Ամբաստանյալն էլ իր հետաքննությունն է անում

Ամբաստանյալն էլ իր հետաքննությունն է անում

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դատաքննությունը: Վերջին նիստում բուռն քննարկում ծավալվեց հատկապես Սամվել Հովհաննիսյանին 178 հոդվածով՝ «Խարդախություն», առաջադրված մեղադրանքի շուրջ:



Այն, ըստ պաշտպանական կողմի, կեղծ է, քրեական գործի 7 հատորից 6-ը պետք է անթույլատրելի ճանաչել, իսկ անհիմն մեղադրանքը՝ կարճել: Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Մոսկվա քաղաքի Սավելսկի շրջանի դատարանի որոշման հիման վրա «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի կողմից ստացված Մրազ Շառոյանին պատկանող բջջային հեռախոսահամարի վերծանումների անթույլատրելի լինելուն, քանի որ «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի կողմից ստացված լազերային սկավառակն օրենքի խախտումով է բացվել (առանց ընթերակաների մասնակցության), դրա իսկությունը կասկածելի է Հովհաննիսյանի համար:



Հիշեցնենք, որ Մրազ Սլոյանը Ջամալ Սլոյանի եղբայրն է, որի սպանությունը, վրեժխնդրությունից դրդված, պատվիրված էր նրա նախկինում կատարած հանցագործության զոհի հարազատների կողմից, որին, ըստ մեղադրանքի, մասնակցել է ՔԿՎ նախկին պետը: Ձայնագրությունը, իբր, ապացուցում է Հովհաննիսյանի մեղքը: ՔԿՎ նախկին պետը, սակայն, դատարանում հայտարարեց, որ վերծանումների իսկությունն իրեն ի սկզբանե կասկածելի է թվացել (վեց ամսվա կտրվածքով վերծանումները կազմել են ընդամենը 9 էջ), ինքն իր կապերի միջոցով հեռախոսային օպերատորից ձեռք է բերել Մրազ Շառոյանին պատկանող հեռախոսահամարի իրական վերծանումը, որը կազմված է 178 էջից: Դրանից երեւում է Մրազ Շառոյանի անընդմեջ հեռախոսային կապը Գորիս քաղաքի համապատասխան իրավապահ մարմնի աշխատակցի հետ, սա այն պարագայում, երբ քրեական գործով անցնում է, որ իբր 2011թ. կեսերին Ջամալ Սլոյանի նկատմամբ «Գորիս ՔԿՀ»-ում մահափորձ է իրականացվել, անմարդկային պայմաններ են ստեղծված եղել:



Այսինքն՝ եթե նախաքննական մարմինը կեղծ վերծանման փոխարեն իրական վերծանում ստանար, ուսումնասիրեր, ապա այս հանգամանքը կբացահայտվեր: Սամվել Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա նիստին այս ամենի կապակցությամբ նոր փաստեր կներկայացնի:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]