Ինքնասիրահարվածությունը որպես ուղիղ ճանապարհ

Ինքնասիրահարվածությունը որպես ուղիղ ճանապարհ

Այն, որ երկրի վիճակը լավ չէ և ոչ մի ասպարեզում, գիտեն բոլորը, այդ թվում և ՀՀԿ-ն և ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի պատիվ ՀՀԿ-ի՝ պետք է ասել, որ իշխող կուսակցությունը չի թաքցնում դա և ամեն առիթով խստովանում է, որ այո, կան խնդիրներ:



Բայց այդ խոստովանություններին զուգահեռ ՀՀԿ-ն չի ընդունում մի բան՝ այդ խնդիրները ծագել և ծագում են հենց իր վարած քաղաքականության արդնունքում: Այդ մարդիկ համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, և նրանց հակառակը համոզելն ուղղակի անհնար է: Այո, ընդունում են, որ խնդիրներ կան, բայց միևնույն է, իրենք ճիշտ են, և իրենցից ավելի ճիշտ ոչ ոք չի կարող լինել: Ոչնչով չարդարացված ինքնավստահություն: Թեկուզ Չերչիլը հարցազրույց տա՝ նրանց հետաքրքիր չէ, որովհետև էն գլխից գիտեն՝ Չերչիլը սխալ է, իսկ իրենք ամենաճիշտը:



Այսօր Շարմազանովը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին շատ ինքնավստահ ասել է. «Հերթական հարցազրույցն է, մեկնաբանելու կարիք կամ անհրաժեշտություն չկա: Առաջին անգամը չէ, որ նա հանդես է գալիս հարցազրույցով, և նման շեշտադրումները նորություն չեն»: Խոսնակի մեծամտությունն այսքան սպանող չէր լինի, եթե նա ՀՀԿ խոսնակը չլիներ, եթե նա չլիներ այն կուսակցության ներկայացուցիչը, որի մեղքով Հայաստանը օրեցօր գլորվում է հետ և մոտ է այն կարմիր գիծին, որից այնկողմ անդունդն է սկսվում:



Կարո՞ղ է արդյոք Շարմազանովը պատասխանել մի շատ հասարակ հարցի՝ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ամեն անգամ անդրադառնում նույն հարցերին ու խնդիրներին:



Նույն ամբարտավանությամբ պարոն Շարմազանովը արտահայտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների ու հարցազրույցների մասին՝ Առաջին նախագահը նույն բաներն է ասել, ի՞նչ կարիք կա անդրադառնալու կամ մեկնաբանելու:



Կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ են նախագահները միշտ նույն բաները ասում: Գուցե նրանք չե՞ն զգում, որ կրկնվում են:



Շատ դեպքերում, այո, նրանք կրկնում են իրենց ասածները: Բայց դրա պատճառը, պարոն Շարմազանով, ոչ թե այն է, որ նրանք մոռացկոտ են, այլ այն, որ ՀՀԿ-ն տեղից չի շարժվում, մատը մատին չի տալիս երկրում մի բան փոխելու, մի բան առաջ տանելու համար: ՀՀԿ-ն ընդունում է, որ վատ է, բայց չի ընդունում, երբ այդ մասին ուրիշն է ասում: ՀՀԿ-ին թվում է, թե բոլորից լավ ինքն է խոսում եղած խնդիրների մասին:



Ու պետք է դեռ հասկանալ, թե դա ինչ վարքագիծ է: Կարծում ենք՝ դժվար կլինի այդ վարքի մեկ այլ բնութագրիչ գտնել, «ինքնասիրահարված պինգվին» արտահայտությունից բացի: