Առաջարկում եմ սեպտեմբերի 3-ին ձեռնպահ մնալ ինքնահրկիզումներից

Առաջարկում եմ սեպտեմբերի 3-ին ձեռնպահ մնալ ինքնահրկիզումներից

Եվ այսպես` սեպտեմբերի 3-ին տարելից է: Կլրանա մեկ տարին այն օրից, ինչ իմացանք, որ հիմա էլ ՄՄ ենք գնում և ոչ` ԵՄ: Հայրիկյանն ասում է դա սև օր է մեր պատմության մեջ: Ես Հայրիկյանին ասում եմ` լավ էլի, Պարույր, գույները մի խտացրու: Ի դեպ` երբ Պարույրին խփեցին, Հայաստանը դեռ հաստատուն քայլերով ԵՄ էր գնում: Այնպես որ ԵՄ գնալն էլ մի բան չի, Պարույր եղբայր:



Դե լավ, էս տոնական օրով եկեք տխուր բաներից չխոսենք: Իսկ իյնչո՞ւ եք կարծում, որ սեպտեմբերի 3-ը տոնական օր չէ: Այն հանգիստ խղճով կարելի է ընդգրկել Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոների ցանկում` այսպիսի ձևակերպմամբ` ՙՀայաստանեայց վերին սուրբ իշխանութեան վերակերպութեան տոն՚: Թող այն խորհրդանշի Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ հայ ժողովրդի ընթացքը դեպի ՄՄ: Այդ օրը ծովը բացվեց, և միջանցք առաջացավ և Սերժ Սարգսյանը, իր թիկունքում կանգնած մարդկանց առաջին շարքերին ասաց` ահա մեր փրկության ուղին: Իսկ երբ մարդիկ վարանեցին, նա զայրացավ ու առաջինը ոտք դրեց ծովում բացված արահետի վրա: Ասում են` մինչ օրս էլ, ամեն տարի սեպտեմբերի 3-ին, երբ ծովի ջրերը հետ են գնում, երևում է առաջնորդի ոտնահետքը… Վատ չի, կարծես, հը՞…



Որպես կանոն` հաջորդ երկուշաբթին մեռելոց կանեինք և թող այդ օրը ելույթ ունենային բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ Սերժ Սարգսյանը սխալ ուղի ցույց տվեց իր քաղաքացիական հոտին:



Չգիտեմ, չգիտեմ… Ոմանք Սերժ Սարգսյանի մասին ասում են, որ նա իր որոշումով աշխարհում խաբեբայի համբավ ձեռք բերեց: Ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Մեր ողջ պատմության ընթացքում աշխարհն է խաբեբա եղել մեր հանդեպ: Հիմա այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք խաբեցինք աշխարհին: Խաբեբան, ինձ թվում է, Յանուկովիչն էր, որի թիկունքին կանգնած էր աշխարհը, բայց նա խաբեց բոլորին ու փորձեց Ուկրաինան տանել ՄՄ: Վերջաբանը հայտնի է բոլորին: Մեր թիկունքի՞ն ով էր կանգնած:



Մեր միջի հատկապես շատ զարգացածները ասում են` ինչպե՞ս կարելի է` երեք տարի գնալ ԵՄ ու մեկ էլ այսպիսի շրջադարձ: Բայց եկեք այդ հարցը տանք ԵՄ-ին` մենք երեք տարի շարունակ գալիս էինք դեպի քեզ, դու ի՞նչ արեցիր, որ մենք չփոխեինք մեր ընթացքը:



Քննադատելով սեպտեմբերի 3-ի որոշումը` մենք ինքնաբերաբար Հայաստանի փրկիչ ենք դարձնում Սերժ Սարգսյանին: Իրականում, սակայն, առասպելը, որ հորինեցինք վերևում սոսկ առասպել է և Սերժ Սարգսյանը շատ քիչ կապ ունի սեպտեմբերի 3-ի հայտարարության հետ: Այդ որոշումն ավելի շատ կապ ուներ մեր ազգի ենթագիտակցության, քան Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ: Այնպես որ, կարիք չկա այս հարցում Սերժ Սարգսյանից նեղանալ կամ նրան մեծարել, թե շատ խոհեմ որոշում է կայացրել:



Պրիմիտիվ չլինենք: Մեր աչքի առջև Երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում: Արևմուտքը արաբներին կոտորելով հասել է Ուկրաինա ու հիմա էլ ուկրաինացիներին է կոտորում: Հայերն արդեն կոտորվելու տեղ չունեն:



Խելահեղություն է մտածելը, որ եթե մենք Կիևի հանգույն մայդան անեինք ու թոթափեինք ռուսական լուծը, հիմա երջանիկ կյանքով կապրեինք: Համաշխարհային և եվրոպական կառույցներն այնքան դանդաղաշարժ են, որ մինչև իրենց ատյաններում սկսեին Հայաստան պաշտպանել, երկիրը քարտեզի երեսից կվերանար: Ի՞նչ միջազգային իրավունքի և օրենքի մասին է խոսքը: Չե՞ք տեսնում, թե Իրաքում ինչպես են շրջանցում միջազգային օրենքները: Ամեն ինչ ներկայացնում են որպես ահաբեկիչների ձեռքի գործ, իսկ ահաբեկիչների համար ի՞նչ օրենք: Կամ` Թուրքիան ինչպե՞ս ներխուժեց Սիրիա: Իհարկե ահաբեկիչների անվան տակ և առանց պետական դրոշի: ԱՄՆ-ը ո՞ւմ միջոցով է ծնկի բերում Սադամից հետո կրկին ոտքի կանգնող Իրաքը` դարձյալ ահաբեկիչների և ոչ իր պետական բանակի:



Ռուս-ուկրաինական պատերազմը թեկուզ վերցնենք: Բոլորը մի գլուխ գոռում են, որ Ռուսաստանն է կռվում Ուկրաինայի հարավ-արևելքում: Աշխարհազորը դուրս է եկել Ազովի ծով, նրա առջև բաց են դեպի Դնեպրոպետրովսկ և Զապորոժյե տանող ճանապարհները: Բայց երբ հարցը հասնում է միջազգային ատյան, Ռուսաստանն ասում է ես ի՞նչ կապ ունեմ, իմ բանակն իմ հողից մեկ մետր էլ այն կողմ չի գնացել: Իզուր չէ, որ Արևմուտքն ամեն գնով Ռուսաստանի հետք է որոնում Ուկրաինայում… Բայց այդ հետքը չկա ու չկա: Այնտեղ աշխարհազորն է կռվում:



Իրաքում ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչներն են կռվում: Ո՞վ է զենք ծախում, զինում, պատրաստում գրոհայիններին, որ կարողանա ջրի գնով նավթ ձեռք բերել նրանց վերահսկողության տակ հայտնված նավթաբեր շրջաններից: Հիմա կասեք` ԱՄՆ-ը էլ ի՞նչ անի, օդային հարվածներ է հասցնում, իսկ Լիբիայում նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը գրավեցին այդ իսլամիստները: Շատ վատ թատրոն է այս ամենը: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը լավ չի հարվածում օդից, դա նշանակում է, որ նրան պետք է այս տարածաշրջանում զենք վաճառել, այստեղից էժան նավթ տանել, բայց, կրկնեմ, ոչ իր դրոշի ներքո և ոչ միջազգային օրենքների խախտմամբ:



Աստված տա` ես սխալվեմ Երրորդ համաշխարհայինի հարցում: Բայց պատկերացրեք որ այն սկսվել է ու պիտի որոշեինք տեղներս այդ թոհուբոհում: Պիտի հասկանալ, որ պատերազմում երբեք լավ չի լինում: Ինչ էլ անես, միևնույն է, դու պատերազմի մեջ ես և, առնվազն, պետք է իմանաս քո տեղը այդ պատերազմում: Իսկ ո՞րն է մեր տեղը: Կարծում եմ` պետք է նայել նախորդ երկու աշխարհամարտերի պատմությունը: Ոսանելի շատ բան կգտնենք այնտեղ և սեպտեմբերի 3-ին էլ այդքան քննադատաբար չենք մոտենա` սև օր…



Ինչո՞ւ սև: Ընտրություն է` ենթագիտակցաբար արել ենք և անիմաստ է մեկ տարի անց բողոքել այդ ընտրությունից, մանավանդ որ այլընտրանքներն էլ շուրջներս թափված չեն եղել: Բայց ինչ վերաբերում է այդ ընտրությունը չճոռոմացնելուն (մի բանի ավելորդ քննադատությունն էլ ճոռոմացնել է), առաջարկում եմ սեպտեմբերի 3-ը ներառել տաղավար տեների շարքում և համեստի մեջ անդրադառնալ դրան: Առանց այն էլ դրա հետ կապված առասպելը չափից ավելի է ուռճացված:



Էդիկ Անդրեասյան