Միջավայրն եմ հարմարեցնում ինձ

Միջավայրն եմ հարմարեցնում ինձ

«Բոլոր ДЦП-ների (մանկական ուղեղային կաթված) կյանքի երազանքը քայլելն է, բայց ես ինձ չեմ տրամադրում քայլելուն, քանի որ ինքնուրույն եմ, ամեն ինչ անում եմ առանց քայլելու, հարմարվում եմ ինքս իմ խնդրին, որովհետեւ չեմ ուզում այդ խնդրով մտածելու վրա ժամանակ կորցնեմ։ Դա ինձ խանգարում է, բայց, փառք Աստծո, ունեմ ընկերներ, որ ինձ օգնում են շատ տեղերում, նույնիսկ այնտեղ, որտեղ ինձ օգնություն պետք չէ»,-ասում է Արտակն ու առանց ընկերների օգնության քայլակն ինքնուրույն մոտեցնում նստարանին։



17-ամյա Արտակ Դավթյանը դրական ու կամային հատկանիշներով օժտված այն երիտասարդներից է, ով փոփոխություններն սկսել է առաջին հերթին ինքն իրենից։
Արտակի մոտ մանկական ուղեղային կաթվածն ախտորոշվել է ծնված օրվանից՝ 4 վերջույթների ախտահարմամբ, տարել է 2 վիրահատություն, որից հետո 2 ձեռքերն արդեն վերականգնվել են՝ նրան թույլ տալով այսօր քաղաքում տեղաշարժվել ավելի հաճախ ոչ թե սայլակի, այլ քայլակի օգնությամբ։ Ասում է՝ սայլակով չի զգում այն ինքնուրույնությունն ու ինքնավստահությունը, որքան քայլակով, բայց անհրաժեշտության դեպքում էլ սայլակով տեղաշարժվելու խնդիրներն ավելի շատ են քաղաքում։



Արտակը սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում, հիշում է, որ ընտրությունն ինքնաբերաբար եղավ, հետո ավելի է անկեղծանում․ 10 տարի պարապել է լող ու 2011-ին Ռուսաստանի լողի բաց առաջնությանը 3-րդ սպորտային կարգում 2-րդ տեղի 2 մեդալ նվաճել։ Ու քանի որ սպորտային կարգն արդեն ուներ, շատ էր ուզում ֆիզկուլտինստիտուտում սովորել, բայց ասում է, որ իր ցանկությանը հակասող բան էլ կար․ «Իրենց կանոնադրության մեջ կետ կար, որ հաշմանդամները չեն կարող սովորել ֆիզկուլտինստիտուտում», ինչն արդեն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը մնում է այդպես էլ չլուծված։



«Շատ մարդիկ իրենց երեխաներին փակում են տանը, որովհետեւ ամաչում են իրենց երեխայի վիճակից ու երեխային էլ սովորեցնում են, որ դա ամոթ է․ մինչեւ չբուժվես՝ չես քայլելու, բայց դրա հետ մեկտեղ իրենք ազդում են այդ երեխայի հոգեբանության վրա, ու քանի որ երեխան շփում էլ չի ունենում իր հասակակիցների հետ, առաջանում է մտավոր հետամնացություն՝ ի տարբերություն իր տարեկիցների»,-իր մտահոգություններով կիսվում է Արտակն ու պատմում, որ հաճախել է նաեւ մի քանի հոգեբանական կուրսերի, որից հետո դարձել է ընկերների հոգեբանն ու խորհրդատուն։ Իր մասին խոսելով, Արտակն ասում է՝ «քաշվածություն» չի ունեցել իր խնդրից․ «Ով էլ որ խղճում է, հետո հասկանում է, որ խղճալ պետք չէ, որովհետեւ եթե իրանցից մի բանով պակաս եմ, ուրեմն 2 բանով էլ ավել եմ։ Նրանք, ովքեր ընդունել են ինձ այնպես, ինչպես կամ՝ ապրեն»։



