Գմբեթը բաց է, բայց մինչև ձմեռ կփակվի

Գմբեթը բաց է, բայց մինչև ձմեռ կփակվի

Օրերս մենք անդրադարձել էինք Գոշավանքի վանական համալիրի, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին, որի գմբեթը մի քանի ամիս շարունակ ցելոֆանով է ծածկված, շինարարությունն էլ՝ կիսատ թողնված: Այդ մասին ահազանգել էր համալիրի նախկին տնօրեն, հուշարձանագետ Արծրուն Հովսեփյանը, ով իր խոսքում անդրադարձել էր նաեւ Գոշի մատուռ-դամբարանի կիսատ մնացած շինարարությանը եւ Գոշավանքի փակված թանգարանի հարցին: Մշակույթի նախարարությունն արձագանքել էր մեր հոդվածին, եւ հաջորդ օրը մենք հանդիպեցինք մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին: Վերջինս նշեց, որ Գոշավանքի վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքները, բարեկարգումով հանդերձ, արժեն մոտ 1 մլրդ 140 մլն դրամ, որը՝ վերականգնման հետ կապված, փուլ առ փուլ է տրամադրվում:



Ըստ այդմ, Գոշավանքի վանական համալիրի հիմնական մասի վերականգնողական աշխատանքներն սկսվել են 2012թ.-ից, Մխիթար Գոշի դամբարանի աշխատանքների կատարման նախագիծը 2009թ.-ին է արվել, իսկ ամրակայման աշխատանքներն սկսվել են 2012թ.-ից: Սամուելյանն ասում է, որ հնարավոր չէ ամեն ինչ պետական հոգածությամբ անել, դրա համար փորձում են շահագրգռել թե մասնավորին, թե պետական կառույցներին, թե հասարակական կազմակերպություններին. «Այստեղ մշակույթի նախարարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, եւ դիմեցինք Սահմանադրական դատարանի համապատասխան հասարակական կազմակերպությանը, եւ ՍԴ-ն, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձագանքեց»:



Ինչ վերաբերում է Գոշի դամբարանի համար փոխանցված 140 մլն դրամին, ապա, ըստ փոխնախարարի, դամբարանի վերականգնման աշխատանքները շուրջ 41 մլն են կազմում, որից 3 մլն 800 հազար դրամը տվել է Սահմանադրական դատարանը, 23,5 մլն-ն՝ մշակույթի նախարարությունը, 41 մլն-ից մնացած 17 մլն-ն մոտակա 2-3 տարվա ընթացքում կփոխանցի:



Այսինքն ստացվում է, որ առնվազն 2 հոգի ստում է՝ հուշարձանագետ Արծրուն Հովսեփյանը եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով էլ Հովսեփյանին ասել էր, որ 140 մլն փոխանցվել է: Փոխնախարարը համաձայն չէ, որ Հովսեփյանը հուշարձանագետ է: «Դա մտացածին մասնագիտություն է, կա հուշարձան վերականգնող ճարտարապետ, շինարար, հնագետ, նա պահակ է՝ մասնաճյուղի պահակային կետի վարիչ»,-նշում է Սամուելյանը եւ տարակուսանք հայտնում, որ այդ մարդը գուցե նեղացած է նախարարությունից:
Նախագծման փուլից՝ 2009թ.-ից սկսած մինչեւ 2014թ.-ն չափերով փոքր տարածք ընդգրկող Գոշի դամբարանը, հատկապես գումարի մեծ մասի առկայության պայմաններում, հնարավոր չէ՞ր ավարտել: Սամուելյանի կարծիքով, հնարավոր չէ հուշարձան վերականգնել 1-2 անգամ, 10 տարում, եւ վերականգնման աշխատանքներն էլ պարզ շինարարական աշխատանքներ չեն: Թե երբ կավարտվի Գոշավանքի մատուռ-դամբարանի շինարարությունը, կախված է գումարից. «Եթե ՍԴ-ն մասնակցի, հնարավոր է մինչեւ մեկ տարում ավարտել, եթե չէ՝ 3 տարում»:



Գոշավանքի համալիրի վրա այս տարի աշխատանք չի արվել, դրանք սկսելու են 10 օրից՝ նախահաշվարկային հաշվարկներից հետո, երբ մրցույթ կկայանա, կորոշվի շինարարական ընկերությունը: Եթե անցած տարի շինարարության համար հատկացվել է 17.5 մլն, ապա այս տարի տրվել է 15, մյուս տարվա համար նախատեսված է մոտ 30 մլն: «Անշուշտ, գմբեթը բացվել է, պետք է փակվի եւ կփակվի մինչեւ ձմեռ, դրանք մոտ 20-25 օրվա աշխատանքներ են: Հնարավոր չէ ամբողջությամբ մեկ հուշարձանի վրա կենտրոնանալ, բոլոր մարզերում առնվազն 1-2 հրատապ հարցեր կան, որոնք փորձում ենք լուծել»,- ընդգծեց Սամուելյանը:



