Հայաստանի գիտամշակութային ոլորտի զարմանալի առանձնահատկությունների մասին

Հայաստանի գիտամշակութային ոլորտի  զարմանալի առանձնահատկությունների մասին

Արդյոք Սեւակ Խաչատրյանին (Սաքուլիկ) Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակելը զուտ տվյալ բուհի ռեկտորի մենաշնո՞րհն է եղել: Ուզում եմ հավատալ, բայց մեկ էլ չեմ հավատում: Եթե հավատամ, կնշանակի` կյանքս ապրելով Հայաստանում, Հայաստանը չեմ ճանաչել, բայց երբ չեմ հավատում, դուրս է գալիս, որ կասկածում եմ Արմեն Աշոտյանի նման հարգարժան մարդու խոսքերին եւ կամ տնտեսագիտության թեկնածու Տարոն Մարգարյանի հավաստիացումներին: Բայց ինչ էլ լինի` ներքուստ համոզված եմ, որ Տնտեսագիտական համալսարանի խեղճ ռեկտորն իր բուհի նկատմամբ կատարված այս դիվերսիայի հետ շատ քիչ կապ ունի: Այսպիսի մի հարց` ո՞ր մի ռեկտորը կուզի իր բուհը խայտառակվի: Բնականաբար` ոչ ոք: Խնդիրը, սակայն, ռեկտորի ցանկությունների շրջանակից դուրս է: Մենք ռեկտոր ենք ճանաչում, ում բառիս բուն իմաստով հեռացրին աշխատանքից, որովհետեւ «սխալմամբ» կարծում էր, որ ինքն է բուհի ղեկավարը: Այնպես որ, շատ դժվար է, սարսափելի դժվար է հավատալ Աշոտյանի պնդմանը, թե ինքը պարոն Սեւակ Խաչատրյանին (Սաքուլիկին) տնտեսագիտականի պրոռեկտոր նշանակելու հետ կապ չունի: Նույնը պնդում է նաեւ Երեւանի քաղաքապետ, հիշյալ բուհի շնորհիվ գիտության բարձունքների ձգտող եւ արդեն թեկնածուի շեմը հաղթահարած Տարոն Մարգարյանը: Ինչպես տեսնում եք, մնում է մտածել, որ իրոք խեղճ ռեկտորն է կատարել այդ նշանակումը, բայց, գրողը տանի, սա Հայաստանն է, ու նման բան լինել չի կարող:




Հիմա հասկացա՞ք իմ վիճակի ողջ ծանրությունը: Ուրեմն պատկերացրեք նաեւ, թե ինչ վիճակում է այդ բուհի պոֆեսորադասախոսական ողջ կազմը, որի աչքի առաջ Սեւակ Խաչատրյանին նշանակել են պրոռեկտոր: Այս դեպքում արդեն կապ չունի, թե ով է նշանակել: Իրենց վրա թքել ու նշանակել են: Արի ու մի ասա` լավ են արել, տեղն է իրենց: Հուսամ` մյուս բուհերի պրոֆեսորադասախոսները նույնպես լավ վիճակում չեն ու տնտեսագիտականի ողբերգության վրա չարախնդալու որեւէ պատճառ չունեն: Նույնը կարող էր տեղի ունենալ նաեւ իրենց բուհում, եւ դարձյալ ոչ ոք ծպտուն չէր հանի:
Մտավորականնե՞ր` ասում եք: Իսկ մենք մտավորական ունե՞նք: Գրողը պետք է որ մտավորական լինի, չէ՞: Հիմա մեր Գրողների միության նախագահն ասում է, որ Գյումրու գրողներին 140 հազար դոլար է պետք: Թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ, լռելու համա՞ր: Ինչ է, Գյումրիում քի՞չ այլանդակություններ են եղել, որ նրանցից մեկը ջանին ջափա չի տվել ու մի երկու տող չի գրել այդ մասին: Եթե գրած լինեին, եթե խոսեին իրենց չեմպիոնի վրա զենք քաշելու պատմության մասին, մամուլին այսօր դատարան քարշ չէին տա, թե աղբյուրդ բացահայտիր: Գրող մարդուն ո՞վ կարող էր մեղադրել գրելու համար: Բայց չեն գրում, լռում են, սպասում ենգ «Կրնա էղնի` 140 հազար դոլարը տան…»: Եվ այսպես բոլոր մտավորականները եւ այսպես հատկապես նրանք, որ ոչ միայն լռում են, այլեւ, քանի որ փողի կողքին են, նպաստում են ավելի մեծ այլանդակությունների, ինչի ապացույցը Միկոյանի արձանի հետ կապված պատմությունն էր:




