Պակասող օղակը և Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական շեպետովկայի սնանկությունը

Պակասող օղակը և Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական շեպետովկայի սնանկությունը

Որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհնարինության գլխավոր փաստարկ, ՀԱԿ-ը եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էին ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական թիմ չունենալու հանգամանքը: 2-3 տարի առաջ դա շատ զորավոր փաստարկ էր համարվում, եւ այդ օրերին քիչ չէին նույնիսկ հանրապետականները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այդ հարցում լիովին համաձայն էին:




«Նոեւ կովչեգ»-ին տված հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի, կարծեմ, երկրո՞րդ, թե՞ երրորդ հարցազրույցն է արդեն, որին ՀԱԿ-ը գրեթե քար լռությամբ է արձագանքում եւ շատ նորմալ է ընդունում վերադարձի մասին Երկրորդի բացահայտ ակնարկները:




Չսխալվեք: Բացահայտ ակնարկն այն չէ, երբ Քոչարյանն ասում է` կվերադառնամ, եթե հանգամանքները պահանջեն: Վերադարձի մասին ակնարկները պետք է փնտրել գործող իշխանություններին ուղղված նրա քննադատությունների եւ իր հիանալի մարզավիճակի նկարագրությունների մեջ:




ՀԱԿ-ը, սակայն, լռում է, չի լուսավորում մեզ. հասկանանք` վերջը Քոչարյանը կարո՞ղ է գալ, թե՞ չէ: Ո՞ւր է ՀԱԿ-ի զորավոր փաստարկը, որ Քոչարյանը քաղաքական թիմ չունի:
Քոչարյանն ասում է` զբաղվում եմ լողով, օտար լեզվով գրքեր եմ կարդում, սիրում եմ շրջել լեռներում… հրացանով: Սա արդեն ոչ թե ակնարկ է, այլ ստարտ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ դուզ խոսքն իշին են ասում: Բայց ՀԱԿ-ը, թե էն պատը խոսեց, ինքն էլ խոսեց: Ի՞նչն է այդ լռության պատճառը:




Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանն արդեն քաղաքական թիմ ունի, այո՞: Տեսնես ո՞րն է նրա քաղաքական թիմը: Հաստատ, Սերժ Սարգսյանի «վրից» թռած ՕԵԿ-ը չի դա: Ավելին, ՕԵԿ-ը Քոչարյանի վերադարձի դեպքում շատ լավ ընդդիմություն կարող է լինել: Ուզում էինք ասել` ՕԵԿ-ի ընդդիմադիր խաղը շատ բնական կդիտվի: Հապա հիշեք, թե ով է Արթուր Բաղդասարյանին վռնդել իշխանությունից` զրկելով ԱԺ նախագահի պաշտոնից:
Հակաքոչարյանական թեւում կլինի նաեւ «Ժառանգությունը», թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին առանձնապես աչքի չի ընկնում Քոչարյանի հարցազրույցի քննադատությամբ: Ճիշտ է, թեեւ քառյակի հետ շփումները զգալիորեն մեղմել են երդվյալ եւ դե յուրե նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր-քաղաքական պաթոսը, բայց ֆեյսբուքյան տարածքի առանձին ժառանգականներ, ընդհուպ Ստյոպա Սաֆարյանի կալիբրի, բավականին ակտիվ քամի են անում Քոչարյանի հարցազրույցի շուրջ` հիշելով նրա իշխանության ժամանակի տհաճ դրվագները:




Թվում է` այսքանով էլ կսահմանափակվի հաջորդ նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների ցանկը, եթե, իհարկե, թոզ անելու նպատակով մեջտեղ չընկնեն ՀՀ նախագահի մշտական թեկնածուները` Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:
Քոչարյանի առաջադրման պարագայում խիստ հավանական է, որ թեկնածու չառաջադրեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը: Այս ուժերի դեպքում դա նորմալ է, եթե, մանավանդ, հաշվի առնենք, թե որտեղ էին նրանք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասը երկար ու ձիգ տարիներին:



Բայց գանք մեր բուն թեմային: Ինչո՞ւ է լռում ՀԱԿ-ը, երբ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապված սպասելիքները նրա ամեն հարցազրույցից հետո ավելի ու ավելի առարկայական են դառնում: Ինչո՞ւ է լռում այն ուժը, որն իր կազմում ավազակագիտության դոկտոր ունի, որի շնորհիվ էլ հայ ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ ինքն առաջին նախագահի հրաժարականից հետո, այսքան տարի, ոչ թե պետություն, այլ ավազակապետություն է կառուցել:




Պարոնայք կոնգրեսականներ, ավազակապետության հիմնադիրն է վերադառնում, իսկ դուք լռո՞ւմ եք:



Այ, այ, այ, այ ա՜այ … Հեչ լավ բան չի ստացվում: ՀԱԿ-ին երկու ճանապարհ է մնացել. կամ վերջնականապես մանրադրամի վերածվել ԲՀԿ-ի գրպանում` դառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի ակտիվիստ, կամ գնալ ընդդիմություն` միանալու լեյտենանտ Շմիդտի որդիներին` Արթուր Բաղդասարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Տխո՞ւր է:



Տխուր է, իհարկե, բայց սա դեռ վերջը չէ: Տեր-Պետրոսյանը դեռ պետք է հասկանա, որ իրականում ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա: Եվ, առհասարակ, իր քաղաքագիտական շեպետովկան է այն վերջին հանգրվանը, որին զարնվելով՝ փշրվում են ներհայաստանյան քաղաքական օվկիանի գոռ ալիքները:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]