Պետությունը հոգ էր տանում, որ երեխաները մեծանան հեքիաթների տակ

Պետությունը հոգ էր տանում, որ երեխաները մեծանան հեքիաթների տակ

Մենք այսուհետ պարբերաբար կներկայացնենք մեր հեռուստատեսության ավագ սերնդի «դեմքերին», ովքեր, անկախ այն բանից՝ եղել են 1-ին պլանում, թե կուլիսներում, կերտել են մեր կեսդարյա հեռուստատեսության պատմությունը: Խորագրի 1-ին հյուրն է ,Հեքիաթն է կանչումե հաղորդման հեղինակ, վարող Նոննա մորաքույրը` Նոննա Զոտովան, ում հեքիաթների տակ է մեծացել մի քանի սերունդ: Մի հաղորդում, որի պակասն այսօր էլ կա եթերում: Նա հեռուստատեսությունում աշխատել է 1977-2002թթ., այժմ դասավանդում է դերասանի վարպետություն եւ բեմական խոսք: Հեքիաթն իր մեջ կրող Նոննա մորաքրոջ տունն անգամ կարծես «Հեքիաթն է կանչում» հաղորդման տաղավարը հիշեցներ` իր անթիվ խաղալիքներով հանդերձ:



ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԺԵ  ԻՆՉ-ՈՐ ԳՈՒՄԱՐ




- Վաղ հասակից երազում էի դերասանուհի դառնալ, հետո երազում էի եթերից երեւալ, Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Կիմ Արզումանյանն ինձ հրավիրեց հեռուստատեսություն: Ինքն այդ ժամանակ բեմադրում էր «Փորձադաշտը», որտեղ խաղընկերներս պետք է լինեին Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը: Կարելի է ասել` երազանքս ինչ-որ կերպ իրականացավ, եւ ինձ ընդունեցին հեռուստաթատրոն: Տարիներ հետո, երբ լուծարվեց հեռուստաթատրոնը, ինձ հրավիրեցին մանկական խմբագրություն, եւ սկսեցի վարել «Հեքիաթն է կանչում», հետո՝ «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագրերը: Մարդկանց երազանքները երբեմն իրականանում են, իմ պարագայում դա այդպես էլ եղավ:




- Հեռուստատեսությունում այլ ծրագրեր, հաղորդումներ վարելու առաջարկներ չեղա՞ն, թե՞ միանգամից գտնվեց Ձեր կերպարը, ու պարզ էր, որ եթերում Ձերը հեքիաթների դաշտն է:




- Երաժշտական խմբագրությունում էլ եմ ես բավականին հաղորդումներ վարել, հեռուստաթատրոնից դուրս երգիծական հաղորդումներ, սկետչեր էլ եմ վարել, տարբեր խմբագրություններում եղել եմ, բայց մանկականն ինձ ավելի հոգեհարազատ էր, որովհետեւ եթե մի բան շատ ես ուզում, բայց չի կարելի, այնուամենայնիվ, եթե ուզում ես` հնարավոր է իրականանա:




- Այդ ժամանակ ի՞նչ էիք ուզում, որ չէր կարելի հեռուստատեսությունում:




- Դե, ասում էին, հեն է՝ ծրագիրը կա, ասում էի` ես ուրիշ ձեւ եմ ուզում, ինչ-որ մի բան ինձ չէր տրամադրում, այլ կերպ էի մտածում, ու երբ ստացվեց, արդեն ինձ զգում էի ինչպես իմ ափսեում: Էլի մանկական շատ հաղորդումներ վարեցի, բայց ինձ հոգեհարազատը «Հեքիաթն է կանչումե եւ «Հեքիաթների դաշտը» հաղորդումներն էին: Հետաքրքիր է նաեւ, որ ինձ հետ աշխատող այդ տիկնիկներին` փիսիկին, շնիկին, իշուկին, միանգամից ընդունեցի, դե, պարզ է, որ դերասաններ էին, իմ խաղընկերները, որոնց հետ արդեն իմպրովիզներ էլ էինք անում հաղորդման ընթացքում, եւ կարեւորը հենց դա էր, որ իրենց հետ շփվում էիր իբրեւ կենդանի էակի: Վերջերս մոսկովյան «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման 50-ամյակն էր, մինչ օրս գնում է, առանց ընդհատումների, եւ ոչ ոք չի ասում, որ ծերացել է հաղորդումը, արդեն պետք չէ, իսկ այստեղ՝ մեզ մոտ, չգիտես ինչու, ասում են` չեն նայի…, իսկ ի՞նչը նայեն…




