Ռոբերտ Քոչարյան երևույթ գոյություն չունի

Ռոբերտ Քոչարյան երևույթ գոյություն չունի

Որոշ լրատվամիջոցներում, մամուլում վերջին օրերին քոչարյանական խրախճանք է սկսվել, որի հետեւանքով ՀԱԿ-ը կոշտ այլընտրանքի առաջ է կանգնել՝ կամ ամուսանալուծվել ԲՀԿ-ից, կամ կորցնել 2008 թվականից հետո մեծ դժվարությամբ կուտակած քաղաքական կապիտալը: Մեր տեղեկություններով, «ավազակապետության» հոր՝ Քոչարյանի շուրջ քառյակի քաղաքական քննարկումների սկզբում պայմանավորվածություն է եղել, որի համաձայն՝ ԲՀԿ-ն պետք է ձերբազատվի քոչարյանական իմիջից, իսկ ՀԱԿ-ը, հարգելով Ծառուկյանի անցյալը, զերծ մնա Ռոբերտ Քոչարյանի դեմ շեշտակի հարձակումներից:



Հենց այս պայմանն է, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խախտեցին, այս օրերին ակնհայտ ռեւերանսներ անելով Քոչարյանի կողմը, նրան գովաբանելով եւ հող նախապատրաստելով նրա վերադարձի համար: «Արդյոք որոշ քաղաքական ուժերի կողմից վերջերս տպված նյութերը չե՞ն վկայում, որ դրանք Քոչարյանի վերադարձի հող են նախապատրաստում» հարցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Քառյակը մշակել է իր հստակ ծրագիրը, ունի իր օրակարգը: Ամիսներ շարունակ անցկացվում են նաեւ աշխույժ քառակողմ քննարկումներ: Կարող եմ ասել, որ քառյակի ծրագրում, նրա կողմից տարվող գործընթացում, օրակարգում եւ քննարկումներում Ռոբերտ Քոչարյան երեւույթ գոյություն չունի»: Մեր տեղեկություններով, կուսակցության ներսում մեծ դժգոհություն կա ԲՀԿ պահվածքից: ԲՀԿ-ականներից նույնիսկ բացատրություններ են պահանջվել, մասնավորապես Քոչարյանի 60-ամյակի կապակցությամբ «Կենտրոն» հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի կապակցությամբ:



Սակայն ԲՀԿ-ականները բացատրել են, որ սա ընդամենը հոբելյանական ֆիլմ է՝ որեւէ քաղաքական նշանակություն չունեցող: Մինչ ՀԱԿ վարչության անդամները խուսափում են կտրուկ գնահատականներից, մյուսները, այնուամենայնիվ, չեն խուսափում հրապարակավ բացասական կարծիքներ հայտնել ԲՀԿ պահվածքի մասին: «Ծառուկյանի հեռուստաալիքով ազգի դավաճանի եւ մարդասպանի գովքն են անում: Մի խոսքով, ԲՀԿ-ականները, իրենց պախանով հանդերձ, լրիվ ծակվեցին: Նրանք ցույց տվին, որ ԲՀԿ-ն ստեղծվել է ղարաբաղյան կլանի սիամական երկվորյակի պատվերով եւ ծառայելու է այդ կլանի իշխանության հարատեւմանը»,- իր ՖԲ էջում գրել է Երջանիկ Աբգարյանը: Իսկ քաղաքական գործիչ, նախկինում կոնգրեսական Կարապետ Ռուբինյանն իր էջում գրել է. «Փաստորեն, Վանոյի դիպուկ բնորոշմանը՝ «Գյադաների ժամանակին» հհոմանիշ են մոգոնել՝ «Քոչարյանական ժամանակները»: Կարծում եմ՝ միակ ճիշտ եզրակացությունը պետք է լինի Վիսոցկու հայտնի հերոսի ասածով՝ գողը պետք է բանտում լինի»: Առհասարակ, Ֆեյսբուքում թեման բուռն քննարկումներ է առաջացրել, կողմ եւ դեմ կարծիքներ, որոնք պետք է ցուցիչ լինեն Քոչարյանի համար, թե արդյոք արժե՞ վերադառնալ:



 



 Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]