Քոլեջում, որտեղ սովորում է Արտակը, բացակայում են թեքահարթակները, աստիճանները շատ են, անհարմար, լսարանների դռները՝ նեղ, չհաշված շրջապատի փոսերը, ինչը մեծ անհարմարություններ է ստեղծում նրա համար, իսկ եթե հաշվի առնենք, որ դասերը նույն լսարանում չեն լինում, եւ ստիպված են անընդհատ տեղաշարժվել քոլեջի ներսում, ապա այդ անհարմարությունները կրկնապատկվում են։
Արտակի մայրը՝ Վարդուհի Արամյանը, պատմում է, որ 1-ին անգամ, երբ գնացել է քոլեջ՝ ծնողական ժողովի, միանգամից բախվել է մարդկանց անհանդուրժողականությանը. «Մտա լսարան այն պահին, երբ ակտիվ եռուզեռ էր, կողքիս նստած կինն ասում է՝ էս լսարանում մի հաշմանդամ երեխա կա, իրա պատճառով լսարանը պադվալային հարկում ա։ Բոլորը վրդովված էին, ես լուռ լսում էի, ու արդեն լացս գալիս էր, ասում էի՝ գոնե մարդիկ հարցնեն․ այդ երեխայի ծնողն աստե՞ղ է։ Ամենավատն այն է, որ կային տղամարդիկ, ովքեր այդպես վատ էին խոսում, այսինքն՝ քո խնդիրը, չգիտես ինչու, խանգարում է շատ մարդկանց, այնքան բողոքեցին, որ լսարանը տեղափոխեցին բարձր հարկ»։ Արտակին քոլեջ գնալիս հիմնականում օգնում են ընկերները։ «Քանի որ դանդաղ եմ բարձրանում, տղաներն էլ են դրանից օգտվում, ու մի 10 րոպե բոլորով դասից ուշանում ենք»,-կատակով պատմում է Արտակն ու քիչ թե շատ հարմարեցված շենքերից նշում է բանկերը, հիվանդանոցները, մի քանի դատարաններ, իրենց դպրոցի շենքը, որի ներսն էլի չհարմարեցված է, որտեղ մի քանի անգամ ընկել է. «Սուպերմարկետներն էլ մեզ համար չէ, որ հարմարեցրել են, այլ իրենց սայլակների»։



Նա ավելի գլոբալ խնդիր է համարում հարթակների տեխնիկապես սխալ կառուցումը․ «Ու կամ ինքնասպան պիտի լինես, կամ կասկադյոր, որ կարողանաս իջնել կամ բարձրանալ, դրա համար ավելի լավ է չլինի, քան լինի, բայց՝ սխալ։ Աստիճաններն էլ մեր քաղաքում ունեն բոլտիկներ, որոնք խանգարում են նույնիսկ ինձ, որովհետեւ քայլակի հետեւի ռեզինները հաճախ դուրս են գալիս։ Ու քանի որ մեր քաղաքում միջավայրի ամենաշատը 5 տոկոսն է հարմարեցված, ստիպված ես ինձ եմ հարմարեցնում ու ինչ-որ տեղ՝ իմ ընկերներին, բայց ես չպիտի հարմարվեմ, պիտի հարմարեցված լիներ»։



Մատչելի չէ նաեւ այն բնակելի շենքը, որտեղ ապրում է Արտակն իր ընտանիքի հետ։ Մայրը պատմում է, որ իրենց շենքի թեքահարթակը կառուցել է Հանրապետական կուսակցությունը, մեկ օրում՝ ընտրություններից առաջ։ «Ընդամենը մեկ օրում կառուցվեց մոտ 4 մետրանոց թեքահարթակ, այնքան արագ, որ բոլորը զարմացել էին։ Էլի գալիս ենք նրան, որ եթե ցանկություն լինի, ամեն ինչ կարվի»,-պատմում է Վարդուհին ու ընդգծում, որ ցանկացած աստիճանավանդակ ավելի թանկ արժե, քան թեքահարթակը, բայց էլի աստիճանավանդակներ են սարքում։ «Վերջերս վերանորոգվեցին «Հայփոստի» գրեթե բոլոր կետերը, որտեղ ոչ մի տեղ չեն կառուցվել թեքահարթակներ կամ կառուցվել են շատ մեծ թեքությամբ։ Տեխնիկայի վերջին ճիչով վերանորոգվեցին նաեւ բոլոր դատարանները, բայց ոչ մի դատարանում վերելակ չկա, երբ հարցնում ես՝ վերելակ չունե՞ք, ասում են՝ շենքն ընդամենը 3 հարկ է»։



Հանդիպմանը ներկա Արտակի ընկերներն էլ՝ Արթուրը, Էրիկը, Տիգրանը, պատմեցին, որ մի անգամ քանդված Հյուսիսային պողոտայով գնալիս են եղել Հանրապետության հրապարակ՝ Ներսիկ Իսպիրյանի համերգին, բայց, հաղթահարելով փոսերն ու բազմաթիվ աստիճանները, համերգին հասել են այն ժամանակ, երբ արդեն ավարտված է եղել, ինչը տղաներն այսօր ժպիտով են հիշում։



«Երբ գնում է լողի, շատ աստիճաններով պետք է իջնի, ու ինքն այդ քայլակը գցում է վզին ու բռնված իջնում, դա պետք է տեսնել, թե ինչպես է այդ ծանր մետաղական կոնստրուկցիան վզին գցած իջնում, երբ ոչ ոք չկա, որ իրան օգնի»,-պատմում է Վարդուհին ու ընդգծում, որ երբեմն մարդկանց պիտի ասես, թե ոնց վարվեն քեզ հետ։ Բացի այդ, հոգեբանական պահ էլ կա՝ իր հերթին ավելացնում է Արտակը, ասում է. երբ մարդուն մերժում ես քեզ օգնել, նրա մոտ կարող է մերժվելու վախ առաջանալ, եւ հետո մեկ ուրիշին չմոտենա կամ կաշկանդվելով մոտենա։ Դրա համար երբեմն մարդկանց թույլ է տալիս իրեն օգնել։
«Ամեն մի իրավիճակում ելք կա, դա փոքրուց մաման է մեջս դրել, դրա համար ես այդ ելքը տեսնում եմ իմ ինքնուրույնության եւ ընկերներիս օգնության մեջ»,-նշում է Արտակն ու պատմում, որ հիմնականում դասի է գնում տաքսիով, քաղաքային տրանսպորտը հարմար չէ, բացառությամբ վարդագույն մեծ ավտոբուսների, ուր քայլակով կարողանում է բարձրանալ, բայց այդտեղ էլ «շտապող» մարդկանց պատճառով վերջերս ձեռքը թողել է ավտոբուսի դռան արանքը․ «Քիչ չեն նաեւ այն տաքսիներն ու հատկապես երթուղայինները, երբ տեսնում են՝ չեմ քայլում, չեն վերցնում»։
«Երբ 1-ին անգամ Արտակը լողի էր գնացել, եկավ ու շատ վրդովված պատմեց, որ մի 10 տաքսի էր կանգնացրել, եւ ոչ մեկը չէր կանգնել, հետո դա դարձավ սովորական բան, որովհետեւ, եթե տաքսին չի կանգնում, զրկվում է այդ գումարից»,- ասում է Արտակի մայրն ու մտահոգություն հայտնում, թե ո՞ւր է գնում ամեն տարի տրանսպորտի հարմարեցման համար քաղաքապետարանի հատկացրած 25 մլն․ դրամը, երբ ոչ մի տրանսպորտ չի հարմարեցվում․ «Հարմարեցված տրանսպորտի գոնե ոչ մի տեսակ չունենք, դա շատ մեծ խոչընդոտ է։ Ինչ-որ բան արվում է, բայց դա բավարար չի»։



Արտակն ու նրա մայրը սովորել են խնդիրները հաղթահարել ինքնուրույն, իսկ երբեմն էլ՝ հումորով․ «Մարդկանց թվում է, թե սենց երեխան լիքը դարդ է, բայց դա այդպես չէ, ո՞վ ասեց, որ մյուս երեխաները խնդիրներ չունեն, պարզապես խնդիրները տարբեր են։ Մենք հումորով ենք ամեն ինչին վերաբերվում, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, եւ դա ճիշտ ելք է։ Պետք չէ նվնվալ, ոչ մեկը չի բերի իրանը քեզ տա, ունես այն, ինչ ունես, եւ պիտի ապրես այն ամենով, ինչ ունես, դա ամենաճիշտ մոտեցումն է, եւ մենք այդպես էլ անում ենք»։
Արտակին հարցնում եմ իր երազանքներից, ասում է՝ երազանքներով չի ապրում, դրանք վերածում է նպատակների, իսկ նպատակների մեջ նշում է իր ընկերներին, ովքեր կողքից հուշում են՝ ամուսնանալու մասին էլ ասել, բայց Արտակը մասամբ է համաձայնում․ «Մինչեւ դա պիտի այնքան ունենամ, որ կարողանամ ամուսնանամ, երեխաս էլ ոչ մի բանի կարիք չունենա, ու նաեւ կարողանամ մարդկանց օգնել, իմ ընկերներին, որովհետեւ իմ ունեցածն իրենց ունեցածն էլ է»։