- Կարծում եմ՝ ավելի ծերացած հաղորդումներ կային, որ վերադարձրին եթեր… դա՞ էր պատճառը, որ «Հեքիաթն է կանչում»-ը դուրս մղվեց եթերից:




- «Հեքիաթն է կանչումե-ը եկավ ու դեմ առավ ֆինանսական դժվարությունների: Այսօր ֆինանսներն են որոշում կամ այն մարդը, ով կբերի ֆինանս: Հետո դա բավականին տարողունակ ծրագիր է, եթե մենք ժամանակին կարողանում էինք ինկրուստացիա կոչեցյալն օգտագործել, որպեսզի հետաքրքիր դրվագներ ստեղծենք եւ մենք այդ ֆոնին նստենք, որը, սակայն, կենդանի չէր: Հիմա ամեն ինչ հնարավոր է պատվիրել, հազար ու մի հնարք գործածել, բայց այդ ամենն արժե ինչ-որ գումար: Ես էլ այն մարդը չեմ, որ գնամ ու գումար խնդրեմ: Իսկ այն ժամանակ պետությունը տրամադրում էր, հոգ էր տանում, որ իր երեխաները մեծանան հեքիաթների տակ:



ԲԱՐԻ ԵՐԵԿՈ, ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐ




Գերագույն հաճույք եմ զգում, երբ փողոցում ինձ մոտենում են բավականին մեծ տարիքով կանայք եւ ասում. «Նոննա մորաքույր, մենք Ձեր հեքիաթների տակ ենք մեծացել»: Թող մեծամտություն չլինի, որովհետեւ իմ կողքին կային նաեւ այլ «մորաքույրներ», բայց երբ ես ասում էի՝ բարի երեկո, սիրելի փոքրիկներ, տատիկներ ու մայրիկներ, հայրիկներ ու պապիկներ…, ես իսկապես բարի երեկո էի մաղթում, դա ոչ թե բառակապակցություն էր, որն անհրաժեշտ էր ներածության համար, այլ իսկապես բարի երեկո էր: Իսկ հիմա, դժբախտաբար, գոյություն ունի համակարգիչը, եւ այդ կենդանի շփումը գրքի հետ չկա: Ես մտածել եմ՝ արդյո՞ք հիմա՝ 21-րդ դարում, հետաքրքիր կլինի «Հեքիաթն է կանչում»-ը, հետո ինքս ինձ պատասխանել եմ, որ դա անհրաժեշտ է: Այն փրայմ թայմը, որի ընթացքում գնում էր այդ ծրագիրը, ի՞նչ կա որ, կարելի է եւ 15 րոպե տրամադրել իրենց հարազատ երեխաներին եւ ստեղծել բավականին հետաքրքիր ծրագիր, որը չի խանգարի թե համակարգչին, թե մյուս մուլտերին, որն ասելիք կունենա: Այսօր մեր երխաները վայրենացել են, Մայակովսկու դպրոցը մեր կողքին է, մեր բակով են դպրոց գնում, ու տեսնում եմ, թե մի կատվի ձագ տեսնելիս այդ ինչ է հետները կատարվում, էլ փըշտ, էլ ընկնում են այդ խեղճ արարածների հետեւից, մի խոսքով՝ վայրենի են դարձել: Փոքր ժամանակ, երբ աղջիկս շպրտում էր տիկնիկը, ասում էի՝ բայց դու նրան ցավ պատճառեցիր, նա էլ է զգում, երբ դու նրան սիրում ես կամ պատով ես խփում։ Իսկ հիմա դա չկա: Այն օրը եթերով սեպտեմբերի 1-ի հետ կապված երեխային հարցնում են՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ նախագահ, լավ, ընդունելի է, հարցնում են՝ բայց ի՞նչ ես սիրում, ասում է՝ կռվել եմ սիրում, արյուն եմ սիրում… այ թե ուր ենք հասել, իսկ դա մեր երեխաներն են: Եթե նույնիսկ մի կողմ դնենք Թումանյանի, Պիեռոյի, Անդերսենի հեքիաթները, որոնք ոչ միշտ են բարի լինում, ստեղծեք ձեր սեփական հեքիաթները, ոչ ոք չի պարտադրում, որ վերցնեք գիրքը եւ նստեք լուրջ-լուրջ կարդաք: Մարդն ինքը կարող է ժամանակակից հեքիաթ հորինել: Դրանի՛ց էլ հաճույք պետք է քաղել: Իհարկե, կոչ չեմ անում հեքիաթներին հավատալ, եւ որ ամբողջ կյանքը հեքիաթ է, վարդագույն ակնոցներով կյանքին նայել, բայց կարող եմ ասել, որ կյանքում էլ լինում են հեքիաթային պահեր:




- Իսկ ինքներդ հեքիաթներ գրո՞ւմ եք:




- Դա հեքիաթ չէ, պատմություններ են, որոնք ես գրում էի, երբ աղջիկս փոքր էր, ամենահետաքրքիրն այն էր, որ դա կապված էր կենդանիների հետ, ու հիմա խորը դրված են թղթապանակում: Երբ աղջիկս հղի էր, իրեն ասում էի՝ հեքիաթ կարդա, երեխաները լսում են, պետք չէ սպասել, որ մի քիչ մեծանա, նա արդեն մայրիկի փորիկում կենդանի էակ է: Երբ սկսեցի այդ հաղորդումը վարել, աղջիկս մի քիչ հետո ծնվեց, ու երբ խմբագրիս հետ հեքիաթներն ընտրում էինք, ասում էի՝ այս հեքիաթները, որովհետեւ երբ երեխադ մեծանում է, դու նրա աչքով ես նայում` հետաքրքիր է, թե ոչ: Իսկ քանի որ տեսագրում էինք հաղորդումը, հաճախ իրար հետ էինք նայում, ու աղջիկս, հեքիաթը թողած, զարմացած նայում էր, թե ինչպես է մաման համ հեռուստացույցի մեջ, համ իր կողքին:




- Ի՞նչ եք կարծում՝ այսօր հնարավոր կլինի՞ հետ բերել հաղորդումը եթեր, եւ միայն ֆինանսի հե՞տ է դա կապված:




- Կարծում եմ՝ ցանկության դեպքում, անկախ ֆինանսից, կարելի է նորից հաղորդումը հետ բերել եթեր, բայց պետք է որակյալ բան անել, հենց այնպես անել՝ անելու համար, պետք չէ, անելուց պետք է հետաքրքիր, բովանդակալից բան անել, դա է կարեւորը:



ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ ՉՆԱՅԵԼ




- Հիմա հեռուստատեսությունն այնքան հնարքներ ունի, հնարավորություններն այնքան են մեծացել, որ ասում ես՝ ափսոս չէ՞, այս ամեն ինչը ծախսվում է այս հիմարության վրա: Շատ վաղուց չէ, մի 20 տարի առաջ դու աշխատում էիր, պրպտում էիր ինչ անել, ոնց անել ու արդյունքում ստանում էիր բավարարվածություն: Իսկ հիմա ոչնչով չես զարմացնի, հատկապես, որ արտասահմանը թելադրում է այս կամ այն ծրագիրը, իսկ դու քո ուղեղը չես շարժում: Նայում եմ հեռուստատեսություն, բայց աշխատում եմ հայկական ալիքներ շատ չնայել, նյարդայնանում եմ թե պահվածքից, թե հագուկապից, թե գռեհիկ խոսքից, իհարկե, կան մարդիկ, որ նորմալ են խոսում, բայց մեծ մասը, որ լցված են այդ սերիալներում, էլի կամաց-կամաց գլուխ են բարձրացնում, երեխաներն էլ, իրենց հերթին ծռելով իրենց բերանները, կապկում են այդ հերոսներին, իսկ դա արդեն մտածելու առիթ է տալիս: Ես ռուս եմ, բայց Հայաստանում պետք է հայերեն խոսենք, ես հաճույք եմ ստանում, երբ կողքից գեղեցիկ հայերենով են խոսում: Շատ ժամանակ ասում եմ՝ ի՞նչ ասեց, իսկ հեռուստադիտողը չպիտի ասի` ի՞նչ ասեց, հաղորդավարի խոսքը պետք է դիպուկ լինի ու հասնի ականջիդ, կարեւորը դա է: Եթե առաջ ասում էին՝ գրաքննություն կար, ես այդ գրաքննությունը բացարձակ չեմ զգացել, բայց հիմա մարդիկ կան, որ ձայն են բարձրացրել, որ պետք է հետ վերադառնա, եւ անհրաժեշտ է գրաքննությունը… գուցեեւ, ինչո՞ւ ոչ… Ամեն դեպքում, աշխատում եմ եւ լավն ասել, եւ վատը, եւ ցանկություն հայտնել, որ ամեն ինչ այսպես չի մնա, պետք է ինչ-որ բան շտկվի:




- Բայց կշտկվի՞, եթե բոլոր հեռուստաընկերություններն իրար հետ մրցում են վարկանիշի համար:




- Ես այդ վարկանիշներին շատ հեգնանքով եմ վերաբերվում:




- Բայց միեւնույն է՝ դա կա:




- Նայած ովքեր են այդ վարկանիշներն ստեղծում, կարող են ասել՝ «թե հեռուստաընկերությունն իր վարկանիշով անցել է, իսկ ,ղե հեռուստաընկերությունը գտնվում է ներքեւի կետում:




- Համաձա՞յն եք, որ Հանրային հեռուստաընկերությունը գոնե չպետք է ընկնի այդ վարկանիշների հետեւից:




- «Հանրային» բառն արդեն հուշում է, որ ամեն ինչ պետք է արվի հանրության համար, ծրագրերի բնույթն ուրիշ պետք է լինի, ո՞վ ասաց, որ միայն մեծերի համար պետք է լինեն հաղորդումները: Իհարկե, ճիգեր գործադրվում են, բայց թե որքանով են դրանք արդարացվում, չգիտեմ: Այստեղ պետք է մտածեն մարդկանց մասին, ոչ թե ինչ-որ հնարքներով ստեղծեն ինչ-որ բան, որը չունենա իր լսարանը: Ինչո՞ւ են մեծ մասը նայում ռուսական ծրագրեր, հաղորդումներ, սերիալներ, որովհետեւ մարդկային են դրանք: Ես շատ զարմացա, երբ երեկոյան 10-ին իրենք հաղորդում էին ցուցադրում իրենց դիկտորների մասին, նրանք օգտագործում են այդ մարդկանց, անկախ նրանից՝ եթերում կան նրանք, թե ոչ, իսկ մեզ մոտ այդպես չէ… թե ինչու է այդպես, դա կասեն երեւի այն մարդիկ, ովքեր չունեն ցանկություն, որ նման մարդիկ եթերում երեւան: Փառք Աստծո, այդ մարդկանց եւ տեսքը, եւ խոսքը տեղն է, բայց թե ինչու են այդ մարդկանց գցել 9-րդ պլան, դա պետք է արդեն հարցնել այդ չինովնիկներին հեռուստատեսությունից:




Սոնա ԱԴԱՄՅԱՆ