Աշոտ Գրիգորյան. «Նաիրիտի» տնօրենը եղել և մնում է սայլի 5-րդ անիվը

Աշոտ Գրիգորյան. «Նաիրիտի» տնօրենը եղել և մնում է սայլի 5-րդ անիվը

«Նաիրիտ» ՓԲԸ-ի վերագործարկման շուրջ երեկ զրուցեցինք նաեւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որը ներկայում Սլովակիայում է գտնվում: Հիշեցնենք, որ ֆորումը հետաքրքրված էր «Նաիրիտի» վերագործարկման խնդրով: Հուլիսին Աշոտ Գրիգորյանը Հայաստան էր հրավիրել եվրոպացի՝ սլովակ, բուլղար, չեխ, ավստրիացի գործարարների, որոնք պատրաստ էին ներդրումներ կատարել «Նաիրիտում», նրանց նախնական առաջարկները ներկայացրել էր կառավարություն, սակայն պատասխան չէր ստացել:



- Ձեր կարծիքով, ի՞նչ կտա «Նաիրիտին» տնօրենների փոփոխությունը:



- Նախ, թող փորձեն բացատրել, թե ինչ է նշանակում չաշխատող գործարանի գլխավոր տնօրեն: Երկրորդը՝ չաշխատող գործարանի տնօրենին փոխում են, եւ սա ավելի զավեշտալի մի բան է: Այդ տնօրենները եղել են ոչինչ չասող, ոչինչ չանող մարդիկ, արտադրական պրոցեսից հեռու, ոչնչի համար պատասխանատվություն չկրող: «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը եղել է եւ հիմա էլ որոշում են երեք մարդ. Վահան Մելքոնյան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան եւ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյան: Այս երեքի հետ է կապված ավելի քան 300 մլն վարկի կողոպուտը, եւ թե ով է եղել տնօրենը, կարեւոր չի: Տնօրենը «Նաիրիտում» միշտ եղել է սայլի 5-րդ անիվը, եւ հիմա ընդամենը փոխել են այդ անիվը, որը ոչին չի որոշում: Իսկ կառապանը նույնն է, եւ հենց նրա բկից է պետք բռնել ու վերադարձնել կողոպտված գումարները:



- Դուք ամռանը «Նաիրիտով» հետաքրքրված ներդրողների էիք բերել Հայաստան: Ինչպիսի՞ն էր կառավարության պատասխանը: Թե՞ այդպես էլ պատասխան չստացաք:



- Երեքշաբթի ես հավաքում եմ նրանց այստեղ՝ Բրատիսլավայում, եւ ներկայացնեմ վիճակը, որ Հայաստանի ներկայիս վարչապետը խոստացել էր օգոստոսին հրավեր ուղարկել նրանց եւ սկսել աշխատել նրանց առաջարկների ուղղությամբ: Իմ հավաստի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը ցանկացել է հրավերներ ուղարկել, բայց նախագահը թույլ չի տվել: Իսկ սա նշանակում է, որ գործարանին տրամադրված վարկի տեղաշարժը վարչապետ Տիգրան Սարգսյանի գրպանն անցել է նաեւ այլ ճանապարհներով, եւ կոռուպցիան նաեւ վերեւ է գնացել, այլապես վարչապետը մեզ կկանչեր եւ կասեր՝ կամ դուք վերագործարկում եք գործարանը, որովհետեւ դուք վերջին մոհիկանն եք, ով կարող է դա անել, կամ էլ մենք վաճառում ենք «Նաիրիտը» մետաղաջարդոնի գնով: Կարծում եմ՝ որոշել են երկրորդը: Բնական է, մենք դրա մասին չենք հայտնի եվրոպացի ներդրողներին, նրանց լարված վիճակում դեռ կպահենք, սակայն «Նաիրիտը» պահելու շանսերը հավասարվում են զրոյի: