Ինչու են ընկերությունները թմրամիջոցներ ներկրում

Ինչու են ընկերությունները թմրամիջոցներ ներկրում

ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը թմրամիջոցների ներկրմամբ զբաղվելու լիցենզիաներ է տրամադրում այնպիսի ձեռնարկությունների, որոնց գործունեությունը կապ չունի դեղերի ներկրման, արտադրության կամ վաճառքի հետ: Այդ ընկերությունների շարքում են հայկական ատոմակայանը, «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ն, որն առողջապահության նախարարությունից թմրամիջոցների ներկրման լիցենզիա է ստացել հուլիսին: Իսկ սեպտեմբերի սկզբին կառավարությունն իր նիստերից մեկում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ներմուծման թույլտվություն տվեց Արարատի մարզում հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Արարատ գրուպ» ընկերությանը:



Այս ընկերությունների ինչի՞ն է պետք թմրամիջոցների ներկրումը, անհասկանալի է եւ բազմիցս տարակուսանք է առաջացրել լրատվամիջոցներում: Խնդրում ենք պարզաբանել, թե ինչու են այս ընկերություններն ստանում թմրամիջոցների ներկրման թույլտվություն:



Այս հարցն ուղղեցինք առողջապահության նախարարությանը: Երեկ մեզ պատասխանեցին, որ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի թիվ 281-Ն որոշմամբ: «Ձեր կողմից մատնանշված կազմակերպությունները դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ մասնավորապես, պրեկուրսոր ներմուծելու եւ մեծածախ առեւտուր իրականացնելու լիցենզիա ստանալու համար:



Պրեկուրսորը ո՛չ թմրամիջոց է, ո՛չ էլ հոգեմետ նյութ: «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ն հանդիսանում է ճապոնական Hitachi ընկերության գործընկերը՝ «Coding and marking» տպող սարքերի հետ կապված: Տպող սարքերում որպես ծախսվող նյութեր օգտագործվող թանաքը պարունակում է մեթիլ էթիլ կետոն, որը հանդիսանում է պրեկուրսոր: «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանքային, քաղցրահամ ջրերի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրական գործընթացի ժամանակ ջրամշակման նպատակով օգտագործելու է աղաթթու, նատրիումի քլորիդ, որոնք նույնպես հանդիսանում են պրեկուրսորներ: «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը ներկրում է ծծմբաթթու, որը նույնպես պրեկուրսոր է», - գրված է նախարարության պատասխանում: