Սերժ Սարգսյան-Նուրսուլթան Նազարբաև հակամարտույթունը դուրս է ՄՄ շրջանակներից

Սերժ Սարգսյան-Նուրսուլթան  Նազարբաև հակամարտույթունը դուրս է ՄՄ շրջանակներից

Այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության Սերժ Սարգսյանի նշած ժամկետը չի անցնում, եւ անցնում է Նուրսուլթան Նազարբաեւի սահմանած ժամկետը, արդեն իսկ երկու պետությունների ղեկավարների միջեւ հակամարտության պատճառ կարող է հանդիսանալ: Բայց արտաքին հարաբերության ոլորտն այն ոլորտը չէ, որտեղ պետք է իրարից նեղանալ փուչ բաների պատճառով: Այստեղ կարեւորը ըմբռնումով մոտենալն է` լավ, ախպեր, որ ասում ես հոկտեմբերի 10-ին, ուրեմն` հոկտեմբերի 10-ին: Տեսնենք…



Մեր կարծիքով` Սերժ Սարգսյանն անգիր գիտի, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ոչինչ էլ չի լինելու, իսկ եթե այդ օրը Մինսկում Հայաստանը մի թուղթ էլ ստորագրելու է, ապա լավագույն դեպքում դա լինելու է սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարության գրավոր վավերացումը եւ ոչ թե ՄՄ-ի կամ ԵՏՄ-ի անդամակցության փաստաթուղթ: Բայց եթե մենք սխալվում ենք, եւ ՀՀ-ն հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարելիցի օրը, Մինսկում ստորագրելու է մի փաստաթուղթ, որտեղ, Աստված չանի, սեւով սպիտակի վրա ամրագրված է Հայաստանի` առանց Ղարաբաղի ԵՏՄ-ին անդամակցելու դրույթը, ապա, ներողություն արտահայտությանս համար, «դավայ դասվիդանիյա», հարգելի Սերժ Ազատովիչ: Միջազգային բեմի վրա կարելի է հարգել Նազարբաեւին, լռել նույնիսկ, երբ նա Ալիեւից ցիտատներ է բերում, բայց ստորագրել Նազարբաեւի դեմ տված թուղթը, ստորագրել նրա սահմանած օրը, ոչ թե Նազարբաեւի նկատմամբ հարգանքի, այլ միանգամայն ուրիշ բանի մասին կարող է վկայել:



Եվ ուրեմն` հոկտեմբերի 10-ին չենք գնում եւ չենք ստորագրում մեր միասնական երկրի կապիտուլյացիայի տակ: Մի անգամ արեցինք Ցյուրիխում, Մինսկում նույն ախմախությունը չենք կրկնելու:



Կարող է հարց առաջանալ` իսկ տարբերակ կա՞ հրաժարվելու: Սերժ Սարգսյանի միանշանակ պատասխանն եմ ձեզ փոխանցում` իհարկե կա: Անկախ երկրի նախագահն ուրիշ պատասխան չէր էլ կարող տալ: Դե ուրեմն՝ ի գործ, պարոն նախագահ, Նազարբաեւի եւ Ալիեւի ասածով չի լինելու: Թող մի քիչ էլ իրենց համար տհաճ լինի:



Խոսքը բացահայտ դեմարշի մասին չէ: Դեմարշը պետք էր անել Աստանայում: Դե հիմա չենք արել: Մենք այսօր ՄՄ հիմնադիր անդամ երկրներին մեր դժգոհությունը փոխանցելու, մեր արգումենտները ներկայացնելու եւ, դրանց համապատասխան, մեր որոշումը պատճառաբանելու ու հիմնավորելու հարցը պետք է լուծենք:



