ՆԱՏՕ-ի պերճանքն ու Ռուսաստանի թշվառությունը

ՆԱՏՕ-ի պերճանքն ու Ռուսաստանի թշվառությունը

Երեկ Միացյալ Թագավորությունում՝ Ուելսում, բացվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը, ըստ որոշ գնահատականների, ամենակարեւոր գագաթնաժողովն է դաշինքի տասնամյակների պատմության մեջ: Հիմնադրումից ի վեր երեւի թե առաջին անգամ ՆԱՏՕ-ն զբաղվելու է նրանով, ինչի համար մտահղացվել է եւ ստեղծվել անցյալ դարի 60-ականներին` Ռուսաստանից եկող սպառնալիքների չեզոքացմամբ:
Ինչպես եւ վայել է Միացյալ Թագավորությանը, գագաթնաժողովի բացումը փառահեղ էր: Համաժողովը բացվեց ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար զորակազմը համալրած պետությունների ղեկավարների մասնակցությամբ, որոնք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով ոտքի կանգնեցին՝ հարգանքի տուրք մատուցելու Աֆղանստանում ծառայած իրենց զինվորներին: Այնուհետ, շեփորի հնչյունների ներքո, դահլիճ բերվեցին մասնակից պետությունների դրոշները, բնականաբար՝ նաեւ Հայաստանի, եւ մեկ րոպե լռությամբ ու դրոշների խոնարհումով հարգվեց Աֆղանստանում զոհվածների հիշատակը:



Գրեթե համաշխարհային միասնականության այդ ցուցադրությունն այնքան տպավորիչ էր եւ խոսուն, որ շնորհակալության եւ գնահատանքի բառերը թվում էին ավելորդ: Ռասմուսենի ողջույնի խոսքից հետո հյուրերին ողջունեց ՄԹ վարչապետը: Նա ասաց, որ ՆԱՏՕ-ն արեւմտյան աշխարհի անվտանգության խարիսխն է, եւ «ապագայում այն նույնքան կարեւոր է լինելու, որքան անցյալում էր»: Քամերոնը նաեւ հիշատակեց այն երկու բարբարոսական ուժերին, որոնք այսօր մարտահրավերներ են ստեղծել ՆԱՏՕ-ի կամ, նույնն է թե՝ քաղաքակիրթ աշխարհի համար` Ռուսաստանը եւ ISIS-ը:



Իհարկե, Ռուսաստանի եւ ISIS-ի միջեւ կան տարբերություններ, բայց ընդհանրություններն էլ քիչ չեն: Հատկապես իռացիոնալիզմը, ստախոսությունը, իրենց ԱՄՆ ախոյան դիտարկելը եւ ԱՄՆ արձագանքին արժանանալու համար ինքնակոտոր լինելը: ISIS-ի հրոսակներն անմեղ ու անզեն մարդկանց են գլխատում, որպեսզի կադրում ասեն. «Դո՛ւ, Օբամա…», եւ զառանցեն ի տես աշխարհի: Ռուսաստանն էլ սկզբում գումարով, ապա զենքով, հետո զորքով Ուկրաինայի հարավում բախումներ է հրահրում, որպեսզի ԱՄՆ հակահարվածին հասնի:



Սակայն ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չէին լինի աշխարհի հզորագույն դաշինքը, եթե նրանց հնարավոր լիներ սադրել: ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի արձագանքն այնպիսի ուռկան է, որի մեջ եւ ISIS-ը, եւ Ռուսաստանը խճճվելու են, մինչեւ ըստ էության չեզոքացվեն: ISIS-ի դեմ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն տարածաշրջանային կոալիցիա են ստեղծում: Այն, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան հնարավոր է ջանքերը մեկտեղեն ISIS-ի դեմ պայքարում, «անհնարինն ակնհայտի» սյուժե է: Խոսք է գնում նաեւ ՆԱՏՕ-ի կողմից Հորդանանին զինուժով եւ զինտեխնիկայով օժանդակելու մասին: Ավելի հստակ ռազմավարությունը գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերից տեսանելի կլինի:



Գալով Ռուսաստանին, այստեղ էլ Մոսկվայի միջուկային արսենալով վեր-վեր թռչելու խանդավառությունը պետք է սառեցվի: Եթե Մոսկվայի ձգտումն այն է, որ Ուկրաինայում ռազմական բախումներ հրահրելով ԱՄՆ-ի հետ զինված դիմակայության հասնի, ապա Ուկրաինան այստեղ ոչնչով չի օգնի: Եթե Ռուսաստանն այդքան ձգտում է ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման, պետք է բախտը փորձի ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի վրա հարձակվելով: Դրանից հետո արդյունքը կտեսնի: Բայց նույնիսկ Ուկրաինայում իր ներխուժումը ժխտող Մոսկվան հազիվ թե Մերձբալթիկայի կամ ՆԱՏՕ-ի որեւէ այլ անդամի վրա հարձակվի: Իսկ գագաթնաժողովում ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ն կհաստատի թե Մերձբալթիկայում, թե Լեհաստանում եւ թե Ռումինիայում արագ արձագանքման զորակայանների ստեղծումը մի քանի հազար զինվորականներով:



Բայց էլ ավելի էական է այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ԵՄ եւ G7 ձեւաչափով Ռուսաստանին տնտեսապես ծնկի կբերեն ֆինանսական եւ էներգետիկ պատժամիջոցներով: Տա Աստված, որ Ռուսաստանը ժամանակին գիտակցի եւ կանգնի միջազգային նորմերը հարգելու ուղու վրա, այլապես չգիտես՝ տոտալ տնտեսական ճնշումներից հետո Ռուսաստանից ինչ կմնա:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
[email protected]