Վայքում շրջում է ուրանի ուրվականը

Վայքում շրջում է ուրանի ուրվականը

Վայքի եւ մոտակա գյուղերի բնակիչներն անհանգստացած են: Սարալանջին, որի ստորոտում գտնվում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վերջին մի քանի օրում այստեղ ինչ-որ մեքենաներ են բերվել, եւ հորատման աշխատանքներ են տեղի ունենում:



Երեկ մեզ զանգահարեցին Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկերություն այստեղ ոսկու արդյունահանում է սկսում: Սակայն մարդիկ գիտեն, որ այս կողմերում ուրանի հարուստ պաշարներ կան, որոնց մասին հայտնի է դեռեւս խորհրդային տարիներից: «Այս հանքերը սովետի ժամանակ բացեցին, տեսան, որ ուրան կա ոսկու հետ եւ բարձր ճառագայթման պատճառով արգելեցին արդյունահանումը: Մեր ժողովուրդն առանց այդ էլ հիվանդ է: Մենք հասկանում ենք, որ եթե հանքը բացվի, աշխատատեղեր կլինեն, բայց եթե բոլորս ճառագայթվելու ենք, մեզ դա պետք չի»,- ասաց մի կին՝ Վարդուհի անունով:



Ուրանի մասին կառավարությունը պետք է մտածի



 Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը մեզ զարմացրեց իր անտեղյակությամբ: Նա ոչինչ չգիտեր պայթեցումների մասին, նույնիսկ տեղյակ չէր, թե որ ընկերության մեքենաներն են երեւում իր հարազատ քաղաքի տների պատուհաններից: Նա տեղյակ չէր կամ ձեւացնում էր, թե տեղյակ չէ, որ Վայքի հողերի լեռնօգտագործման իրավունքը տրված է «Վայք գոլդ» ընկերությանը: Նա միայն ասաց, որ աշխատանքները կատարվում են ոչ թե Վայքում, այլ հարեւան Ազատեկ գյուղի տարածքում: Ազատեկի գյուղապետ Սիրակ Հովսեփյանը հայտնեց, որ աշխատանքներն իրականացնում է «Վայք գոլդ» ընկերությունը: «Ի՞նչ են պայթեցնում,- հարցրեց նա մեզ:- Ոչ թե պայթեցում են անում, այլ՝ հետազոտություն: Կառավարությունից լիցենզիա են հանել: Մենք էլ գրությամբ պահանջել ենք, որ աշխատանքները դադարեցնեն»: Գյուղապետի մտահոգության առարկան ոչ թե ուրանն էր, որը, ըստ խորհրդային գիտնականների, այստեղ կա մեծ քանակությամբ, այլ այն, որ Ազատեկ համայնքի տվյալ հողատարածքը, ըստ փաստաթղթերի, գյուղատնտեսական նշանակության է, ոչ թե արդյունաբերական: «Ինձ ընդամենը անցյալ տարի բերել են կառավարության տրամադրած հանքի շահագործման համար լիցենզիան, բայց ինձ վրա սա որպես գյուղատնտեսական տարածք է նստած: Անցած տարի ընկերությունից չեն եկել, նոր են եկել: Սեպտեմբերի 10-ին են տեխնիկան բերել: Այսօր էլ եմ պահանջել, որ աշխատանքները դադարեցնեն, վաղը պետք է գան, տեսնենք ինչ ենք անելու»,- պատմեց մեզ Ազատեկի գյուղապետը: «Բնակիչներն անհանգստացած են, որ այստեղ ուրան կա, եւ եթե հանքը բացվի, ճառագայթումն ավելանալու է»,- ասացինք եւ ստացանք պատասխան. «Բոլոր հանքերում էլ ուրան կա, բայց դրա մասին կառավարությունը պետք է մտածի: Հիմա եթե կառավարությունը լիցենզիա է տվել, ուրեմն թույլատրել է»:



