողանանք մտաբերել մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: Այդ միասնությամբ էլ հաղթեցինք արցախյան հերոսամարտում: Բայց այդ միասնությունից միայն ծվենները մնացին, երբ հրապարակ բերվեցին Սահմանադրության Լեւոն Տեր-Պետրոսյանի տարբերակը, իսկ ավելի ուշ՝ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները: Ինչո՞ւ այդ ժամանակ մենք չկարողացանք նույնքան համախմբված լինել: Պատճառը մեկն էր` բացակայում էր համոզմունքը, որ դա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունը չէ, կամ, որ դա չի արվում Ռոբերտ Քոչարյանի համար: Այսինքն, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չկարողացան դա ներկայացնել որպես համաժողովրդական պահանջ, մի բան, որ հետո նպաստելու է ամուր իրավական պետության ստեղծմանը:




Այսօր, երբ դարձյալ հրապարակի վրա է գործող Սահմանադրության բարեփոխման հարցը, երբ այն արդեն քննարկման փուլում է, հստակ ընդգծվում են այն տրամադրությունները, որոնք իշխելու են քաղաքական դաշտում, երբ գա ժամանակը այդ փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու:




Կարծում եմ` մենք պետք է հասկանանք, որ այս պահի մեր խնդիրը ոչ թե գործընթացի շուրջ քաղաքական քաշքշուկ հրահրելն ու որոշներին ակտիվացնելն է, այլ երկրի համար մի կարեւոր գործ անելը: Լավ սկիզբը գործի կեսն է` ասում է ժողովուրդը: Կոնկրետ այս դեպքում, ցավոք, իշխանությունները գործն սկսել են զավեշտով, եւ արդեն իսկ հասկանալի է, թե ինչով են ավարտելու:




Օրերս տեղեկություն տարածվեց, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ գաղտնի մի հանդիպում են ունեցել, որի ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձել է համոզել Գագիկ Ծառուկյանին` չխանգարել եւ թույլ տալ, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումն անցնի անաղմուկ եւ հարթ: Բայց Գագիկ Ծառուկյանը, հասկանում ես, մերժել է առաջարկը եւ պնդել իրենը, որ եղած սահմանադրությունն էլ վատը չէ:




Զավեշտը գիտե՞ք որն է: Փաստորեն, եթե Գագիկ Հարությունյանը նման հանդիպում ունենար Սերժ Սարգսյանի հետ, վերջինս, եթե առաջնորդվենք տրամաբանությամբ, նույնպես պետք է մերժեր նրան, քանի որ ինքն էլ, ինչպես Գագիկ Ծառուկյանը, կողմ չէ պառլամենտական հանրապետության գաղափարին կամ գոնե այդպես է ասում:
Իսկ հիմա փորձենք հասկանալ այս նախաձեռնության շուրջ բոլոր ուժերի նոր վերադասավորումները: ԲՀԿ-ն, ինչպես արդեն ասացինք, դեմ է առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ նախագահի աթոռին տեսնում է Գագիկ Ծառուկյանին, իսկ դա ցանկալի է միայն այն դեպքում, երբ երկիրը նախագահական է:
ՀԱԿ-ն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն, եւ առհասարակ հրաժարվել է մասնակցել ՍԴ բարեփոխումների հետ կապված որեւէ բովանդակային քննարկման: ՀԱԿ-ի պարագայում նույնպես ամեն ինչ պարզ է: Սրանք արդեն այսօրվանից են Գագիկ Ծառուկյանին տեսնում միասնական թեկնածուի դերում, իսկ իրենց` նրա նազիր-վեզիրի:




Առաջարկվող փոփոխություններին դեմ է նաեւ «Ժառանգությունը»: Ով գոնե մի քիչ ճանաչում է այս կուսակցության առաջնորդին, կհաստատի, որ նա տակավին թույլ հույսեր է փայփայում, որ քառյակի ընտրությունը, գուցե, կանգ առնի իր թեկնածության վրա` հաշվի առնելով նախորդ նախագահական ընտրություններում հավաքած տոկոսները:
Ինչ վերաբերում է տարաբախտ ՕԵԿ-ին, ապա կարելի է ասել, որ այդ կուսակցությունը Ագրարային համալսարանի հետ գարաժի վեճն ավարտելուց հետո միայն ժամանակ կունենա զբաղվել քաղաքականությամբ: Չի բացառվում, որ ՕԵԿ-ն ակտիվորեն ներգրավվի քննարկումներին` սպասարկելու համար իշխանության շահերը: Պարզապես դեռ ժամանակ է պետք, որ այդ շահերը վերջնականապես հստակեցվեն:




«Դեմ»-երի շարքը գլխավորում է Սերժ Սարգսյանը, ով, համաձայն չլինելով փոփոխություններին, անձամբ է առաջարկել երկրի կառավարման կարգի փոփոխությունը: Ինչպե՞ս հասկանալ նրա այս կեցվածքը` չէ, չեմ ուզում, դրեք գրպա՞նս: Սա ի՞նչ ձեւ է, երբ, փոխանակ կարեւորելու սեփական առաջարկդ, հայտարարում ես, թե ինքդ էլ չես ուզում, որ փոփոխություններն ընդունվեն: Այդ դեպքում ինչպե՞ս ես հասարակ մարդուն համոզելու, որ գնա եւ «այո» ասի այդ փոփոխություններին:




Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ միայն Դաշնակցությունն է հստակ կողմ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: ՀՅԴ-ն պատրաստ է մասնակցելու բոլոր քննարկումներին եւ այն կարծիքին է, որ սահմանադրական փոփոխությունները պետք են եւ պետք են առաջին հերթին երկրի կառավարման ձեւի փոփոխության առումով: Բայց ՀՅԴ-ն ո՞ւմ հետ քննարկի հարցը, երբ մեկի մտքին իշխանությունը պահելն է, մյուսի մտքին` թագավոր դառնալը, երրորդը մտածում է այդ թագավորի մոտ նազիր աշխատել, չորրորդը նոստալգիկ տենդի մեջ է, հինգերորդը` գարաժի կռիվների…




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]