Հայոց եղեռնի մասին պատմող թուրք ռեժիսորի ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնում

Հայոց եղեռնի մասին պատմող թուրք ռեժիսորի ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնում

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն անցկացվող Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր՝ «Սպի» ֆիլմը, որն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:




Ֆիլմը մեծ աժիոտաժ է առաջացրել նախեւառաջ Թուրքիայում, մասնավորապես թուրք ազգայնականները սպառնացել են Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում, հատկապես այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։ Թուրք ազգայնականների մտավախությունն այն է, որ ֆիլմն առաջին քայլը կլինի՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չկարողացավ թուրք դերասան գտնել, որը կհամաձայներ մարմնավորել հայ լրագրողին:




Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարտինը, ֆիլմն իտալական, ֆրանսիական, գերմանական եւ ռուսական համատեղ արտադրություն է: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆիլմի բյուջեն նույնպես տպավորիչ է` 15.5 մլն եվրո: Նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում:




Չնայած ռեժիսորը ֆիլմի սյուժեն գաղտնի է պահում եւ բոլոր հարցազրույցներում շրջանցում է սյուժետային մանրամասները, բայց ֆիլմի կարճ սինոփսիսից տեղեկանում ենք, որ այն երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանի մասին է, ով 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ տարիներ հետո իմանում է, որ գուցե իր զույգ աղջիկները ողջ են, այստեղից էլ սկսում է նրա փնտրտուքն աշխարհով մեկ: 138 րոպե տեւողությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Հայաստանում այն կդիտեն արդեն հաջորդ տարի՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ:
Օրերս Վենետիկի կինոփառատոնում ցուցադրված թուրք ռեժիսորի ֆիլմի մասին ծավալուն գրախոսականով հանդես է եկել ռուս հայտնի կինոքննադատ Անտոն Դոլինը, ով ֆիլմը համարել է կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մեկը` անվանելով այն դրամատիկ անհաջողություն: Դոլինն արդեն իր նախաբանում ափսոսանք է հայտնում, որ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության դեպքերն այդպես էլ չստացան այն տաղանդավոր ռեժիսորին, ով հանրամատչելի ձեւով այն կներկայացներ կինոյում. «Գլխավոր խնդիրը` ստիպել ամբողջ աշխարհին վշտակցել ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, չի կատարվել: Նրանք, ովքեր տեղյակ չեն խնդրին, չեն հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, սպանդը, բացառությամբ մի տեսարանի, չի ցուցադրվում ֆիլմում, դրա պատճառներն աղոտ բացատրվում են ֆիլմի սկզբի տիտրերում, սոցիալ-քաղաքական հետեւանքներն ընդհանրապես դուրս են թողնված ֆիլմից: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են խնդրից, կարող են անգամ առարկություններ ներկայացնել հեղինակին: Դահիճները մնացին չպատժված, իսկ զոհերը` անվրեժ: «Սպի» ֆիլմի դիտման ժամանակ լացելու են 2 տեսակի մարդիկ. զգայուն տնային տնտեսուհիները եւ նրանք, ում հարազատները մահացել կամ տուժել են 100 տարի առաջ: Բայց դա բավական չէ, պետք է, որ լացեն բոլորը»: Դոլինը խոսում է նաեւ ֆիլմի լեզվի մասին` նշելով, որ ֆիլմում խոսում են թե թուրքերեն, թե արաբերեն, բայց ավելի շատ՝ անգլերեն, ինչն անեկդոտիկ է թվում, բացառությամբ այն տեսարանների, երբ գործողություններն ԱՄՆ-ում են ծավալվում: Նա մատնանշում է, որ դրանով ռեժիսորը խուսափել է քաղաքական մի շարք նրբին հարցերից, առանց որոնց, սակայն, անհնար է հասկանալ ողբերգության ենթատեքստը: Ռուս կինոքննադատը հոդվածի վերջում հիշում է նաեւ բոլոր այն ֆիլմերը, որ նկարահանվել են Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ բավական է ինչ-որ մեկն անդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային, եւ նրան սպասվում է անհաջողություն՝ որպես հաջողված փորձ նշելով միայն Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմը, որը, ավաղ, քչերն են դիտել:




Սոնա ԱԴԱՄՅԱՆ
[email protected]