Հախինյանի «ջրերը» Երվանդ Զախարյանի հետ «մի առվով չեն գնացել»

Հախինյանի «ջրերը» Երվանդ Զախարյանի հետ «մի առվով չեն գնացել»

«Նաիրիտ» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանը, որին սեպտեմբերի 8-ին անսպասելի ազատեցին աշխատանքից, այս օրերին դեռ պատրաստ չէ խոսել իր պաշտոնանկության մասին: Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ձեռնարկության խորհրդի նիստի որոշումը այդ ազատման վերաբերյալ Հախինյանի համար եւս անակնկալ է եղել: Նիստի ժամանակ ստանալով իր ազատման մասին լուրը՝ նա նույնիսկ մի քանի կտրուկ արտահայտություններ է արել՝ ուղղված էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին, ասելով մոտավորապես հետեւյալը. «Դո՞ւք եք ինձ ընդունել աշխատանքի, որ ազատում եք»:



Ըստ շրջանառվող լուրերի, Հախինյանի «ջրերը» Երվանդ Զախարյանի հետ «մի առվով չեն գնացել»: Նրա պաշտոնանկության հարցում դեր են կատարել նաեւ գործարանի ներքին ինտրիգները, նրա եւ արտադրության գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի միջեւ գոյություն ունեցող հակասություններն ու լարվածությունը: Գործարանի աշխատակազմում նրանցից յուրաքանչյուրն իր թիմն ուներ: Ռուբեն Սաղաթելյանին ի վերջո հաջողվեց հաղթել շեֆին եւ իր ձեռքը վերցնել չաշխատող գործարանի ղեկը: Հովհաննես Հախինյանը հայտնի էր որպես Վահան Մելքոնյանի դրածո, մարդ, որն իր «վիզը դրեց» չաշխատող գործարանի լծի տակ, սակայն չունեցավ տնօրենի հատկություններ: Կոլեկտիվի անդամները նշում են նրա բազմամյա վաստակը, բայց նաեւ հիշում են, որ նա ահուսարսափի մեջ էր պահում կոլեկտիվին, ումից մի փոքր դժգոհություն էր լսում, անմիջապես արագ կրճատման տակ էր գցում: Մարդիկ մեզ պատմում էին, որ Հախինյանը հաճախ էր մերժում ծանր առողջական վիճակում հայտնված աշխատողներին՝ վերակենդանացման բաժնում գտնվող կամ քաղցկեղով հիվանդ, երբ վերջիններս անձամբ կամ հարազատների միջոցով օգնություն էին խնդրում՝ բուժման ծախսերը հոգալու համար: Երեկ «Հրապարակի» համառ հարցադրումների արդյունքում հետեւյալ զրույցն ստացվեց Հովհաննես Հախինյանի հետ:



- Ո՞րն է Ձեր ազատման պատճառը:



- Խնդրում եմ, ես չեմ տալիս ոչ մի կոմենտարիա: Կասեմ մենակ, որ իմ կամքով, իմ դիմումի համաձայն եմ հեռացել:



- Իսկ հնարավո՞ր է, որ «Նաիրիտի» ժողովրդի դժգոհությունների հետ էր կապված աշխատանքից ազատվելը:



- Ոչ, ոչ մի անգամ, ժողովրդի պահանջներից ոչ ոք չի դժգոհում: Ժողովուրդը պահանջներ ունի եւ իր պահանջները ներկայացնում է: Ազատվելս միայն անձնական որոշման արդյունքն է:



- Վաղուց էիք, չէ՞, աշխատում «Նաիրիտում»:



- Երկար տարիներ՝ 55 տարի, բայց ի՞նչ կապ ունի դա իմ հեռանալու հետ:



- Դուք երկար տարիների աշխատող եք, ինչպիսի՞ն եք տեսնում գործարանի ապագան:



- Գործարանի ապագան ես շատ լավն եմ տեսնում: Ես իմ ծրագրերը, որոնք որ գործարանի մասնագետների հետ եմ կազմել, ներկայացրել եմ ում որ հարկն ա, նրանք էլ զբաղվում են: Տեսնենք ինչ կլինի:



- Այսինքն, այսօրվա վիճակը, այն ճանապարհը, որով գնում են այսօր, Ձեր այս ծրագրերի՞ց է բխում:



- Իհարկե:



- Հնարավո՞ր է, որ Սաղաթելյանի հետ կապված ներքին ինտրիգների հետեւանքով եք հեռանում: Ձեր հարաբերությունները ներկայիս տնօրենի հետ հարթ չէին:



- Չէ, չէ, առանց կոմենտարիա:



Այնուամենայնիվ, ճանապարհը, որով գնում է գործարանն այսօր, ըստ նաիրիտցիների, տանում է փակուղի: Բոլոր պոտենցիալ ներդրողներից ՀՀ կառավարությունը պահանջում է վճարել «Նաիրիտ» գործարանի պարտքը «Մեժգոսբանկին», որը մի քանի հարյուր միլիոնի է հասնում, սակայն ներդրողները չեն համաձայնում, քանի որ պահանջվող գումարով կարելի է մի նոր գործարան կառուցել: Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ մոտ օրերս նախարարությունը «Նաիրիտը» վերագործարկելու առաջարկություններով հանդես կգա: Տնօրենի փոփոխությունը եւս մի իմիտացիա էր, թե իբր կառավարությունն ինչ-որ գործ է կատարում: «Նաիրիտի» աշխատողների մի մասին այս իմիտացիոն քայլերն իրոք հույս են ներշնչել: Մյուսները հակված են այն կարծիքին, թե տնօրենների փոփոխությունները ոչինչ չեն տալու, եւ մեր տնտեսության գիգանտի վերակենդանացման համար առանցքային քայլեր են պետք: