Նախարարությունը խաբեց մեզ

Նախարարությունը խաբեց մեզ

Գոշավանքի վանական համալիրը եթե ոչ ամբողջությամբ, գոնե զգալի մասով կանգնած է փլուզման վտանգի առաջ, 12-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Գոշավանքի վանական համալիրի ամենատպավորիչ եւ պատմամշակութային բացառիկ նմուշներից մեկը, գրեթե մեկ տարի է՝ ցելոֆանապատ ծածկով է իր մշակութային գոյությունը պահպանում:



Հուշարձանագետ Արծրուն Հովսեփյանը, ով 40 տարի եղել է «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրենը, այժմ էլ աշխատելով համալիրում, իր ցավն ու ափսոսանքն է հայտնում Գոշավանքի համար: «Աղետալի վիճակում է հիմա եկեղեցին, կարելի է ասել, որոշ կառույցներ փլուզման վտանգի տակ են: Բացի Աստվածամոր տաճարից, որի ծածկերը հանվել են ու վրան ցելոֆան քաշվել, որն էլ իր հերթին է վնասվել ու քայքայվել ամբողջովին՝ աղտոտելով եկեղեցու շրջակայքը, վթարային վիճակում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի անկյուններն արդեն հեռացել են, եւ դիմացից ճաքել է, խիստ վտանգավոր է գրատուն-զանգակատան 2-րդ հարկի վիճակը, առաստաղից քարեր են թափվում, եւ պահող կամարներն էլ ճկվել են: Վտանգավոր է նաեւ սեղանատան վիճակը, որի հեթանոսական շրջանից պահպանված կիկլոպյան պատն ամբողջովին փլուզման եզրին է, նույնիսկ մտածում ենք փակենք հուշարձանը, որ մարդ չմտնի այդտեղ: Մի խոսքով, ամբողջ համալիրը փլուզման եզրին է»,-նշեց Հովսեփյանն ու պատմեց, որ մեկ տարի առաջ, երբ նախընտրական այցով Տավուշի մարզ էր այցելել Սերժ Սարգսյանը, հանձնարարել էր շտապ սկսել վերանորոգումը, որից հետո Գոշավանք եկան վարչապետը, ԱԺ նախագահը եւ միաբերան փաստեցին, որ եկեղեցին փրկելու համար պետք է շտապ վերանորոգել:



Առայժմ Գոշավանքի համալիրից վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց նախագծով նշված է, որ պետք է կապիտալ վերանորոգման ենթարկվի ամբողջ համալիրը: Աշխատանքներն սկսել են անցած տարվա հոկտեմբերից, բայց ձմռանն ընդառաջ գումարները վերջացել են: Ինչպես նշեց Հովսեփյանը, ընդամենը տախտակամածներ պատրաստվեցին, թափվող քարերը հեռացվեցին, իսկ 2014թ. ոչ մի գործ չի արվել. «Հեսա աշնանային անձրեւներն էլ սկսեն, աղետալի վիճակում գտնվող այդ եկեղեցու վիճակն ավելի կվատանա, անձրեւաջրերը կհոսեն ներս, իսկ անձրեւաջրերից արձանագրությունները, որպես պատմական նշանակություն, եղծվել են ու եղծվում են»: Թե որն է պատճառը, որ այս տարի համարյա գործ չի արվել, Արծրուն Հովսեփյանն ասում է, որ պատճառաբանում են փող չլինելով, մինչդեռ, ըստ նրա, եթե նախարարությունը վերականգնող կազմակերպությանը գումար տար, մեկ տարում կվերջացնեին. «Մշակույթի նախարարությանն էլ մի երկու կոպեկ տալիս են, բայց նրանք էլ փոշիացնում են գումարները»:



