Աղբյուրի բացահայտման գործով պատասխանող չկա

Աղբյուրի բացահայտման գործով պատասխանող չկա

«Հրապարակ» թերթի եւ «ilur.am» կայքի տեղեկատվության աղբյուրի բացահայտման շուրջ ծավալվող դատավարությունը վերածվում է ՀՀ քաղաքացիների արտահայտվելու ազատության պաշտպանությանը, որը մարդու հիմնարար ազատություններից մեկն է եւ ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից։ Տվյալ դեպքում միջամտողը Գլխավոր դատախազությունն է, որը պահանջում է նշված ԶԼՄ-ներից հայտնել ՀՔԾ քննիչներին, թե որտեղից են նրանք իմացել, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն է գործադրել գյումրեցի ըմբիշներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյանների նկատմամբ, երբ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը կանգնեցրել է նրանց ավտոմեքենան ավտոճանապարհային խախտում կատարելու համար: ԶԼՄ-ները բողոքարկում են վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ:



Նրանց շահերը պաշտպանում է հանրային շահին առնչվող աղմկահարույց դատավարությունների բովով անցած փաստաբանների խումբը՝ Արտակ Զեյնալյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչը ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանն է: Երեկվա ողջ նիստի ընթացքում նրանք ծավալուն եւ մանրամասն հիմնավորում էին, թե ինչու է առաջին ատյանի որոշումը ենթակա բեկանման, ապացուցում էին, որ դատախազության միջամտությունը սահմանված չէ ՀՀ օրենքներով եւ անհրաժեշտ չէ ժողովրդավարության հասարակարգի համար: Թե ինչու է Խանդանյանի ընդունած ակտը ենթակա բեկանման, ամփոփելով մյուս փաստաբանների ելույթները, ներկայացրեց Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա, առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունել այս գործը, քանի որ Քրդատoր. 279-րդ հոդվածը («Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները») տեղեկատվության աղբյուրի գաղտնիության սահմանափակումների հետ կապված ընթացակարգ չի նախատեսում: «Դատարանը չպետք է անդրադառնար մյուս փաստարկներին, որովհետեւ դա իր գործը չէր: Սակայն, եթե դատարանին հաջողվի հիմնավորել, որ կա իրավական բաց այս առումով, ապա մենք գտնում ենք, որ դատական իշխանությունը չպետք է յուրացնի օրենսդիր իշխանության լիազորությունները եւ փորձի իրավաստեղծ գործունեությամբ զբաղվել»,- ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքն ուսանելի է թե լրագրողների համար, որոնք Գեւորգ Կոստանյանի ջանքերով վերջերս ավելի հաճախ են ստանում իրավապահներից աղբյուրի բացահայտման պահանջներ, թե դրանով վարույթի իմիտացիա ստեղծող քննիչների համար եւ ցույց է տալիս դատավարության անհեթեթությունը: «Հաջորդ փաստարկը: Տվյալ գործով մեր վստահորդները պատշաճ պատասխանողներ չեն, հարգելի դատարան:



Տեղեկատվության աղբյուրը իրավաբանական անձինք չէ, որ տնօրինում են, կամ դրանց խմբագիրները: Դատարանը պարտավորեցրել է լրատվական «ilur.am» կայքին, «Հրապարակին» տալ տեղեկատվության աղբյուրի անունը, ինչին նրանք չեն կարող տիրապետել, եւ որին բացառապես հոդվածագրերն են տիրապետում: Այս հոդվածները չեն գրվել խմբագիրների կամ կայքերի անունից, այլ ունեն կոնկրետ հեղինակներ: Եվ այսպիսի գործերով դատական ակտը պետք է կայացվի բացառապես լրագրողի դեմ, նրա իրավունքին միջամտելով: Այսինքն, սույն գործը պետք է կարճվի նաեւ, որովհետեւ այս գործով մեր վստահորդները պատասխանող լինել չեն կարող: Երրորդ փաստարկը՝ այս գործով դատաքննությունը չէր կարող անցկացվել դռնփակ, որովհետեւ սա միջամտություն է մեր վստահորդների արդար դատաքննության իրավունքին: Կարծում եմ՝ պետք չի լրացուցիչ հիմնավորեմ, թե ինչպիսի հիմնարար տեղ եւ դեր ունի այդ իրավունքը ժողովրդավարական հասարակարգի համար: Այսինքն, այս հիմքով էլ դատական ակտը պետք է բեկանվի»: Զեյնալյանն այլ փաստարկներ էլ բերեց, որոնք ինքնուրույն էին, եւ յուրաքանչյուրը բավարար էր վերաքննիչ բողոքը բավարարելու համար: Դատախազ Պետրոսյանը, որը ողջ նիստի ընթացքում լսում էր հակառակ կողմին, վերջում հայտարարեց, որ մինչ օրս վերաքննիչ բողոքի տեքստը չունի: Զարմանալի է, որ Պետրոսյանն այս մասին հիշեց դատավարության սկզբից մեկուկես ամիս հետո: Զարմացած էր նաեւ նախագահող դատավոր Եվա Դարբինյանը, որը հետաձգեց քննությունը, հաջորդ նիստը նշանակելով սեպտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին:
ՀԳ. Հիշեցնենք, որ նախորդ նիստերը եւս հետաձգվում էին դատախազի պատճառով: Նա մեկ անձնագիր չուներ, մեկ՝ լիազորագիր: Երեկ վերջապես մի թուղթ էր բերել իր վերադասից, որը ԶԼՄ-ների ներկայացուցիչները լիազորագիր չհամարեցին: «Մի հասարակ բողոքի ստուգման ընթացքում անգամ դատախազի լեգիտիմությունը հնարավոր չեղավ ապահովել: 4 նիստ է եղել, բայց դատախազությունը մի հասարակ լիազորագիր չկարողացավ տալ իր աշխատողին, այնպիսին, ինչպիսին մեր վստահորդներն են մեզ տվել»,- ասաց ԶԼՄ-ների ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]