Կամ գրում ենք պատմություն, կամ դառնում ենք պատմություն

Կամ գրում ենք պատմություն, կամ դառնում ենք պատմություն

Սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` գրեթե թեւավոր խոսք դարձած ասույթն է, որ ասել էր տարիներ առաջ` անշուշտ, խոսելով իր մասին: Այն ժամանակ Էրդողանը նաեւ ասում էր, որ ինքն անվերջ երկիրը չի առաջնորդելու, առավելագույնը՝ 2016-ին կհեռանա Թուրքիայի վարչապետի պաշտոնից եւ այլեւս որեւէ պաշտոն չի զբաղեցնի, կստեղծի իր անվան հիմնադրամ, կշրջագայի երկրում, կօգնի մարդկանց, ինչպես վայել է ժառանգություն ստեղծած պետական կամ քաղաքական գործչին:




Բայց արի ու տես, որ 2016-ին չհասած Էրդողանը փոխեց մտադրությունը: Արդյո՞ք այդտեղ որոշիչ դեր կատարեց անցյալ տարի սանձազերծված ամենաիսկական պատերազմն Էրդողանի եւ իր ղեկավարած AK («Արդարություն եւ զարգացում») կուսակցության հոգեւոր հայր ու հովանավոր Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ: Ամեն դեպքում, այժմ Էրդողանի մտասեւեռումը «զուգահեռ պետության» դեմ պայքարն է, որի տրամաբանությամբ էլ կառուցված էր նախագահական պաշտոնամուտի խոսքը, որ Էրդողանը կարդաց երդմնակալության նախօրեին` AK-ի արտահերթ համագումարում: Բայց նախ այն, թե ինչ պատմություններ եղան երեկ` երդմնակալության արարողությանը:
Երեկ խորդարանում Էրդողանի երդմնակալությանը ծափահարել են միայն իր AK կուսակցության անդամները, նույնիսկ AK-ում իր կողմնակիցները: Հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի առաջնորդը` Քեմալ Քիլիչդարօղլուն, դեռ օրեր առաջ էր հայտարարել, որ ինքը բոյկոտելու է Էրդողանի երդմնակալությունը, քանի որ նա երդվելու է Սահմանադրության վրա, որը բացահայտորեն ոտնահարում է: Էրդողանն էլ լեզվի տակ չէր մնացել. «Հիմա ի՞նչ, Քիլիչդարօղլուն չի՞ մասնակցելու իմ երդմնակալությանը, հեչ էլ մասնակցի: Ես դրանից ոչինչ չեմ կորցնի, բայց ինքը շատ բան կկորցնի»: Այդպես հարաբերությունները սրելու արդյունքը եղավ այն, որ երեկ, խորհրդարանում երդմնակալության հատուկ նիստը բացելուց հետո, CHP-ի պատգամավորներից մեկն ակնհայտորեն միտումնավոր ձայն է խնդրում եւ պահանջում վարման ինչ-որ կարգ դնել քննարկման: Խորհրդարանի խոսնակը մերժում է, CHP-ի պատգամավորն էլ նրա վրա է շպրտում կանոնակարգի գրքույկը եւ դուրս գալիս դահլիճից, CHP-ի ամբողջ պատգամավորական ֆրակցիան էլ հետեւում է նրան: Ազգայնական եւ քրդական կուսակցությունների պատգամավորները մնում են դահլիճում, բայց նրանք էլ իրենց ընդվզումն արտահայտում են Էրդողանին ծափահարելուց հրաժարվելով:




Այդուհանդերձ, բնական է, որ լարված մթնոլորտում է անցել Թայիբ Էրդողանի նախագահական երդմնակալությունը, որովհետեւ երկրի ներսում էլ այդպիսին է մթնոլորտը: AK-ի արտահերթ համագումարում Էրդողանն ում վրա ասես չհարձակվեց` վիրավորանքներով ու սպառնալիքներով: Գյուլենի գործակալներին, որոնք իրավապահ համակարգում են, կոչելով «հաշաշիներ», ասաց, որ նրանց արմատախիլ է անելու Թուրքիայից (հաշաշիները գաղտնի ծառայություն են եղել սելջուկների կայսրությունում, որ ներքին հանձնարարություններ են կատարել, առեւանգումներ, սպանություններ), Գյուլենի համախոհներին, որոնք խորհրդարանում են, ասաց, որ մոռացության են մատնվելու եւ պատմության աղբանոցն են նետվելու: Անձամբ Գյուլենին դիմելով՝ հետաքրքրվեց, թե նա՞ ինչու է նստել Փենսիլվանիայում եւ չի տեղափոխվում Թուրքիա, եթե այդքան սիրում է իր հայրենիքը: CHP-ին ասաց, որ եթե իրենք չբարեփոխվեն եւ նոր իրականությանը չդառնան համարժեք, ապագա չունեն, ազգայնականներին եւ քրդերին էլ գուժեց, որ իրենք ամեն դեպքում ապագա չունեն, քանի որ զբաղված են քրդական խնդրի շուրջ սպեկուլյացիաներով, ինքը լուծելու է քրդական խնդիրը եւ սպեկուլյանտներին զրկելու է հացից: Ահա այդպես:




Միով բանիվ, ըստ նախագահ Էրդողանի, մինչեւ 2024թ. Թուրքիայի քաղաքական կյանքում ոչ ոք առանձնապես անելիք չունի, իրենից բացի: Ահմեդ Դավութօղլուն էլ վարչապետ է նշանակվում այն արժանիքի համար, որ «ամուր կանգնած է «զուգահեռ պետության» դեմ պայքարի դիրքերում»: Այնուհանդերձ, ողջ այդ էմոցիոնալությամբ եւ նարցիսիզմով հանդերձ, հնարավոր չէ Էրդողանին արժանին չմատուցել. նա կարողացել է ապամոնտաժել այն հիմքը, ինչի վրա մի քանի հարյուր տարի կանգնած էր Օսմանյան կայսրությունը, հետագայում՝ Թուրքիայի Հանրապետությունը: Էրդողանը կարողացավ ընդամենը տասը տարում վերջ դնել զինվորականության արտոնյալ դիրքին հասարակության մեջ եւ քաղաքականությունում: Դա իրոք գործ է՝ համազոր պատմություն գրելուն:




Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
[email protected]