Հովսեփյանն իր տարակուսանքն ու մտահոգությունն է հայտնում, որ միաժամանակ մի քանի եկեղեցիների վերանորոգում է սկսվել, որոնց կառուցումը մնում է էլի կիսատ. «Վարչապետն էլ ասեց՝ սխալ է, որ բոլոր եկեղեցիների հետ միաժամանակ նման գործողություններ են արվում, եւ, փաստորեն, եկեղեցին ոչ թե վերակառուցվում է, այլ վթարվում է, եւ կատարված աշխատանքն էլ ոչ մի արժեք չունի»:



3 տարի առաջ սկսվել են նաեւ Գոշի դամբարան-մատուռի վերանորոգման աշխատանքները, որը պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձան է, բայց արդեն 2 տարի է՝ ոչինչ չի արվում նաեւ դամբարան-մատուռի վերանորոգման ուղղությամբ, պատճառաբանությունն էլի նույնն է՝ փող չկա. «Իսկ ինձ Գագիկ Հարությունյանն ասեց, որ մենք դրա ամբողջական գումարները փոխանցել ենք՝ մոտ 140 մլն, որոշակի աշխատանքներ կատարելուց՝ պատերը վերականգնելուց հետո, այսօր պատճառաբանում են, որ գումար չկա, որպեսզի ծածկը դրվի»:



Հովսեփյանն ասում է, որ նախարարը, նրա տեղակալներն այս ընթացքում այցելել են համալիր ու ասել. «Գումար լինի, դե, կկառուցենք, էլի»: Իրենց հերթին գյուղապետարանն ու մարզպետարանն էլ նամակներ են գրել նախարարությանը, ընդգծելով, որ գուցե աշունն ու ձմեռը եկեղեցին «չհանի» եւ փլվի, բայց սայլը տեղից չի շարժվում: «Նախարարությունը միշտ սուտ է ասում, նույնիսկ իմ մոտից Գագիկ Հարությունյանը Գոշի դամբարանի համար զանգեց, նախարարին կոպտեց, գոռալով ասում էր՝ գումարը հատկացրել ենք, գոնե այդ մի հուշարձանն ավարտեք…, այ, էդպես վատ վիճակ է»,-ասում է Արծրուն Հովսեփյանը եւ ներկայացնում ոչ պակաս կարեւոր մի խնդիր եւս՝ այս անգամ Գոշավանքի թանգարանի հետ կապված, որի գույքը նախարարությունը տեղափոխել է Դիլիջան, իսկ թանգարանը փակել՝ նոր շենք կառուցելու հիմնավորմամբ. «Այդ նախարարությունը խաբեց մեզ ու մեր թանգարանի ամբողջական գույքը հանեց տեղափոխեց Դիլիջան ու մի պադվալային հարկում տեղավորեց: Ես մեծ ջանքերով 85 թ.-ին բացել եմ մեր թանգարանը, որը պետական կարգավիճակ էր ստացել, բայց մի գրչի հարվածով փակեցին ու գույքը տարան ստեղից: Թե միտումնավոր աշխատողներին կրճատելու համար, թե ինչ-ինչ անհասկանալի պատճառներով՝ իբր ուզում են նոր շենք կառուցեն, խաբեցին մեզ, թե մինչեւ հուլիս բացելու են, որ չբողոքենք: Իսկ տարեկան Գոշավանք այցելում է 600 հազար մարդ, եթե այդ թանգարանը մտցնեինք տուրիստական մարշրուտների մեջ, եւ այդ 600 հազարից գոնե կեսը մտներ թանգարան, այսօր մեզ պետական ֆինանսավորում էլ պետք չէր լինի: Չգիտեմ՝ այս ի՞նչ արհամարհական վերաբերմունք է մշակույթի նկատմամբ»,-նեղսրտում է հուշարձանագետը:



Գոշավանքի վանական համալիրի կիսատ թողնված վերանորոգման եւ Գոշավանքի փակված թանգարանի մասին հարցում ուղարկեցինք մշակույթի նախարարություն, որտեղից մեզ խոստացան պատասխանել առաջիկայում: