Ոչ թե կորպորատիվ, այլ գիտամշակութային ծրագիր

Ոչ թե կորպորատիվ, այլ գիտամշակութային ծրագիր

Ամիսներ առաջ Զվարթնոցի եւ Գառնու տաճարներում կազմակերպված կորպորատիվների մասին շատ խոսվեց ու գրվեց, եղան նաեւ քննադատություններ ու նկատողություններ, բայց, շատերի կարծիքով՝ ապարդյուն, քանի որ կանոնադրության մեջ կա այն բացը, որը չի արգելում նմանատիպ միջոցառումներ կազմակերպել պատմամշակութային հուշարձաններում:



Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքով, նախարարության լիազորությունների մեջ կա ընթացակարգ, որը, ի դեպ, ՊՈԱԿ-ների մասին օրենքում էլ է գրված, ըստ որի՝ համապատասխան պայմանագրով գիտական, մշակութային, կրթական ծրագրերի համար կարող է տրամադրվել հուշարձանի տարածքը:



Այն դիտարկմանը, թե որքանո՞վ էին Գառնիում եւ Զվարթնոցում կազմակերպված կորպորատիվները գիտական եւ մշակութային բնույթի, փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ դրանք՝ 2-ն էլ, հանրահռչակմանն էին ուղղված: «Երկուսն էլ աշխատանքային ժամից հետո են եղել, պարզապես աշխատանքային ժամերին, երբ զբոսաշրջիկները եկել են, իրենց զգուշացված է եղել, նախօրոք բոլոր հայտարարությունները տարածված է եղել նաեւ տուրօպերատորներին, որ այս օրը լինելու է միջոցառում: Ինչ վերաբերում է բնույթին, ապա, կարծում եմ, խոշոր բանկերի կառավարիչների, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ շուրջ 200 համաշխարհային բանկի կառավարիչ գան-տեսնեն Հայաստանը եւ վայելեն հոգեւոր դասական երաժշտություն, ի դեպ, ընթացակարգում ընդհուպ երաժշտության ընտրությունը գրված է: Ոչ մի բան հուշարձանի չի դիպել, ոչ մի բան չի եղել հուշարձանին»,-հավատացրեց Սամուելյանը:



Այդ դեպքում յուրաքանչյուր ոք եւ ամեն կազմակերպություն կհիմնավորի, որ իր կազմակերպած կորպորատիվը մշակութային ու գիտական բնույթ է կրում եւ ուղղված է հանրահռչակմանը, ինչի հետ, սակայն, համաձայն չէ փոխնախարարը: «Ամբողջ աշխարհում հուշարձանների տարածքները տրամադրվում են, եթե դա չի խաթարում հուշարձանի ամբողջականությունը, ֆիզիկական, բարոյահոգեբանական պահպանությունը: Ամբողջ աշխարհում մենք ունենք սրճարաններ, ռեստորաններ թանգարանների, հուշարձանների շենքերի տարածքում, անտիկ ժամանակաշրջանի հազար ու մի հուշարձանների հարեւանությամբ կան սրճարաններ, գրախանութներ, չգիտեմ այլ ձեւի բաներ, նման փորձեր կան»,-իր խոսքը եզրափակեց Սամուելյանը:



Փաստորեն, մինչ այս մշակութային հանրությունը մոլորության մեջ էր.Գառնիում եւ Զվարթնոցում տեղի ունեցածը ոչ թե կորպորատիվներ են եղել, այլ պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանն ուղղված գիտամշակութային, կրթական ծրագրեր: