Նկարահանման հրապարա՞կ, թե՞ «Շղթա երեք» պոստ

Նկարահանման հրապարա՞կ, թե՞ «Շղթա երեք» պոստ

Սահմանային միջադեպերը, լարումը հայ-ադրբեջանական շփման գծում, անգամ մեր տղաների ողբերգական մահերը հերոսության եւ հայրենասիրական ոգեւորության ալիք բարձրացրին Հայաստանում: Զինվորական համազգեստը կրկին նվաճեց սոցցանցերը: Ամեն ոք ձգտում էր նկարվել կամուֆլյաժով:



Օրերս «Օդնոկլասսնիկի» կայքում մի ցնցող տեսահոլովակ գտանք: Այն կոչվում է դիրքի անունով՝ «Շղթա, պոստ համար երեք»: Հրամանատարներից մեկը 7 տարեկան որդու հետ այցելել է մեր սահմանային դիրքերից մեկը, նկարահանել հայկական հենակետը, սահմանը: Հոլովակում մի ցնցող կտոր կա՝ թե ինչպես են հայրը եւ նրա զինվորական ընկերները, բլինդաժում ուշ ժամի հավաքված, երեխային ռումբ տալիս, նռնակ, որ նա պահի ձեռքում: Երեխան, ասես, Հյուսիսային Իրաքի մասին ռեպորտաժներից դուրս եկած լինի:



«Էս բոմբերից քեզի ցույց տա՞մ: Քանի՞ հատ ցույց տամ, ապեր»,- ասում է զինվորականներից մեկը: «Էդ ատոմային բոմբ ա՞»,- հարցնում է երեխան: Բոլորը ծիծաղում են: Փոքրիկ տղան ռումբը պտտում է թաթիկների մեջ: «Ո՛ւխ,- ասում է հորը,- նայի ինչ ծանր ա»: «Իսկական ա որովհետեւ»,- պատասխանում է հայրը: Հետո տղային նռնակ է տալիս: «Սա է՞լ ա բոմբ»,- հարցնում է տղան: «Հա, էդ էլ ա բոմբ»: «Արա, մի խաբեք երեխին, նռնակ ա դա: Գրանատ»,- բացատրում է մյուս զինվորականը: «Ստեղ կա՞ էն բոմբերից, որ սենց լար ա կապած, որ սենց քցում են, գնում ա, հանգում ա մոմի նման»,- երեխայի աչքերը վառվում են հետաքրքրությունից: «Չէ, էտի մուլտիկում ա մենակ տենց: Դինամիտի հետ ա,- պատասխանում է հայրը:- Էտի ձուկ բռնելու համար ա»: «Կայնի՝ քեզի մի հատ սիրուն բան հագցնեմ, իսկական ֆիդայի դառնաս՝ պապան նկարի»,- ասում է տղամարդկանցից մեկը եւ գնդացիր տալիս տղայի ձեռքը, պարունակը հագցնելով պարանոցին: Տղամարդիկ ցնծության մեջ են:



Վստահ եմ, որ շատերն այս հոլովակը նայելիս նույնչափ կցնծան, առանց մտածելու, թե ինչպես կանդրադառնա փոքրիկ «զինյալի» վրա այս առաջին մարտական փորձառությունը: Հաջորդ դրվագն ուղղակի պետական գաղտնիքի բացահայտում կարող է դիտվել: Ինքնակոչ օպերատորը նկարահանել է դիրքապահների գործողությունները, աշխատանքը, թե ինչպես են մեր զինվորները, մարդաբոյ քարերի հետեւում թաքնվելով, հետեւում հակառակորդի զինվորներին: Սարի ստորոտում պարզ երեւում են նաեւ 7 թուրքերը, որոնք բարձրանում են դեպի վեր: Նրանք ոչ միայն օբյեկտիվի, այլեւ մերոնց սեւ հումորի թիրախում են: «Մեր գումարտակի հրամանատարն էն աշխարհ ուղարկեց մի քանի թուրքի»,- պատմում է զինվորներից մեկը, մյուսն էլ ավելացնում է, որ եթե անգամ էն աշխարհ չուղարկեց, ապա հաստատ «մի քանի հոգի երեխուց կտրվեցին»: Կոնտուզիա ստացած մի զինվորական էլ պատմում է, որ իր գլխում մինչեւ հիմա թուրքի գնդակի բեկորներ կան, որոնց վրա եթե «մինոիսկատել (նռնակորսիչ) պահես, կտզտզա», եւ որոնք ինքը պատերազմից հետո պետք է որպես լոմ վաճառի պարսիկներին: Կոլորիտային հումոր է, ինչ խոսք:



Հետաքրքիր է, որ նման սիրողական տեսանյութերը, որոնք «կլասսնիկում» եւ այլ ցանցերում քիչ չեն, երբեք չեն արժանանում ՊՆ ուշադրությանը: Իսկ ՊՆ լրատվականն արձագանքում է դրանց միայն այն դեպքում, երբ դրանք հայտնվում են մամուլում, սկանդալային հրապարակումների թեմա են դառնում: Սրա փոխարեն ՊՆ-ն խստիվ հետեւում է լրատվությանը, հերքումներ է տարածում, որոնք հետագայում, երբեմն, փչվում են: Նաեւ իր պատրաստած կեղծ պրոֆիլներով՝ ֆեյքերով, մեկնաբանություններ է գրում քննադատական նյութերի տակ, հաճախ հայհոյախառն բառապաշարով: Սա է մեր ՊՆ-ի աշխատաոճը: