Քոչարյանական ժամանակը գովազդի ենթակա չէ
«Նոեվ կովչեգին» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որում նա չի բացառում իր վերադարձը քաղաքականություն, լակմուսի էֆեկտ ունեցավ ու արագ հիշեցրեց, թե ով ով է: Հիշատակենք հիմնական սազանդարներին:
Վարդան Օսկանյանը, դեն նետելով քաղհալածյալի եւ ընդդիմադիրի դիմակը, իր «Սիվիլնեթ»-ով Քոչարյանի գովքն սկսեց: Հասկանալով, որ հանրության վերաբերմունքն է Քոչարյանի վերադարձի գլխավոր նախապայմանը, Օսկանյանն իր կայքով փորձում է արդարացնել երկրորդ նախագահին: «Եթե համեմատում ենք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը շահածի կարգավիճակում է: Նրա տնտեսական հաջողությունները շատ մեծ դերակատարում կունենան նրա վերադարձի մեջ»,- ասում է վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը, եւ դա նման է, ինչպես մեր ժողովուրդը կասեր, հայտնի արտանետումների մեջ ուլունք փնտրելուն կամ նրան, թե ինչպես էր Օսկանյանը փորձում եթերում շփոթված ձայնով արդարացնել Մարտի 1-ը: «Սիվիլնեթի» երկրորդ աշխատողն էլ՝ Արմեն Գրիգորյանը, ուզում է ապացուցել, որ Քոչարյանի օրոք պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների ախորժակն այնքան էլ մեծ չէր, ինչպես հիմա, որ Քոչարյանը մենաշնորհների դեմ աննկուն մարտիկ էր: Նա պատմում է, թե ինչպես «Վիվասելը» մտավ շուկա, խաթարելով «Արմենթել»-ի մոնոպոլիան: Հեռախոսային թեման անմիջապես հիշեցրեց բջջային հեռախոսների բիզնեսով զբաղվողների սպանդը՝ այն բանից հետո, երբ Քոչարյանը որպես ՀՀ նախագահ իր այցերից մեկի շրջանակներում այցելեց «NOKIA» ընկերություն եւ իր որդու համար շահեկան բիզնես «կպցրեց»: Հենց այդ ժամանակ էր, որ մաքսավորների ձեռքով խոչընդոտներ էին ստեղծվում բջջայինների վաճառքով զբաղվող ընկերությունների ու անհատների համար, դրանք սկսեցին փակվել, սնանկանալ, եւ կարճ ժամանակում Քոչարյանի որդու ձեռքում հայտնվեց, ըստ մամուլի գնահատականների, այդ շուկայի 80 տոկոսը: Օսկանյանին երկրորդեց Ծառուկյանը:
Երկրորդ նախագահի 60-ամյակի կապակցությամբ «Կենտրոն» հեռուստաստուդիան այնպիսի կինո ցույց տվեց նրա մասին, որ միանգամից թաղեց հանրության մի հատվածի փայփայած հույսերը, թե Ծառուկյանը երբեւիցե ընդդիմադիր կդառնա: Այս կինոն նայելիս թվում է, թե միանգամից 10 տարվա «Հայլուրներն» իրար են կպցրել: Անհայտ ազգանունով հեղինակը մեր հանճարների անուններով ժամանակաշրջաններն է թվարկում՝ Մաշտոցի, Խորենացու շրջան, չարենցյան, թամանյանական ժամանակներ, եւ ուզում է մեզ համոզել, որ 1998-2008 թվականներն էլ մեր ժողովուրդը հիշել է որպես քոչարյանական ժամանակ: Դժվար է պատկերացնել, որ Թամանյանը կամ Չարենցն իրենց մասին նման կինոգովք պատվիրեին: Բայց զարմանալի չէ, որ մարդիկ հիշում են Քոչարյանի ժամանակը: Ո՞նց կարելի է այդ տարիները մոռանալ: Չէ՞ որ Քոչարյանը միակ նախագահն էր, ում Հաագայի դատարանին հանձնելու պահանջով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ փաստաթուղթ էին ուղարկել Հոլանդիա եւ մինչ օրս Քոչարյանի անունը լսելով, իրար հարցնում են. «Ի՞նչ լուր կա Հաագայի դատարանից»: Կինոյում անընդհատ ինքն է, Երկրորդը՝ կարմիր ժապավեն կտրող, սաղավարտով հանքափորների հետ կանգնած, ՄԱԿ-ի ամբիոնից խոսող, ծառ տնկող, հաղթանակի զբոսայգու բարձունքից քաղաքին նայող: Այն զբոսայգում, որն ինքը ոչնչացրեց՝ «Գոլդեն փելես» հյուրանոցը սարքելով: Ամեն տեղ ինքն է՝ չկա ոչ մի մարդ, միայն ամբոխ՝ Քոչարյանին ծափահարող, Քոչարյանին լսող, նրա բառերից հրճվող: Քոչարյանի գովքն են անում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, «Ազգ»-ի տնտեսական լրագրող, բարի համբավ ունեցող Արա Մարտիրոսյանը, որոնց օգտագործեցին լիուլի, «Մեդիամաքս» գործակալության տնօրենը, որը երբեմն լրագրողական դասեր է տալիս մեր համքարությանը: Նրանք բոլորն ասում էին, թե ինչ լավ է, որ շենքեր էին կառուցվում, այլ ոչ թե քանդվում, որ ՀՅԴ-ն եւ ՀՅԴ-ական թերթերը բացվեցին, որ աղետի գոտի էր վերականգնվում, ստվերն էր կրճատվում: Բայց ոչ մի խոսք փակված «Ա1+»-ի, հալածանքների ենթարկված քաղաքական գործիչների, Հյուսիսային պողոտայի կառուցման զոհերի՝ վտարված բնակիչների մասին, արտագաղթող, քրեական դեպրեսիվ գոյության մեջ խրված Գյումրու մասին: Նույնիսկ Վազգեն Սարգսյանին չխնայեցինեւ 98 թվականի ելույթից մի կտոր դրեցին՝ նրա շուրթերով գովաբանելով Երկրորդին. «Նրան հաջողվեց կայունացնել տնտեսությունը, վճարել պարտքերը, ստեղծել պլատֆորմ, որից այն կողմ եթե չլինեն քաղաքական վայրիվերումներ, Ռոբերտ Քոչարյանը եւ իր կառավարությունն ունենալու են լուրջ հաջողություններ»,- ասում է Վազգենը, բայց վայրիվերումներ եղան՝ հոկտեմբերի 27, փշալարեր նախագահականի մոտ, 2004 թիվ, մարտի 1: Տխուր, հոգեբանորեն ծանր քոչարյանական տարիներ, որոնց ժողովուրդը գնահատական տվել է, որոնց մասին ոնց էլ խոսես, հակագովազդ է ստացվելու:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