Երկրաբանական քարտեզով ուրան չկա



Երեկ հարցեր ուղղեցինք նաեւ կառավարության կողմից լիցենզավորված «Վայք գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Նա հայտնեց, որ Վայքում աշխատանքներ է սկսել՝ պայմանագիր ունենալով բրիտանական մի ընկերության հետ, որը պատրաստվում է 200 մլն դոլար ներդրում կատարել Վայքի հանքարդյունաբերության մեջ: «60-ական թվականներից այստեղ երկրաբաններ են աշխատել: Սա ոսկու բազմամետաղ հանքավայր է: Այստեղ նախօրոք հորատման աշխատանքներ են արել, շտոլնյաներ են սարքել: Եթե պարզվի, որ խորհրդային տարիներին ստացված տվյալները ճիշտ են, եւ այստեղ իրոք մեծ պաշարներ կան, ապա այդ ներդրումները կկատարվեն: Դրա համար փորձնական 2 մեքենա ենք հորատման տարել, որոնք սեպտեմբերի 10-ից աշխատում են: Մենք պայմանագիր ունենք եւ համապատասխան լիցենզիա: Նախկինում եղել է միայն ուսումնասիրության լիցենզիա, հիմա նաեւ շահագործման լիցենզիա ունենք կառավարությունից»,- ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա, ներկայում լրահետախուզում է կատարվում, որից հետո փորձնական նմուշները պետք է տանեն Ղափանի լաբորատորիա՝ ճշտելու համար, թե արդյոք ստացված տվյալները համապատասխանո՞ւմ են խորհրդային շրջանում գրանցված տվյալներին, որից հետո սկսվելու է շահագործման փուլը: Ուրանի հնարավոր պարունակության մասին տնօրենն ասաց. «Այդտեղ բացառվում է, որ ուրան լինի: Մենք եղել ենք մարզպետի մոտ, քարտեզը ներկայացրել ենք: Քարտեզում նշված է, որ ուրանն այլ տերիտորիայում է: Ամեն ինչն ապացուցված, արված է: Հիմա ժողովրդից մեկը կարող է ահազանգել, բայց դա հիմք չէ»: «Վայք գոլդ»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությանը 219 հեկտար տարածք է տրված՝ Զառիթափ, Ազատեկ, Արենի գյուղերի եւ Վայք քաղաքի տարածքը: «Լեռնահատկացումը մեզ է տրված, ամբողջ տարածքը մերն է, հիմա այդ համայնքների հետ մենք կկնքենք պայմանագրեր, եւ գյուղապետերը չեն անհանգստանա էլ, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց տնօրենը:



Խորհրդային գիտնականների կարծիքն այլ է



Ուրանի սարսափով Վայքը համակված է 2009 թվականից, երբ դիմացի սարը փորող մեքենաներ հայտնվեցին, իսկ քաղաքում լուրեր պտտվեցին, թե ռուսներն այստեղ ուրան են որոնում: Վայքում հիշում են, թե ինչպես 1960-ականներին իրենց քաղաքի մոտ երկրաբանները ոսկու մեծ պաշարներ հայտնաբերեցին, սակայն տեսան, որ ոսկու հետ մեկտեղ նաեւ ուրան են գտնում, եւ աշխատանքները դադարեցրին: Խորհրդային շրջանի գիտնականները Վայքը ներառել էին ուրանի բարձր պարունակություն ունեցող հանքավայրերի ցանկում: Երկրաբանական գիտությունների դոկտոր Պ. Գ. Ալոյանը «Ураноносность геологиечских формаций Армении» (Ереван, ГЕОИД , 2010) գրքում գրում է. «Ըստ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների, Հայաստանի տարածքում պայմանականորեն կարելի է եզրագծել ռադիոակտիվ էլեմենտների հեռանկար ունեցող 4 խոշոր շրջաններ. 1. Սյունիքյան՝ Զանգեզուրի խորքային խզվածքի գոտում՝ Որոտան-Ողջի-Արաքս գետերի միջագետք: 2. Վանաձոր-դիլիջանյան՝ Սեւան-շիրակյան խորքային խզվածք: 3. Արզական-փարաքարյան՝ Հրազդան գետի հյուսիս-արեւելյան տարածք: 4. Վեդի-վայքյան՝ Արաքսի ձախ ափ եւ Արփայի ներքին միջնահոսք: Դրանցից բացի, շամլուղյան եւ ջերմուկյան ոչ մեծ գոտիներ»: Այս աշխատության մեջ նշվում է նաեւ, որ ուրան-ոսկի բազմամետաղ հանքերեւակումներից են Վայք քաղաքը եւ Արփա գետի աջ ափը, որտեղ ուրանի միջին պարունակությունը 0.06 տոկոս է: