Քառյակի համագործակցության շարունակման հիմք չեմ տեսնում

Քառյակի համագործակցության շարունակման հիմք չեմ տեսնում

Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ հրապարակային հայտարարություններ էին անում այն մասին, որ ՀՅԴ-ի հայտարարությունը հոկտեմբերի 10-ի միտինգին չմասնակցելու վերաբերյալ չի նշանակում, որ քառյակը պառակտվել է, եւ համագործակցությունը շարունակվում է: Այնուամենայնիվ, քառյակի առավել արմատական հատվածում՝ ՀԱԿ-ում, լուրջ դժգոհություններ կան ՀՅԴ պահվածքի վերաբերյալ: Ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ դաշնակցականները լավ արեցին, որ կողմնորոշվեցին.



«Լավ է հիմա, քան վճռորոշ պահին»: ԲՀԿ-ՀԱԿ զույգի միջեւ եւս որոշակի լարում կա: ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Հրապարակի» հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է մեղադրել Գագիկ Ծառուկյանին Մարտի 1-ի ոճրագործությանը մասնակցելու համար, բազմիմաստ պատասխան էր տվել, նշելով, որ Մարտի 1-ի բոլոր մեղսակիցները պատասխանատվության են ենթարկվելու: «Հնարավո՞ր է արդյոք այսօր ՀԱԿ-ԲՀԿ մոտալուտ ապահարզանը»,- երեկ հարցրինք ՀԱԿ համակիր, քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանին: «Քաղաքական համագործակցությունը միջկուսակցական հարաբերությունների բաղկացուցիչն է, որի գործնական արդյունքներն են որոշում այդ համագործակցության շարունակման կամ խզման նպատակահարմարությունը: Տվյալ դեպքում ես քառյակի ներկա համագործակցության շարունակման հիմք ու հեռանկար չեմ տեսնում: Այստեղ հասունանում է մի անառողջ գործընթաց, որից դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով»,- պատասխանեց նա:



- Եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ ՀԱԿ-ը հրաժարվի ԲՀԿ-ի հետ համագործակցությունից, քաղաքական հետագա պայքարը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է շարունակել, ո՞ւմ հետ:



- Մի բան այսօր ակնհայտ է՝ վերջին տարիների քաղաքական համագործակցության փորձը չի տվել այն արդյունքը, որն ակնկալվում էր նախապես: Կարծիքս այն է, եւ քաղաքական նպատակահարմարությունն էլ հուշում է, որ ներկա պարագայում ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պետք է միասնականորեն ձգտեն իրենց ձեռքերում կենտրոնացնել իրական ժողովրդական կամքի արտահայտչի պարտականությունը: Այս դեպքում նրանք կարող են աստիճանաբար իրենց կողմը ներգրավել կամ վերադարձնել անօրինական եւ հանցագործ իշխանությանը սկզբունքորեն հակառակորդ կազմակերպություններին ու հայտնի գործիչներին եւ դրանով իսկ նպաստեն պայքարող ժողովրդական զանգվածի ընդլայնմանը: Սա Ձեր հարցի քաղաքական բաղադրիչի շատ հակիրճ պատասխանն էր: Բայց բացի զուտ քաղաքական կողմից կա նաեւ գործի կազմակերպչական կողմ, որի վերաբերյալ կուսակցությունները, հասկանալի պատճառներով, չեն սիրում արտահայտվել, չնայած այն հաճախ ոչ պակաս որոշիչ դեր ունի պայքարի ելքում: Այս խնդրում որոշ հարցերի քրոնիկորեն ոչ բավարար լուծում ստանալը կաշկանդիչ դեր ունի յուրաքանչյուր քաղաքական ուժի գործունեության ասպարեզում: Այս իրողության հաղթահարումը որոշակիորեն կածված է նաեւ քաղաքական ուժի մարտավարության նկատմամբ հասարակական վստահության աստիճանից: Իմ կարծիքով, «փոքր հաղթանակներն» ինքնաբերաբար հաղթանակի չեն կարող հասցնել, եթե յուրաքանչյուր փոքր հաղթանակին չհաջորդի զգալիորեն ավելի նշանակալից հաղթանակը: Քանակը միշտ չէ, որ բերում է սպասելի որակ: