Այդ ուռոդ գործիքը՝ ԴԱՀԿ

Այդ ուռոդ գործիքը՝ ԴԱՀԿ

ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նման ուռոդ կազմակերպություն երևի չկա Հայաստանում:



Ինչու ուռո՞դ... Բացատրեմ:



Եթե մի կառույց ստեղծված է պետության անվան տակ խեղճերին հարկադրելու կատարել այս կամ այն զոռբայի շահած դատավճիռը, նշանակում է ուռոդ է: Որևէ մեկը տեսե՞լ է, որ մի հարուստի տան եղած-չեղածը դուրս լցնեն ու նրան հարկադիր կարգով պարտադրեն լքել իր պապենական տունը: Չի եղել նման դեպք:



Էրեբունիում, կարծեմ, վերջերս մի դեպք եղավ, երբ տրակտորներով քանդեցին մի հարուստի կառուցած շինությունները: Խնդրում եմ, այդ դեպքը մատնացույց չանել, որովհետև նա, ում պատճառով քանդել են այդ ամենը, ոչ թե արդար, այլ ավելի հզոր է եղել նախկին տիրոջից: Հայաստանում արդարադատություն կա՞: Չկա: Իսկ դա նշանակում է՝ ԴԱՀԿ-ը գործիք է հզորների ձեռքին՝ առավել թույլերի վրա նրանց զոռբայությունը տարածելու համար: Հետևաբար՝ ԴԱՀԿ-ը ուռոդ կազմակերպություն է:



Թող ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ովքեր վերջերս տուժել էին այս կազմակերպության ձեռքից, երբ իրենց բանկային հաշիվները սառեցվել էին՝ մի քանի կոպեկ տուգանքը չվճարելու պատճառով: Քանի՞ մարդ հանկարծ նկատեց, որ իր բանկային քարտը արգելափակված է, ու ինքը չի կարող մեկ քայլ անգամ անել, որովհետև արագաչափն իրեն տուգանել է, իսկ ինքը, տեղեկացված չլինելով այդ մասին, խախտել է տուգանքի վճարմա ժամկետները:



Ամեն անգամ հայտնվում է ԴԱՀԿ-ն ու ստիպում վճարել տուգանքի մայր գումարի միքանիպատիկը՝ գումարած ԴԱՀԿ ծառայության հինգ հազար դրամը: Ողորմելի, ուռոդ, ուզվոր կազմակերպություն է ԴԱՀԿ-ը: Տեսած կա՞ք, որ այս կազմակերպությունը ոստիկանությունից մի բան բռնագրավի հօգուտ հասարակ քաղաքացու, ում սխալմամբ են տուգանել: Մինչդեռ մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, որ այս երկրում մեքենա վարելու դժբախտությունն ունենք, ոստիկանությունն ամեն օր հազարավոր անգամներ անմեղ տեղն է տուգանում: Ինչքան ուզում ես բողոքիր, թե անհնար է առանց խախտումի երթևեկելը, օբյեկտիվորեն անհնար: Լսող չկա: Բա ո՞ւր է արդարադատությունը: Ինչո՞ւ եք միայն ոստիկանության հաղորդման հիման վրա, առանց քաղաքացու, դատ անում ու որոշում, որ քաղաքացին պետք է տուգանվի մայր գումարից միքանիպատիկ ավելի և դեռ 5 հազար դրամ էլ ԴԱՀԿ ծառայությանը տա:



Աչքիս՝ ոմանք զայրացել են ԱԺ որոշումից, ըստ որի ճանապարհային երթևեկության տուգանքները բերվեցին խելամիտ չափերի: Ավարը քչացել է երևի, ու հիմա ԴԱՀԿ-ն են աշխատացնում՝ կորցրածը հետ բերելու, նախկին եկամուտները վերականգնելու հաար:



Սա պետություն չի, ջանմ… Ով ընկել է այս քաշքշուկի մեջ կհաստատի, որ այսօր Երևանի ՃՈ քաղաքային վարչությունում ավելի մեծ հերթեր կան, քան Լենինի դամբարանի մոտ՝ Սովետի ժամանակներում: Մարդիկ վազում են ոստիկանություն, ոստիկանությունից Արդարադատության նախարարություն, միլիոններ ու միլիարդներ է, որ մուծում են՝ հոգիները իրավապահներից ազատլու համար:



Համաձայն ենք այն հակադարձմանը, թե ԴԱՀԿ-ն ի՞նչ անի, ինքը կատարող կառույց է, իրեն ինչ ասում են, այն էլ անում է: Համաձայն եմ: Վերն ասվածն էլ հենց այն մասին էր, որ ԴԱՀԿ-ը մի գործիք է հզորների ձեռքին, որով խեղճերից պլոկում են ամեն ինչ՝ սկսած պապենական բնակարանից, վերջացրած 2 հազար դրամ տուգանքի դիմաց տասը հազար գանձելով: Հա, դեռ 5 հազար էլ այդ ուռոդ գործիքը կերակրելու համար են գանձում:



Եվ ի՞նչ, դեռ համաձայն չե՞ք, որ ԴԱՀԿ-ը շատ անճոռնի, ուռոդ գործիք է, որ մարդկանցից բան պլոկելու համար բանեցնում են իշխանավորները:



Էդիկ Անդրեասյան