Առանց պետական աջակցության թատրոն չի կառուցվում

Առանց պետական աջակցության թատրոն չի կառուցվում

Սոս Սարգսյանի երազանքը՝ տեսնել Համազգային թատրոնի շենքը կառուցված, շարունակում է մնալ անկատար։ Դեռ վարպետի կենդանության օրոք ներկայացված 9 նախագծերից ընտրվեց ճարտարապետ Լեւոն Ղալումյանի նախագծած շենքը, որը հետաքրքիր լուծումներով Մաշտոցի գլխավոր պողոտան կապում է Սարյան փողոցի հետ։ Թատրոնի նախագիծն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 5 մլն դոլար, այն կառուցելու համար դեռ մայիս ամսին թատրոնը դրամահավաք կազմակերպեց, որն այս ընթացքում դեռ շարունակվում է եւ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ շենքը կանգուն լինի. «Առհասարակ, ունենք լավ բարեկամներ, ընկերներ, որոնք որոշակի ներդրումներ արել են, թվերը եւ նվիրատուների անունները պարբերաբար կհրապարակենք, սեպտեմբերից ավելի ակտիվ գործունեություն կունենա հիմնադրամը։ Կարծում եմ՝ սա փուլային դրամահավաք է լինելու, առաջին փուլը նախագծի ճարտարապետական խմբի գումարն ապահովելու խնդիրն է, 2-րդ փուլն սկսելու գումարն արդեն ունենք, որն իրենից ներկայացնում է հողային աշխատանքներ, եթե կարողացանք դա հաջողել առաջիկա 3 ամիսների ընթացքում, մեծ հաղթանակ կհամարեմ, դա կնշանակի, որ մենք եթե ոչ տարեվերջին, ապա մյուս տարվա սկզբին կարող ենք սկսել աշխատանքները»։



Տնօրենի խոսքերով, առայժմ ամեն ինչ անում են իրենց ջանքերով, ինչը նորմալ է, բայց կարծում է՝ 3-րդ փուլից պետական լուրջ աջակցություն կունենան։ Հետաքրքրվեցինք, թե նվիրատվություն անողների ցուցակում ովքեր կան, տնօրենը պատասխանեց, որ հայտնի մարդիկ չկան, դրանցից մեկը Սերյոժա Սուքիասյանն է, Համազգային թատրոնի բարեկամներից, ով պատրաստակամություն է հայտնել 2-րդ փուլի ամբողջ հողային աշխատանքներն անելու. «1 մլն դրամ է խոստացել նվիրաբերել Խաչիկ Թիթիզյանը, մնացածն ավելի փոքր կարգի ներդրումներ են»։



Համազգայինի շենքն իրականություն դարձնելու նպատակով լինելու են նաեւ բարեգործական ներկայացումներ, երբ ներկայացման տոմսերի գումարը կփոխանցվի հիմնադրամին շենքի կառուցման համար։ Այն դիտարկմանը, թե որն է խնդիրը, երբ նախագահից սկսած բոլորն ուզում են, որ Համազգային թատրոնը շենք ունենա, բայց ոչ մի կերպ չի ունենում, Վարդան Մկրտչյանն ասում է, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, բայց լիահույս է, որ պետական աջակցություն կստանան, որովհետեւ առանց պետական աջակցության պետական թատրոն կառուցվել չի կարող՝ աշխարհի որ ծայրում էլ դա լինի։ «Նույնիսկ ոչ պետական կառույցներն առանց պետության աջակցության չեն կառուցվում, ուր մնաց թե պետական թատրոնները, հետեւաբար, ես ներքին համոզվածություն ու հույս ունեմ, որ պետությունն էական աջակցություն կունենա այս գործընթացին։ Առաջին փուլը՝ ճարտարապետական խմբի վարձատրության հարցը, կարծում եմ, որ մենք մեր հանդիսատեսի, տարբեր ներդրողների ուժերով կարող ենք լուծել, եւ ես առաջին փուլի համար նույնիսկ չէի էլ ուզի դիմել պետական մարմիններին, կդիմենք արդեն կառուցելու գումարի համար»,-նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ ժողովուրդն էլ պետք է ապացուցի, որ ինքը թատրոնի կարիք ունի։



Արձակուրդային օգոստոսի ընթացքում թատրոնում ընթանում են նաեւ նոր ներկայացման փորձեր, Սամսոն Ստեփանյանը բեմադրում է «Ջեք փոթ» կատակերգությունը, իսկ Արմեն Մեհրաբյանը՝ «Արտավազդ-Շիդար» պատմական պիեսը։ Արդեն տեղի ունեցած 2 պրեմիերաներին մինչեւ տարվա վերջ կհաջորդի եւս 2-ը։ Ինչ վերաբերում է Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ «Համլետին», Վարդան Մկրտչյանը, ով նաեւ Համլետի դերակատարն է, նշեց, որ ներկայացումը պրեմիերայից հետո 6 անգամ խաղացել են եւ դեռ խաղալու են, ոչ մի խնդիր չկա։ Միակ խնդիրն այն է, որ Վիգեն Չալդրանյանը նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանում՝ «Վարդապետի լռությունը», Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին, որտեղ ինքը կրկին ներգրավված է եւ խաղում է գլխավոր դերը։ Հաշվի առնելով իրենց երկուսի ծանրաբեռնվածությունը, «Համլետը» Համազգայինի բեմում նորից կլինի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Իսկ սեպտեմբերի 12-ից կմեկնարկի թատրոնի 23-րդ խաղաշրջանը, որի ընթացքում, թատրոնի հույս հայտնեց տնօրենը, թատրոնի հիմքերը կփորվեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]