Ինչպե՞ս… Չգիտեմ: Ինձ հայտնի է միայն, որ Հայաստանը չի կարող առանց Ղարաբաղի մտնել ԵՏՄ: Ինձ համար ընդունելի մյուս տարբերակն էլ` Հայաստանը Ղարաբաղի հետ չի մտնում ԵՏՄ, եւ հարցն այդքանով փակվում է մինչեւ նոր ժամանակներ: Կարծում եմ` ռուսներն էլ հասկանում են, որ դա ընդունելի տարբերակ է, մանավանդ որ շատ էլ չի գրգռի Բաքվի իրենց գործընկերոջը, ում նամակն ընթերցվեց Աստանայում:



Ինչ վերաբերում է Բաքվի դիրքորոշմանն այս հարցում, որից անհանգստանում են նաեւ Հայաստանում, թե Ադրբեջանը որպես ԵՏՄ մտնելու գին Ռուսաստանից կպահանջի Ղարաբաղը, իրատեսական չէ: Բանն այն է, որ Ադրբեջանը ոչ այնքան Ղարաբաղի համար է պայքարում, որքան ԵՏՄ չմտնելու եւ ԵՏՄ-ի չկայացման: Այդ երկիրն իրականում խոչընդոտում է Հայաստանի մուտքը ԵՏՄ՝ իր շահերից ելնելով: Ի տարբերություն մեզ` այնտեղ հասկանում են, որ եթե Հայաստանը (Ղարաբաղով հանդերձ) հայտնվի էլ ԵՏՄ-ում, միեւնույն է, իրենք չեն կարող անդամակցել այդ կառույցին` արեւմտյան ողջ կապիտալով հանդերձ: Դա նույնն է, թե խաչ քաշես 25 տարվա զարգացումների, տնտեսության մեջ հսկայական ներդրումների վրա եւ Ադրբեջանը հետ տանես մինչեւ ԽՍՀՄ փլուզման օրերը, ինչը նույնիսկ աներեւակայելի է:



Հարց կարող է առաջանալ` իսկ ինչո՞ւ է Նազարբաեւը հոկտեմբերի 10-ին մեզ կանչում Մինսկ: Անշուշտ, հետաքրքիր հարց է: Այն կարող է մի քանի պատասխան ունենալ, բայց մենք չենք կարծում, որ ՄՄ հիմնադիր անդամներին հաջողվել է գտնել այնպիսի լուծումներ, որոնք, մի կողմից, ընդունելի են Հայաստանի համար, իսկ մյուս կողմից` չեն զայրացնի Ալիեւին: Այդպիսի լուծում չկա պարզապես: Այդ իսկ պատճառով շատ ավելի հավանական է թվում այն, որ Մինսկում հերթական փորձն է արվելու՝ ցույց տալ աշխարհին, որ Եվրասիական տնտեսական միությունն ապագա ունեցող կառույց է, որին, ահա, նորանոր անդամներ են ձգտում միանալ: Այսինքն` քարոզչական մի ձեռնարկ է դա, շատ նման Վիլնյուսում Արեւելյան գործընկերության երկրների հավաքին, որից այդ հավաքի մասնակիցներին (բացառությամբ մեկ-երկուսի) մնացին միայն մի քանի խմբակային լուսանկարներ:



Ավարտելով` երկու խոսք ասենք վերնագրի մասին: Սարգսյանն ու Նազարբաեւը, հասկանալի է, ՄՄ շրջանակներում ավելի շուտ գործընկերներ են, քան հակամարտող կողմեր: Հետեւաբար, նրանց միջեւ առկա ակնհայտ հակամարտությունը ոչ այնքան ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի անպատրաստ վիճակով է պայմանավորված, որքան Նազարբաեւի մտավախությամբ, որ Հայաստանի` Ղարաբաղի հետ միասին անդամակցությունը ԵՏՄ-ին կվնասի թուրքալեզու պետությունների համաժողովում իր զբաղեցրած աքսակալական դիրքին: Եվ չի բացառվում, որ այդ երկրներն ավելի շատ իրեն, քան Ալիեւին մեղադրեն այդպիսի բան թույլ տալու մեջ: Սա եւս մի փաստարկ է հօգուտ այն տեսակետի, որ Մինսկում Հայաստանը ոչ մի թուրքամետ քայլ չի անի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



[email protected]