Նախկին մարզպետի խնամու կազմակերպությունը հանեցին խաղից
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հեռանալուց հետո նրա խնամուն՝ Արծրունի Ղալումյանին պատկանող «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխին ամպեր կուտակվեցին: Ընկերությունն այս վերջին տարիներին մի շարք տենդերների հաղթող էր դարձել, ու գործերը վատ չէին գնում: Բայց կառավարության վերջին նիստի ժամանակ ճանշինի մասին սկսեցին խոսել բացասական իմաստով. վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի փոխնախարարի փոխանցմամբ, դեղին քարտ ցույց տվեց այս կազմակերպությանը:
Օգոստոսի 21-ին տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «Իջեւան ՃՇՇ» ընկերությունը խախտել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի շինարարության սահմանված ժամկետը, եւ որ պետք է լուծարել այդ ընկերության հետ պայմանագիրը: Ապա ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որով թույլատրվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին նոր պայմանագիր կնքել, գնումների գործընթացը կազմակերպելով, ընդ որում, պետբյուջեում վերաբաշխում կատարել՝ 55 մլն-ով ավելացնելով նշված հատվածի շինարարության համար հատկացված գումարը: Պետբյուջեի ծախսերի ավելացման պաշտոնական բացատրությունը պայթեցումների իրականացման ժամանակ չնախատեսված բարդությունների ի հայտ գալն է՝ պայմանավորված «գրունտի տարբեր կատեգորիաներով»:
Համենայնդեպս, այդպես ներկայացրեց տրանսպորտի փոխնախարար Առաքելյանը: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացրեց, որը փոխնախարարը խոստացավ քննարկել: Բայցեւայնպես, անհասկանալի մնաց, թե ինչպես է պատահել, որ մրցույթի ժամանակ հաղթող է ճանաչվել թերի նախագիծ, որը, փաստորեն, պահանջվող արժեքից ցածր ծախս էր պահանջում: Այն դեպքում, երբ 3,4 կմ երկարությամբ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի: Այն կառուցվում է որպես այլընտրանք գործող մայրուղուն, որն ընդամենը 300 մետրի վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, եւ ընթացող ավտոշարասյուները հաճախ գնդակոծվում են: Անցյալ տարվա հոկտեմբերին այնպիսի գնդակոծություն էր եղել, որ ճանապարհը փակվել էր:
Զինծառայողներ էին վիրավորվել, մեկն էլ զոհվել էր: Հենց այն ժամանակ էլ որոշվեց կառուցել նոր ճանապարհը: Հետաքրքիր է, որ շինարարական աշխատանքները, ինչպես վստահեցնում է «Իջեւան» ճանշինի տնօրեն Բորիս Սարգսյանը, սկսվեցին նոյեմբերին, իսկ գումարը՝ մոտ 520 մլն դրամ, հատկացվեց միայն փետրվարին: Այն ժամանակ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստի ժամանակ մեծ-մեծ խոստումներ տվեց՝ ասելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի մինչեւ ամառ: Նաեւ զգուշացրեց, որ ցրտի հետ կապված՝ փորման աշխատանքները բարդացել են, «որովհետեւ սարի միջով են անցնում»: Փաստորեն, նախարարի խոստումը չիրականացավ, որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տար: Մեր տեղեկություններով, «Իջեւան ՃՇՇ»-ին ուղղակի պատժել են՝ պատվերը ձեռքից վերցնելով: Ավելին, ընկերության ներկայացուցիչները նեղ շրջապատում հայտարարում են, որ պետությունն իրենց «քցել է», ինչ-որ գումարներ է պարտք մնացել: Տնօրեն Բորիս Սարգսյանը, սակայն, հարթեց բոլոր սուր անկյունները: Նա ասաց, որ 200 մլն դրամի աշխատանքներ են կատարել, սակայն ամբողջ գումարն ստացել են: «Հողային աշխատանքներ ենք արել, պայթեցումներ ենք արել, հենապատ ենք շարել: Ինչ աշխատանք կատարել ենք, մեր գումարը տվել են»,- ասաց նա՝ վստահեցնելով, սակայն, որ իրենց ոչ թե պատժել են, ինչպես կարող էր տպավորվել կառավարության նիստից, այլ իրենք են հրաժարվել պայմանագրից: «Մեզ առաջարկել են, որ աշխատանքներն ավարտենք սեպտեմբերի 30-ին, բայց մենք հրաժարվել ենք: Իսկ եթե հրաժարվում ենք, դադարեցվում է պայմանագիրը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գումարներն իրոք բավարար չեն եղել, եւ իրենք «չեն տեղավորվել գումարների մեջ»: Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ մեր օրերում որեւէ ընկերություն կարող է ժամկետի պատճառով հրաժարվել պատվերից: Ամենայն հավանականությամբ, ճանշինին պարզապես ստիպել են հրաժարվել, սակայն ապագա պատվերների հույսով եւ չցանկանալով վերեւներում թշնամիներ ձեռք բերել, ընկերությունը լռում է: Մյուս կողմից հարց է ծագում. եթե կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է շտկել տրանսպորտի նախարարության թերի աշխատանքը, 55 մլն դրամով ավելացնել ռազմավարական ճանապարհի շինարարության համար հատկացումը, հանձնման ժամկետն էլ հետաձգել, ինչն անխուսափելի էր, քանի որ նոր տենդերը ժամանակ է պահանջելու, ապա էլ ինչո՞վ ձեռք չէր տալիս «Իջեւան ՃՇՇ»-ն: Հարցի պատասխանը կիմանանք շուտով, երբ կպարզվի մրցույթի նոր հաղթողը եւ հատկապես նրա կապերը կառավարական մարմիններում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]
Կարծիքներ