Նալբանդյանը մեկնում է Անկարա, Ալիեվը` ոչ

Նալբանդյանը մեկնում է Անկարա, Ալիեվը` ոչ

Օգոստոսի 28-ին Անկարայում, խորհրդարանի հատուկ նիստում կկայանա նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Որքան ինտրիգներից զուրկ էին Էրդողանի ընտրարշավը եւ ընտրությունը, նույնքան ուշագրավ եւ անսպասելի է նրա երդմնակալության արարողությունը` հրավիրյալների եւ մասնակիցների առումով:
Ինքնին արարողությունը ոչնչով նոր կամ արտասովոր չի լինի: Խորհրդարանի հատուկ նիստում պատգամավորների առջեւ Էրդողանը կստանձնի երկրի նախագահի պաշտոնը, ինչպես նախկինում խորհրդարանի կողմից ընտրվող Թուրքիայի նախագահներն են ստանձնել: Թեեւ Էրդողանն առաջին մարդն է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, որ անձամբ երկիրն առաջնորդելու քվե է ստանում, ոչ թե կուսակցությանը տրված ձայներով է դրան հասնում, այդուհանդերձ, արարողակարգերը նույն արագությամբ փոխվել չեն կարող: Արարողակարգը լինելու է՝ ինչպես սովորաբար:




Փոխարենը ավելի քան անսովոր է այն, թե Թուրքիան ում է հրավիրել եւ ում չի հրավիրել նախագահի երդմնակալության արարողությանը: Չեն հրավիրվել Եգիպտոսը, Իսրայելը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Եգիպտոս եւ Իսրայել ընդհանրապես հրավեր չի ուղարկվել, Սիրիայում հրավերն ուղարկվել է «չափավոր ընդդիմության» առաջնորդներին:
Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցելու է 51 երկրի եւ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ: G7-ի, նույնիսկ g20-ի անդամ ոչ մի երկիր կարծես չի մասնակցելու նախագահի մակարդակով: Ժամանող նախագահների թվում ամենից հնչեղը Ուկրաինայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի նախագահների անուններն են, մնացյալները մեծ մասամբ թյուրքալեզու երկրներից են կամ երրորդ աշխարհից, ընդհանուր թվով՝ 16 հոգի:
Մեկ-երկու երկրներից, այդ թվում` Ադրբեջանից, արարողությանը մասնակցելու է խորհրդարանի խոսնակը: Եվս 10 երկրից, այդ թվում` Ռումինիայից, Վրաստանից, Պակիստանից, Հորդանանից, Անկարա կժամանեն վարչապետները եւ մոտ 20 երկրներից ԱԳ նախարարներ, Գերմանիայից՝ ՆԳ նախարարը:




Տպավորիչ մասնակցություն չես կոչի, բայց առավել ուշագրավը ողջ այդ անցուդարձում Հայաստանին ուղարկված հրավերն է, երբ տասնամյակների դաշնակիցները` Իսրայելը եւ Եգիպտոսը, չեն հրավիրվում, եւ ՀՀ ԱԳ նախարարի մեկնումը, որին թուրքական մամուլն ամբողջ հոդվածներով է անդրադարձել` հատկապես Իլհամ Ալիեւի չմեկնելու ֆոնին, որը թուրքական մամուլում կարծես անտեսվել է:




Դժվար է հավատալ, թե Էրդողանի եւ Սարգսյանի միջեւ փոխանակված բառային հրաձգություններից հետո, թե որ ազգային պատկանելությունն ում համար է վիրավորական, առանց արտաքին միջամտության Սարգսյանը ինքնաբուխ շնորհավորել է Էրդողանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, Էրդողանն էլ մեծ սիրով հրավեր է ուղարկել Հայաստան, արտգործնախարար Նալբանդյանը, որ 2013-ի դեկտեմբերին Երեւան ժամանած Ահմեդ Դավութօղլուի հետ իր հանդիպմանը ընդամենը մեկ տող էր նվիրել տարածած հաղորդագրությունում, այժմ անձամբ է մեկնում Անկարա: Այդտեղ առավել հավանականը Արեւմուտքի միջամտությունն է, որի նպատակը հայ-թուրքական սահմանի բացումն է:
Բայց մեծագույն ինտրիգն այն է, թե ինչու Անկարա չի մեկնում Ալիեւը: Իր այդ դեմարշը նա ինչո՞ւ է կազմակերպել եւ դրանով ինչի՞ է ջանում հասնել: Արդյո՞ք նա կորցրել է հույսը, թե հայ-թուրքական սահմանը կկարողանա փակ պահել: Արդյո՞ք օգոստոսյան ավանտյուրան նպատակին չի ծառայել:




Ի վերջո, օգոստոսին իրադրությունը սահմաններին սրելով՝ Ալիեւը երկու խնդիր էր լուծում: Եթե հաջողվեր ռազմական հաջողության հասնել, ապա ինչ-որ տարածքներ կգրավեր, եթե չէր հաջողվի ռազմական հաջողության հասնել, ապա աշխարհի եւ հատկապես Թուրքիայի համար ու Թուրքիայի առջեւ կարտասվեր, թե գազանաբարո հայերը ադրբեջանցի եղբայրակիցներին սպանում են, իսկ դուք նրանց հետ հարաբերություններ եք բարելավում կամ 1915-ի 100-ամյա տարելիցի ցավակցություններ եք հայտնում: Երեւում է՝ թուրքական ճակատում էլ ինչ-որ բան այնպես չի ստացվել, որ Ալիեւին մնացել է դեմարշը:




Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ




[email protected]