Ազատել են «Նաիրիտի» տնօրենին
Երեկ «Նաիրիտի» խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: Նրա փոխարեն այս պաշտոնին կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: Խորհրդի նիստին ներկա է եղել էներգետիկայի նախարարի տեղակալներից մեկը, «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաեւ ռուսական կողմի մի ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» հետ կապված գործնական ծրագրեր ուներ «Ռոսնեֆտ» ընկերությունը: Այս տեղեկություններն իմացանք գործարանի աշխատակիցներից: Հովհաննես Հախինյանը «Նաիրիտ» ՓԲԸ-ի ամենահին աշխատողներից էր, որը մոտ 50 տարի աշխատում էր այստեղ: 2011 թվականից նա ղեկավարում էր գործարանը՝ այս պաշտոնում փոխարինելով Վահան Մելքոնյանին: Ուշ ժամի պատճառով չհաջողվեց ճշտել նիստի մանրամասներն ու Հախինյանին ազատման պատճառը: Կոլեկտիվում տարածված է կարծիք, որ նրան պարզապես քավության նոխազ դարձրին: Բացառված չէ, որ այս որոշումը կապված էր աշխատավարձը վճարելու նաիրիտցիների պահանջների հետ: Վերջին անգամ նրանք իրենց պահանջները ներկայացրին կառավարության շենքի մոտ, անցած հինգշաբթի: Այդ օրը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ, որ սեպտեմբերի կեսին մի անգամ էլ աշխատավարձ կբաժանեն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այլեւս փող չի տալու կոլեկտիվին:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