«Ակտիրովկայի» հրամանները դագաղների վրա են կարդում
Օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքում մահացել է դատապարտյալ, 1970 թ. ծնված Սամվել Սիմոնյանը: Նա քաղցկեղ ուներ: «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկները նրա մոտ ախտորոշել են չարորակ ամելոբլաստոմա, որից փրկություն չկար: Մահից ընդամենը մի քանի օր առաջ քիչ էր մնում հիվանդին բախտը ժպտար, եւ կյանքի վերջին մի քանի օրը նա անցկացներ տանը, սակայն դա չկատարվեց «մարդասեր» դատավորների ջանքերով:
Նկատի ունենալով այն փաստը, որ դատապարտյալի հիվանդությունը համապատասխանում էր պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների կառավարության որոշմամբ սահմանված ցանկին, քրեակատարողական վարչությունը նրան պատժի կրումից ազատման էր ներկայացրել, այսպես կոչված՝ «ակտիրովկայի»: ՔԿՎ պետի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ, ինչպես եւ պահանջում է օրենքը, հիվանդ դատապարտյալի գործերը ներկայացվել են միջգերատեսչական բժշկական հանձնաժողով, որի դրական եզրակացությունն ստանալուց հետո ՔԿՀ-ն նրա գործն ուղարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Բայց դատավոր Արշակ Վարդանյանը մերժման որոշում է ընդունել:
Նրա կայացրած ակտը 20.08.14 թ. բողոքարկվել է վերաքննիչ դատարանում: Սակայն դատական երկրորդ ատյանի դատավորներն ավելի գթասիրտ չեն գտնվել եւ նույնպես մերժել են մահացողին: Սամվել Սիմոնյանը 5 օր անց մահացել է: Թե ինչ հիմնավորմամբ են դատավորները հրաժարվել ազատել մահամերձ Սիմոնյանին, ՔԿՀ-ից հստակ չպարզաբանեցին: Ուղղակի հիշեցրին, որ Սամվել Սիմոնյանը կրկնահանցագործ է, երեք անգամ դատապարտված: Երկու անգամ՝ ավազակության համար, երրորդ անգամ՝ շորթման: Ի դեպ, Սամվել Սիմոնյանի վերջին հանցանքն արտասովոր էր եւ ցնցեց մամուլը:
Սիմոնյանը 250 հազար դրամ էր ուզում ստանալ մի կնոջից, նրա լուսանկարները տարածելով «Օդնոկլասնիկի» ցանցով, իր դատապարտյալ ընկերոջ հետ կալանավայրում գտնվելով՝ անպարկեշտ բառեր եւ սպառնալիքներ էր գրում նրա հասցեին: Կինը տաքսիով ուղարկել էր պահանջված գումարը, միաժամանակ հայտնելով ոստիկանություն: Սամվել Սիմոնյանի ճակատագիրը դառը քննարկումներ է առաջացրել կալանավայրերում: Դատապարտյալները խոսում են այն մասին, որ, անկախ արարքից, հիվանդին պատժի կրումից ազատելու հիմքում պետք է լինի մարդասիրությունը, մինչդեռ դատավորները ներքին ցուցում ունեն չազատել հիվանդ դատապարտյալներին պատժի կրումից, քանի որ «վերեւից» զգուշացված են. եթե պատժի կրումից ազատվածը մեկ օրից ավելի ապրի, ապա նրան ազատողները գլխով են պատասխան տալու:
«Ահա ինչու բոլորի ակտիրովկայի հրամանները դագաղի վրա են կարդում, իսկ դատավորները նախընտրում են մարդուն սպանեն, նոր ազատեն պատժից»,- դառը կատակեց նախկին դատապարտյալներից մեկը, ով երկար տարիներ կալանավայրում է անցկացրել: Չճշտված տվյալներով, ներկայում մոտ 46 դատապարտյալ անբուժելի հիվանդություններով է տառապում եւ գտնվում է ծանր վիճակում: ՔԿՎ մամուլի պատասխանատուն անբուժելի հիվանդների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական թիվ չհայտնեց: «Թիվ չեմ կարող ասել, բայց բոլոր նրանց, ում հիվանդությունը ներառվում է կառավարության հաստատած ցուցակում, մենք ներկայացնում ենք հանձնաժողովին»,- ասաց նա, պատասխանելով «Հրապարակի» հարցին:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]
Կարծիքներ