Քոչարյանը մեղքի բարդույթ ունի հայ ժողովրդի առաջ

Քոչարյանը մեղքի բարդույթ ունի հայ ժողովրդի առաջ

Ռոբերտ Քոչարյանը միշտ խուսափել է ՀՀ քաղաքացիների հարցերից: Խուսափել է եւ վախեցել, եւ այդ վախից է ծնվել ու հետագայում տարածվել միմիայն պալատական լրագրողներին ընդունելու, նրանց շուրթերով ինքն իրեն հարցեր տալու նախագահական ավանդույթը: Այն հիմա էլ շարունակվում է:



Երեկ համայնքային մամուլից, ռուսական «Նոյյան տապանից» ագռավի, թե ղուշի թեւով Հայաստանի լրատվական դաշտ նետվեց իր ժողովրդի վրա կրակող նախագահի մի ինքնազրույց: Այլ կերպ սա չես անվանի, քանի որ հարց ձեւակերպելուց առաջ լրագրողը մի երկու լավ-լավ բաներ է ասում Քոչարյանի ժամանակահատվածի մասին, երբ «գրանցվում էր տնտեսական ցուցանիշների ամենամյա աճ, ընդ որում` էական»: Հարցազրույցի ամենապահանջված հատվածը վերաբերում էր Ռոբերտ Սեդրակիչի՝ քաղաքականություն վերադառնալուն. «Չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից», ինչը հանրությունն ընկալեց որպես վերադառնալու մտադրություն: Ոչ մի հարց Մարտի 1-ի, կեղծվող վիճակագրության, շինարարության մեջ դրվող ահռելի գումարների, որոնք շրջանառու միջոցներ դառնալու փոխարեն, փաստորեն, մեռյալ կապիտալ դարձան, Երեւանն այլանդակելու, Հոկտեմբերի 27-ի եւ այլ անցքերի մասին, որոնց առնչվել է Ռոբերտ Սեդրակիչը, եւ որոնց վերաբերյալ նրա վերլուծություններն այսօրվա իրողությունների տեսանկյունից շատ հետաքրքիր կլինեին: Դրա փոխարեն երկրորդ նախագահը նոստալգիկ «համեստությամբ» է հիշում իր իշխանության տարիները: «Տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն»,- ասում է նա, եւ այս հիպնոսի տակ քիչ է մնում մոռանանք, թե ինչ սարսափելի չափերի հասավ հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը նրա իշխանության տարիներին, ինչպես հարստացավ Քոչարյանների ընտանիքը, ոնց Հայաստանի տնտեսությունը սահուն կերպով մտավ մի քանի օլիգարխների գրպանը, իսկ մեր լավագույն ձեռնարկությունները, ռազմավարական նշանակության օբյեկտները՝ օդանավակայանը, էլեկտրական ցանցերը, «Նաիրիտը», «Սեւան-Հրազդան» կասկադը, երկաթգիծը, փոստը, բաժանվեցին օտարերկրյա թալանչիներին: Մութ տնտեսական գործարքների տարիները՝ 1998-2008 թթ., Քոչարյանը ներկայացնում է որպես հրաշալի տասնամյակ, տնտեսագետների կողմից բազմիցս վիճարկված ինչ-որ թվեր է բերում՝ մոռանալով, որ ժողովրդի գիտակցության մեջ այդ տասնամյակը տպավորվել է մեծահարուստների բեսպրեդելով, քաղաքական դաշտի ամայացմամբ, չբացահայտված հանցագործություններով: Հենրիկ Խաչատրյան, Արամ Կարապետյան, Վահրամ Խոռխոռունի, Արծրուն Մարգարյան, Գագիկ Պողոսյան, Պողոս Պողոսյան, Տիգրան Նաղդալյան, 27 հոկտեմբեր, մարտի 1՝ զոհերի ցանկը մեծ է, եւ պատմության մեջ այս տասնամյակը կմնա արյան, ոչ թե հրաշքների առատությամբ: Իհարկե, Հայաստանի երկրորդ նախագահը պետք է խոսի երկրի ծանր տնտեսական եւ քաղաքական վիճակի, դրանից ելքերի, այսօրվա աշխարհաքաղաքական հրամայականների մասին, բայց նախ պետք է նվաճի այս ամենի մասին խոսելու իրավունքը: Հետեւապես, նախ պետք է համարձակություն ունենա բացատրություններ տալու, ապաշխարելու, եթե պետք է՝ իր մեղքն ընդունելու, չվախենալու Հայաստանի քաղաքացու հարցերից: Իր ներքին վախը, մեղքը, բարդույթը Հայաստանի ներողամիտ ժողովրդի առաջ հաղթահարելուց հետո, եւ կախված այդ հանգամանքից՝ նոր թող որոշի քաղաքական պայքարին իր մասնակցել-չմասնակցելու հարցը: Որովհետեւ գլխավոր հանգամանքը «հրացանով սարերում ման գալ սիրող» մարդու համար ժողովրդի սերը նվաճելն է: Չէ՞ որ նա կրակել է մեզ վրա:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ



[email protected]