Տեսնես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գիտի՞, որ Սեւակ Խաչատրյանին Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակելը նաեւ իր ոլորտին վերաբերող հարց է: Գիտությունն ու մշակույթը անքակտելի են միմյանցից, տիկին Պողոսյան, մշակույթ ունեցող ազգը չի կարող գիտություն չունենալ կամ` հակառակը: Որքան ինձ հայտնի է, գիտությունն ու մշակույթը մեկտեղված են մեր բազում-բազում երեւելիների կերպարներում` Մաշտոց, Ագաթանգեղոս, Խորենացի, Կորյուն, Բուզանդ, Փարպեցի, Եղիշե… Ձեզ չձանձրացրի՞, տիկին Պողոսյան… Հերացի, Շիրակացի, Գոշ, Այգեկցի, Նարեկացի…
Այսպես որ շարունակենք, անխուսափելիորեն կհասնենք բժիշկ Արմեն Աշոտյանին ու տնտեսագետ Տարոն Մարգարյանին: Իսկ ո՞վ է ասել, որ Արմեն Աշոտյանն ու Տարոն Մարգարյանը հայկական մշակույթի մաս չեն կազմում…



Սեւակ Խաչատրյանի հարցն էլ այնքանով է մշակութային, որ մեր մշակույթը մեզ թույլ է տալիս հաշտվել նրան բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտոր, այսինքն՝ համարյա ռեկտոր նշանակելու փաստի հետ: Եվ հիմա, երբ մեր որոշ մտավորականներ մամուլին հանդիմանում են, թե ջուրը ջաղացը տարել` դուք չախչախն եք ման գալիս, առնվազն, պատկերացում չունեն մեր այսօրվա քայլող մշակույթի մասին: Հարգելիներս, մեր մշակույթն աստիճանաբար սկսում է տեղավորվել պարոն Սեւակ Խաչատրյանի եւ մյուս «Սաքուլիկների» կերպարներում:




Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, էլի ուրիշներ հորդորում են մեզ` մարդը ներողություն է խնդրել, անցած-գնացած բան է, մի հետապնդեք, հո չե՞նք կախելու: Ճիշտ է: Եթե չենք պատժել մարդուն, ավելին, պաշտոն ենք տվել, էլ ինչո՞ւ ենք հետապնդում: Առաջարկում եմ շնորհավորել պարոն Սեւակ Խաչատրյանին այդ բարձր պաշտոնն ստանձնելու համար եւ հույս հայտնել, որ նա կարդարացնի իր հանդեպ ՀՀ իշխանությունների, գիտության եւ մշակույթի գործիչների վստահությունը:
Մի հարց միայն չքննարկեցինք: Տեսնես մեր բազմազբաղ Հովիկ Աբրահամյանը, ով այս շոգին օլիգարխներին ստվերից հանելու հայրենանվեր գործով է ընկած, բացարձակապես կապ չունի՞ այս աղմուկի հետ: Գուցե սա նրա կադրային քաղաքականության մի մա՞սն է կազմում,… Ո՞վ իմանա:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
edik.andreasyan
@hraparak.am