ՀՌԱՀ-ը եթերային լեզվով և սերիալների բովանդակությամբ չի զբաղվում

ՀՌԱՀ-ը եթերային լեզվով և սերիալների բովանդակությամբ չի զբաղվում

Մոտ 1 տարի առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ դարձավ «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի երբեմնի տնօրեն, «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհրդի նախկին անդամ եւ Հ1-ի նախկին տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Այդ օրվանից խորհուրդը, կարծես, ընդհատակ է անցել։ Չկան բուռն քննարկումներ եթերային լեզվի մաքրության, էթիկայի, սերիալների շուրջ: Հանձնաժողովն աշխատում է անաղմուկ: Միջանցքներում լռություն է: «Էս հիմնարկն ինչով զբաղվել է, նրանով էլ զբաղվում է: Հետեւում է օրենսդրության կատարմանը, կարգավորող եւ վերահսկող մարմին է, բայց առաջինը՝ կարգավորող, հետո նոր՝ վերահսկող»,- ասում է Բունիաթյանը պաշտոնավարման օրվանից ի վեր իր առաջին հարցազրույցում, որը տվեց «Հրապարակին»: Ի տարբերություն Ամալյանի, նա հեռուստադաշտի մարդ է եւ հպարտանում է նրանով, որ ընկերական կապերի շնորհիվ բոլորի հետ լեզու է գտնում:




- ՀՌԱՀ-ը պետք է հետեւի օրենքների կատարմանը, բայց ամեն Թի Վի-ի հետեւում մի օլիգարխ, մի քաղաքական ուժ է կանգնած: Եթե այս մոնստրներին ասում եք, ենթադրենք՝ Ձեր գովազդը շատ է, նրանք լսո՞ւմ են Ձեզ:




- Լսում են: Օրենքը հստակ աշխատում է, մեկ ժամում 14 րոպե գովազդ, ոչ ավելի: Սա մեծ տառերով է գրված առաջատար ալիքների համար եւ չի խախտվում: Էսօր նրանք գովազդի րոպեն «փրայմ-թայմում» վաճառում են մոտ 100 հազարով՝ քիչ ավել-պակաս: 1-2 րոպեն ամսվա կտրվածքով սա մի քանի միլիոն է, եւ եթե հնարավորություն ունենան, չեն պահպանի, բայց հիմնականում խախտումներ չեն լինում: Եթե չեք հավատում, կարող եք եթերը նայել:




- Այսինքն, ենթարկվո՞ւմ են ՀՌԱՀ-ին:




- Ես չէի ասի՝ ենթարկվում են: Աշխատում են մեզ հետ բոլորն անխտիր: Առաջին օրը եկել եւ ասել եմ՝ ժողովուրդ, կա աշխատանքի երկու տարբերակ՝ կամ պաշտոնական, կամ ընկերական դաշտում: Սա ավելի է պարտավորեցնում, քան պաշտոնական ոճը: Եղել են շեղումների դեպքեր, բայց բացատրություններն էլ հստակ են եղել: Ասենք, լրատվականը պետք է լինի 25 րոպե, բայց տեւում է 40 րոպե, եւ այս պատճառով գովազդի բլոկը դուրս է թռչում, հետո լրացնում են, նմանատիպ պատճառով: Ճիշտ է խոսել ոչ թե խախտումների, այլ շեղումների մասին:




- Բայց ՀԿ-ները խախտումներ էին արձանագրել:




- Այո, կա ՀԿ, Լեւոն Բարսեղյանի, որը գրանտով չափումներ է անում: Իմ օրոք երկու անգամ նրանք հրապարակել են խախտումների փաստեր: Բայց, նախ, արձանագրումից մի քանի ամիս ուշ են հրապարակել, երկրորդը՝ նրանք մոնիտորինգի համար մի շաբաթ են վերցրել՝ նոր տարվա դեկտեմբերի վերջից հունվարի 1-2, երբ ամենաշատ են խախտումներ լինում, քանի որ լրատվական թողարկումները մի ժամ են տեւում, եւ քանի որ լրատվական բլոկը չի կարելի կտրել գովազդով, մի քանի գովազդային բլոկ դուրս են մնում: Ճիշտ չի սա: Եթե քո խնդիրը դաշտը կարգավորելն է, ամբողջ տարի նայիր, ոչ թե երկու շաբաթ: Մենք ուրախ կլինենք, եթե նրանք մեզ օգնեն: Մենք ամեն օր ենք խախտումների վերաբերյալ տեղեկանք ստանում: Ամեն ամիս էլ լինում են դեպքեր, երբ ինչ-որ գովազդներ՝ չեմ ասի ստիպում ենք, բայց հորդորում ենք, որ հանեն:




