Բարի տեքստ տնօրենի մասին

Բարի տեքստ տնօրենի մասին

Օգոստոսի 20-ին մեր թերթում հրապարակել էինք հոդված այն մասին, որ արտագաղթի պատճառով կրճատվում է մարզային բժիշկների աշխատավարձը, որ Կապանի եւ մերձակա բնակավայրերի բնակչությունը 11 հազարով պակասել է: Մի ամբողջ Սիսիան քաղաքի չափ բնակչություն է հեռացել Սյունիքից վերջին 2-3 տարում: Սա մենք ցույց էինք տվել Կապանի բժշկական կենտրոնի օրինակով: Հոդվածում այդ կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը, որն արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրն է, բացատրում էր, թե ինչի արդյունքում է ստիպված եղել իջեցնել իր աշխատակիցների աշխատավարձը: «Դա իմ որոշումը չի, պոլիկլինիկաների բուժանձնակազմը վարձատրվում է ըստ այն մարդկանց քանակի, ովքեր ընտրել են տվյալ բժշկին, այսինքն, ըստ հավաքագրված բնակչության թվի: Իսկ այդ բնակչությունը, ըստ վերջին հաշվարկների, նվազել է: 11 հազար մարդ է պակասել»: Տնօրենի պատասխանը մեզ հիմնավոր թվաց: Այն սենսացիոն բացահայտում էր անում, պատասխանելով աշխատավարձի նվազման հետ կապված պոլիկլինիկայի աշխատողների դժգոհություններին: Այդ դժգոհությունների մասին գիտեինք բուժքույրերից մեկի հետ փակ զրույցից: Բոլորը գիտեն, որ մարդիկ լավ կյանքից չեն արտագաղթում, եւ եթե այսպես շարունակվի, ապա մի 5 տարուց Սյունյաց աշխարհում մարդ չի մնա: Բայց սա՝ ոչինչ: Տնօրենին, պարզվում է, ավելի է անհանգստացրել այն հանգամանքը, որ իր աշխատողները տարբեր տեղեր խոսել են, որ դժգոհ են տնօրենից, պատմել են, որ իրենց ստիպել են ցածր աշխատավարձով նոր պայմանագրեր կնքել, որ պատմել են տնօրենի կոպտությունների, իրենց «ոչխար», «անասուն» անվանելու մասին: Մեր հոդվածում Սմբատ Օրբելյանը հերքում է իր կոպտության մասին լուրերը: «Ես ձեզ տղամարդու պես ասում եմ՝ չի եղել նման բան, եթե պետք է՝ երդվեմ, Ավետարան բերեմ: Չի համապատասխանում իրականությանը»: Այն, որ մեր հոդվածում ներկայացրել էինք նաեւ իր տեսակետը, նրան բավարար չի թվացել, եւ նա մի տեքստ է ուղարկել՝ իր աշխատողների ստորագրությունները տեքստի տակ: Այս գրությունից երեւում է, որ աշխատողներն ամենեւին էլ դժգոհ չեն աշխատավարձի շեշտակի կրճատումից, որ նրանք «ներկայացրած աշխատանքային պայմանագրերն ստորագրում են ազատ կամքով, որ աշխատավարձի նվազեցումը քննարկվել է իրենց հետ»։ Ինչ վերաբերում է տնօրենի բառապաշարին, ապա նրանք գրում են, որ «Օրբելյանն իր գործունեության ողջ ընթացքում հարգանքով է վերաբերվել ոչ միայն իր աշխատակիցներին, այլեւ առհասարակ բոլորին»: Եվ ամենակարեւորը՝ մեզ, որ փորձել ենք իրենց իրավունքները պաշտպանել, մեղադրում են տնօրենի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու մեջ: Այս տեքստի տակ ստորագրել է 50-ից ավելի մարդ: Մենք սա հերքում կանվանեինք, եթե հոդվածը պատրաստելիս զանգահարած չլինեինք Կապանի բժշկական կենտրոն, եթե մեր բոլոր հարցերը տնօրենին ուղղած եւ նրա պատասխանները ներառած չլինեինք մեր տեքստում: Սա մի բարի տեքստ է շեֆի մասին եւ նշանակում է, որ աշխատակիցները պաշտոնապես սիրում են Օրբելյանին, համաձայն են նրա բոլոր հրամանների հետ եւ հայտնում են «Հրապարակ» թերթին. «Մեր տնօրենը լավն է», ու ստորագրում են:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