ԼՂՀ «Ապառաժ» կայքի աշխատակազմը «պաշտոնապես» ստում է

ԼՂՀ «Ապառաժ» կայքի աշխատակազմը «պաշտոնապես» ստում է

Երեկ հրապարակել էինք «Արցախում մարդիկ հազվադեպ են պայքարում իրենց իրավունքների համար» հոդվածը, որում, ի թիվս այլ դեպքերի, պատմել էինք Այգեստան գյուղի բնակիչ Անահիտ Առուշանյանի մասին: Որպես զոհված ազատամարտիկի այրու, նրա համար կառավարությունը տուն էր կառուցել, ավելի ճիշտ՝ մի կացարան, որը փլվելու եզրին էր, եւ որի վերաբերյալ կար սեյսմիկ ծառայության աշխատակցի բացասական եզրակացությունը: Կինն «Ապառաժ» էլեկտրոնային կայքի միջոցով բաց նամակ էր ուղղել ԼՂՀ նախագահին: Բայց այս նամակը, ինչպես Անահիտ Առուշանյանն է վկայում, ընդամենը երկու օր է մնացել կայքում, ապա, կառավարության ճնշումներից հետո, հանվել է: Այս հարցը բարձրաձայնելով, հույս ունեինք օգնել ոչ միայն Ղարաբաղի այն սակավաթիվ բնակիչներին, որոնք հանդգնում են իրենց իրավունքը պաշտպանել, այլեւ «Ապառաժին»: Բայց երեկ առավոտից ԼՂՀ-ում Դաշնակցության պաշտոնական մամուլ հանդիսացող այս կայքի աշխատակիցները ռմբակոծում էին մեզ՝ հերքման պահանջներով:



«Մենք անդրադառնում ենք բնակարանաշինության թերություններին, բայց երբեւէ այդ կինը մեզ չի դիմել: «Ապառաժում» նման հրապարակում չի եղել: Մեզ վրա ոչ ոք ճնշումներ չի կարող գործադրելե,- ասում էր թերթի լրագրող Արմինե Նարինյանը, իսկ խմբագիր Արա Պոլուզյանը պահանջում էր անհապաղ հերքում: Երեկ նրանք նույնիսկ, մեզանից առաջ ընկնելով, մեր ապացույցներին ծանոթ չլինելով, շտապել են հերքում տեղադրել. Aparaj.am-ի խմբագրակազմը տեղեկացնում է, որ ,Հրապարակն» ապատեղեկատվություն է տարածում: «Մեր կայքում երբեւիցե նման հոդված չի տեղադրվել, լրագրողներից որեւէ մեկը նման հարցով Այգեստան գյուղում չեն եղել, եւ վերը նշված հոդվածի մեջ նշված անձանց հետ որեւէ առնչություն չենք ունեցել»: Ուզում ենք հավատալ մեր գործընկերներին, սակայն չենք կարող, որովհետեւ կատարվածի իրական ապացույցը գտանք համացանցում, ՀՅԴ «Արցախի երիտասարդական միության» տարածած ֆեյսբուքյան նյութերում: Սա ,Ապառաժիե հրապարակման հղումն է: Նրանք ջնջել են նյութը կայքից, բայց հղումը, որտեղ պարզ երեւում է եւ կայքի անունը, եւ հրապարակման ամսաթիվը, մնացել է: Այն ներկայացնում ենք լուսանկարի ձեւով: Այս հղումին հետեւելով տեսնում ես, որ հասցեն չի գտնվել: Ուստի ստիպված ենք մերժել մեր սիրելի ապառաժցիներին. ձեր պահանջը կատարել՝ հերքել մեր նախորդ հրապարակումը, չենք կարող:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ



[email protected]