- Օրինակ, ի՞նչ գովազդներ եք հորդորել, որ հանեն:




- Չեմ ուզում տնտեսվարողների անուններ տալ, բայց գովազդի շուկան ծանր օրեր է այսօր ապրում: Կա ինտերնետ դաշտ, որը գովազդատու ու հեռուստադիտող է տանում: Շատերը չեն էլ միացնում հեռուստացույցը, սա արդեն սկսել է երեւալ շուկայում: Երկու տարի առաջ Անգլիայում ինտերնետ գովազդը գերազանցել է հեռուստատեսային գովազդին մոտ 3 մլրդ դոլարով: Մեզ մոտ, իհարկե, փոքր է ինտերնետ գովազդը, բայց արդեն իրեն զգացնել է տալիս:




- Քանի՞ աշխատող ունեք՝ զբաղված եթերի ուսումնասիրությամբ:




- Ունենք 65 հոգի, որից 8-ը հանձնաժողովի անդամ են, 10-12 մարդ՝ տեխնիկական անձնակազմ, վարորդ, հավաքարար եւ մոտ 30 հոգի՝ վերահսկողության, լիզենզավորման, իրավաբանական վարչության եւ այլն: Նրանք հովհարային սխեմայով, ամեն շաբաթ ընտրովի նայում են բոլոր հեռուստատեսությունները, ամիսը մեկ-երկուսը մոնիտորինգ են ներկայացնում: Հետեւում ենք հեղինակային իրավունքի, գովազդի մասին, հեռուստատեսության մասին, այլ օրենքների կատարմանը:




- Հանրային խորհրդի աղմկոտ քննարկումներից հետո՝ սերիալների եւ եթերային լեզվի անաղարտության վերաբերյալ, Դուք զբաղվում էիք նաեւ դրանով: Իսկ այսօր, կարծես, լռել եք: Այլեւս չե՞ք հետեւում:




- Հիմա սերիալները քչացել են: Առաջատար ալիքներն առաջ ունեին 3-4 սերիալ, հիմա 1 կամ 2-ն ունեն, Հանրայինն ընդհանրապես նոր սերիալ չունի: Էն տարիներով ձգվող անհամ պատմությունները՝ հեռուստադիտողին ճնշող, չկան: Բայց այդ ամենը մեր գործառույթներից դուրս է: Սերիալների կամ ծրագրերի բովանդակությամբ մենք չենք զբաղվում: Այն ժամանակ ուղղակի հանձնարարել էին, քանի որ միակ կարգավորող մարմինը սա էր, բայց ոչ մի իրավական հիմք այդ հարցը վերահսկելու մենք չունենք: Այս իմաստով էլեկտրոնային մամուլը բաց է, անկախ է:




- Անկախ է միայն սերիալներ եւ զվարճալի հաղորդումնե՞ր ցույց տալու մասով:




- Ոչ, նաեւ լրատվական իմաստով: Քաղաքական մասով էլ: Կարող եք չհավատալ, բայց դա էդպես է: Մենք գրաքննություն չենք կատարում:




- Վերջերս օրենքով թույլատրվեց օղու գովազդը: Սա ճի՞շտ եք համարում:




- Առաջարկությունը, որն ընդունվեց, գովազդի շուկայի մասին էր: Օղու համաշխարհային բրենդները գովազդային բյուջե ունեն: Սա լուրջ բյուջե է, որը հեռուստատեսային գովազդի մեր շուկայի մոտ 10 տոկոսն է կազմում: Ինչո՞ւ այս փողից հրաժարվել: Եվ գտան ոսկե միջինը՝ 22։30-24։00-ն թույլատրեցին օղու գովազդը: Հետո մի բան էլ կա: Առաջվա օրենքով թույլատրվում էր գինու, գարեջրի, կոնյակի, հայկական այս բրենդների գովազդը: Եթե մենք այդքան խիստ ենք, ուրեմն, դրանց գովազդն էլ պետք է հանել:




- Ամենապարտաճանաչ հեռուստաընկերությունը ո՞րն է: Օրենքներ չխախտող:




- «Արմենիան», «ԱՐ»-ը, «Կենտրոնը», «Երկիր մեդիան»: «Արմենիան» նույնիսկ վայրկյանաչափ է պահում եթերում գովազդի վրա, որ մարդիկ տեսնեն երբ է վերջանալու: Առաջարկել ենք բոլորին, որ նրանք էլ այդպես անեն:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]