Առանց դատարանի որոշման առգրավվել են ձայնասկավառակները

Առանց դատարանի որոշման առգրավվել են ձայնասկավառակները

Ձայնասկավառակների մանրածախ վաճառք իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից քրեական հետապնդումներ են իրականացվում, ինչի արդյունքում կրպակատերերից տարբեր քանակության սկավառակներ են առգրավվել. այդ մասին երեկ հայտնեցին փաստաբան Տիգրան Մուրադյանը եւ լրագրողների հետ հանդիպման եկած մի քանի անհատ ձեռներեցներ։ Խնդիրը հետեւյալն է. բացի այն, որ այսօր համացանցում ամեն ինչ հասանելի է ու անվճար, ինչը մեխանիկորեն վնասում է տեսաձայնասկավառակների բիզնեսին, դրան վնասում է նաեւ դաշտում մոնոպոլ դիրք գրավելու հավակնություն ունեցող «Ադամս» ընկերությունը, որը ոստիկանության բաժանմունք հաղորդագրություն է ներկայացրել, որ մանրածախ վաճառք իրականացնող կրպակատերերն ապօրինի վաճառում են իր սկավառակները, ինչից հետո ոստիկանները եկել են վաճառակետեր եւ սկավառակների մի մասը վերցրել ու տարել։ Ներկա գտնված կրպակատերերից մեկը նշեց, որ իրենից առգրավվել է 139 սկավառակ, մյուսից՝ 886, մեկ ուրիշից էլ՝ 156։



 



Ըստ փաստաբանի, ամբողջ խնդիրն այն է, որ ընթացակարգը չի պահպանվել ոստիկանների կողմից, եւ առանց դատարանի որոշման եկել առգրավել են. «Երբ ոստիկանության աշխատակիցը գալիս է եւ կրպակից վերցնում է սկավառակը, նա պետք է համոզված լինի, որ դա բողոք ներկայացնող «Ադամս» ընկերությանն է, հակառակ պարագայում կստացվի, որ կգա, կրպակի բոլոր սկավառակները կվերցնի, իսկ տվյալ անձի գործունեությունը փաստացի կդադարի, եւ միայն 5-6 ամիս հետո քննությամբ կպարզվի՝ դա «Ադամս»-ինն էր, թե ոչ, բայց այդ ընթացքում այդ մարդու գործունեությունը կանգնեց»։ Փաստաբանը նշեց, որ դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի հանձնարարի միջոցներ ձեռնարկել եւ պարզել, թե քանի սկավառակ է տարվել «Ադամս» ընկերության ներկայացուցչի ցուցումով, որոնք «Ադամս» ընկերությանը չեն պատկանել։




Հանդիպմանը ներկա կրպակատերերը պատմեցին, որ այս լարվածությունը ձայնասկավառակների բիզնեսում արդեն 10-12 տարի է, իսկ 4 ամիսը մեկ ոստիկանությունից գալիս խուզարկում են իրենց խանութները, տները, ստիպում գրել «անհիմն բաներ», ասում են՝ խախտել եք օրենքը, բայց իրենք վաճառքի համար ունեն բոլոր հեղինակային իրավունքները, պայմանագրերը, սկավառակների վրա էլ առկա են օրենքով սահմանված դրոշմանիշները։ Փաստաբանն ու ներկա կրպակատերերը դժվարանում էին ասել, թե ով է կանգնած «Ադամս» ընկերության թիկունքին, բայց առանց ոստիկանության հովանավորության դժվար կլիներ նման կամայական քայլեր իրականացնելը։ Ձայնասկավառակի առքուվաճառքով զբաղվող կրպակատերերը միակարծիք էին մի հարցում. «Ադամս» ընկերությունն այդկերպ ուզում է դաշտից դուրս մղել մյուս ընկերություններին եւ ստիպել մանրածախ վաճառքով զբաղվող անհատներին իրենից ձեռք բերել սկավառակները, ինչը, սակայն, ձեռնտու չէ փոքր կրպակատերերին, քանի որ ընկերությունը դրանք վաճառում է թանկ գնով։




Սոնա ԱԴԱՄՅԱՆ
sona.adamyan@
hraparak.am