Դիլիջանի միջազգային դպրոցի պաշտոնական բացումը՝ շուտով

Դիլիջանի միջազգային դպրոցի պաշտոնական բացումը՝ շուտով

Դիլիջանի միջազգային դպրոցը երեկվանից իր դռներն է բացել մի քանի տասնյակ հայ եւ օտարազգի աշակերտների համար, ովքեր կսովորեն միաժամանակ թե կրթական եւ թե տեխնիկական առումով միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցում։ Ինչպես տեղեկացանք IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, սեպտեմբերի 1-ից դպրոցն արդեն լիարժեք գործում է, իսկ պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Դպրոց է ընդունվել 97 աշակերտ՝ 50-ից ավելի երկրներից, որից 10-ը Հայաստանից են, ինչպես նաեւ ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։



 Քանի որ Դիլիջանի միջազգային դպրոցն ամիսներ առաջ ներառվել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցում, դառնալով UWC-ի լիիրավ անդամ, ապա, ինչպես փոխանցեցին, ընդունելությունն իրականացվել է UWC ընտրական հանձնաժողովների կողմից, ուստի անհնար է նշել, թե քանի հոգի է ուղիղ դիմել UWC Դիլիջան՝ ընդունվելու համար։ Դպրոցում օտարազգի մասնագետների կողքին դասավանդելու են նաեւ 3 հայ մասնագետ ուսուցիչներ։



Ինչ վերաբերում է աշակերտների ընտրության չափանիշներին, ապա դեռ ամիսներ առաջ Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասել էր, որ ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվելու է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվելու է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ այն բանից, թե ինչ ծագում ունեն: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 70%-ը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:



 Նշենք նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են 2 փուլից։ Առաջին փուլի շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են։ Շահագործման են հանձնվել դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների 2 համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը։ Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016թ.-ին, կկառուցվի եւս 2 համալիր. հանրակացարաններ աշակերտների համար եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն ու դպրոցական այգիներ։




Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրն է ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի եւ բիզնեսի ներկայացուցիչներ նաեւ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից:




Սոնա ԱԴԱՄՅԱՆ
[email protected]