Իսկ գուցե ավելի արդյունավետ կլիներ ավարտել մեկ հուշարձանի վերականգնման աշխատանքները, հետո՞ միայն անցնել հաջորդին, որի արդյունքում շատ պատմամշակութային հուշարձաններ չէին վնասվի: «Նորից հիշեցնեմ, որ հնարավոր չէ մեկ հուշարձանը, անգամ գումարի առկայության պայմաններում, վերջացնել, դա ձեռքով է արվում եւ ոչ տեխնիկայով: Բացի այդ՝ վարպետներ, մասնագետներ շատ չկան Հայաստանում, ուստի պետք է այդ վարպետների գրաֆիկն էլ հաշվի առնել, այդ բրիգադան մեկ ուրիշ վանքից հետո գալու է նաեւ Գոշավանք»:



Սամուելյանը ժամանակային առումով հնարավոր չի համարում խոսել, թե Գոշավանքի համալիրի վերականգնման ընդհանուր աշխատանքները երբ կավարտվեն, արվելիք աշխատանքի ծավալով միայն ծածկերի համար շուրջ 220 մլն դրամ է պետք:
Ինչ վերաբերում է Գոշավանքի թանգարանին, ապա, ըստ նրա, այդ «թանգարան-տնակում» վատ պայմաններ էին, բնակիչներից մեկն անվարձահատույց 240 քմ տարածք է հատկացրել ՊՈԱԿ-ին, որտեղ թանգարանի նոր մասնաշենք պետք է կառուցվի: Նախագիծը մինչեւ տարեվերջ պետք է ներկայացվի մշակույթի նախարարություն: Իսկ ֆոնդը, որը կազմում են հիմնականում 19-20-րդ դարերի կենցաղային իրեր, տեղափոխվել է Դիլիջանի մասնաճյուղ եւ ցուցադրության մեջ է. «Եվ, ի վերջո, Գոշավանքում թանգարան ունենալ-չունենալը լիազոր մարմնի քաղաքականության հարցն է»: Փոխնախարարը համաձայն չէ, որ մինչեւ նախագծի հաստատվելը, շենքի կառուցվելը ցանկալի է, որ թանգարանը գործեր, ասում է՝ թանգարան համարյա մարդ չէր գնում, եւ վտանգված էր, դրա համար այդպես են վարվել:



Ի պատասխան Արեւ Սամուելյանի, Արծրուն Հովսեփյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց, որ Դիլիջանում Գոշավանքի թանգարանից որեւէ նմուշ ցուցադրված չէ, եւ դրանք «կոնսերվացված» վիճակում են պահվում: Իր տնօրեն լինել-չլինելու հետ կապված էլ նշեց, որ «տիկին Սամուելյանը ճիշտ չի ասում»: Ինչ վերաբերում է պահակային կետի վարիչ լինելուն, ապա նման կետ չեն ունեցել: «Ստեղ եղել են էքսկուրսավարներ, գիտաշխատող, մասնաճյուղի տնօրեն, նախկինում՝ նաեւ պահակներ»,-ասաց նա: Գոշի դամբարանի համար փոխանցված 140 մլն-ի վերաբերյալ էլ, որը, ըստ Սամուելյանի, 40 մլն է եւ ամբողջությամբ չի փոխանցվել, Հովսեփյանը նշեց, որ Գագիկ Հարությունյանը ոչ մի հիմք չուներ իրեն խաբելու եւ անձամբ իրեն ասել է, որ ամբողջ գումարը փոխանցել են. «Եթե խաբում են՝ իրենք են խաբում»: Հովսեփյանը զարմացավ նաեւ իր՝ հուշարձանագետ չլինելու փոխնախարարի հայտարարությունից. «Եթե այդպես է ասում, ուրեմն Սամվել Կարապետյանն էլ հուշարձանագետ չէ, ինքը գեղեցիկ կին է, չեմ ուզում նրան որեւիցե վատ բան ասել, ես ընդամենը ասպետ եմ սովորական»: Հովսեփյանը, ի դեպ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկվանից պետք է նշանակվեր գործերի կառավարիչ: