ՀՔԾ-Ոստիկանություն հակասություննե՞ր են հասունանում

ՀՔԾ-Ոստիկանություն հակասություննե՞ր են հասունանում

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի կայազորի ստուգատեսի ժամանակ ակնհայտորեն նյարդայնացած էր: Նրա ելույթի մեջ մարտահրավեր լսվեց ինչ-որ անձանց, «երեւույթների» դեմ, որոնք, հաստատ, այդ օրը բարկացրել էին ոստիկանապետին: Այդ «երեւույթները չեն հանդուրժում լավ երկրում», «օրինախախտման ճանապարհն են ընտրում» եւ, Վլադիմիր Գասպարյանի խոսքով, «մեր ժողովրդի չարիքն են»: Չի բացառվում, որ ոստիկանապետի զայրույթի պատճառը նրա ենթակայի կալանավորումն էր, որի մասին նա, թերեւս, վաղուց գիտեր:



Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՔԾ-ն, որն էլ գործ է հարուցել փոխգնդապետի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ Քրօր. 308 հոդվածի երկրորդ մասով: Այս հոդվածը ենթադրում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նույն մեղադրանքը ներկայացվել է Ազիբեկյանի տեղակալին՝ Արտակ Ավետիսյանին:



ՀՔԾ հաղորդագրությունից հետեւում է, որ Ազիբեկյանն ու նրա տեղակալը փորձել են թաքցնել ապրիլի 1-ին «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի իրական պատկերը, փոխել արարքի որակումը, ապացույցներ են կեղծել:



«Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո»,- գրված է հաղորդման մեջ: Անդրանիկ Ազիբեկյանին ճանաչող մարդիկ ցավում են այս դեպքի համար: Փոխգնդապետի արարքն ըմբռնելու համար հարկ է վերադառնալ 2014 թվականի ապրիլի 1-ի դեպքերին: Այդ օրը «Իջեւանատուն» ռեստորանում, որը պատկանում է Իջեւանի կիսակրիմինալ հեղինակությանը՝ Անդրանիկ Խոջումյանին, կռիվ է եղել Գետահովիտ գյուղի բնակիչ Աշոտ Այդինյանի եւ ռեստորանատիրոջ միջեւ: Պատճառի մասին միայն մոտավոր տեղեկություն ունենք: Այդինյանն ինչ-որ հողային վեճ է ունեցել, իսկ Անդրանիկ Խոջումյանն էլ, որն Իջեւանում հայտնի «հարց լուծող» է եւ սիրել է բարձրաստիճան չինովնիկներին իր օբյեկտում հյուրասիրել, նման վեճերում հաճախ է միջնորդ հանդիսացել: Այս անգամ էլ, կողմերից մեկի պահանջով, նա կոչված էր լուծելու անհամաձայնությունը: Բայց այս մի դեպքը բացառություն էր. չէր ստացվել հարցը խաղաղ ձեւով կարգավորել, եւ բանը հասել էր կրակոցների:



Ի դեպ, Իջեւանում պատմում են, որ Խոջումյանի օբյեկտում կրակոցներ են հնչել նաեւ մի քանի տարի առաջ: Բայց քանի որ «Իջեւանատան» տերը մտերմական հարաբերություններ ուներ Իջեւանի այժմ արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ոստիկանների հետ, նա ջրից չոր է դուրս եկել: Քիչ էր մնում չոր մնար նաեւ այս անգամ: Դեպքից անմիջապես հետո՝ ապրիլի 2-ին, կալանավորվել է Աշոտ Այդինյանը, որն իբր կրակել էր Խոջումյանի վրա: Խոջումյանի մասնակցությունը միջադեպին ոստիկանները փորձել են ներկայացնել որպես ինքնապաշտպանություն: Այդ օրերին որոշ լրատվամիջոցներում գրվեց, թե Այդինյանը մահափորձ է կատարել Խոջումյանի դեմ: Բայց Իջեւանը փոքր քաղաք է, եւ բնակիչները գիտեին իրողությունը: Ամիսներ անց գործը փոխանցվել է ՀՔԾ վարույթ, եւ այս անգամ Խոջումյանն ու Այդինյանը փոխվել են տեղերով: Այժմ բոլորովին այլ կերպ է նկարագրվում դեպքը՝ որ Խոջումյանն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել Աշոտ Այդինյանի եւ նրա ընկերոջ վրա: 



Ըստ ՀՔԾ վարկածի, Իջեւանի բարձրաստիճան ոստիկանները, փաստորեն, փորձել են խեղել դեպքը, մեղմել իրենց մտերիմի՝ Անդրանիկ Խոջումյանի արարքը: Մեր տեղեկություններով, ասենք, հրահանգել են Խոջումյանին հավաքել «Սայգա»-ի կրակոցներից գոյացած 30 պարկուճները դեպքի վայրից: Հանցագործության բացահայտմանն օժանդակել են տեղացիները, հասարակ մարդիկ: Դեր են խաղացել նրանց արդարամտությունն ու «Իջեւանատան» կիսակրիմինալ տիրոջ նկատմամբ վերաբերմունքը:



Տեսնելով, որ Խոջումյանն այս անգամ էլ է փրկվում, նրանք բողոքել են վերադաս մարմիններին: Իսկ դեպքի իրական պատկերը ներկայացրել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Ազիբեկյանի տեղակալը՝ Արտակ Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, հենց նա է խոստովանական ցուցմունքներ տվել՝ օգնելով նախաքննությանը, եւ այդ պատճառով էլ չի կալանավորվել: Իջեւանցիները պատմում են, որ նա կաշառակեր չէր, եւ եթե մի բան էլ եղել է, ապա հազիվ թե փողով գայթակղվեր: «Նորմալ անձնավորություն է, նրա մասին միայն դրական կարող եմ ասել: Հնարավորության սահմաններում մարդկանց օգնում էր»,- փոխգնդապետ Ազիբեկյանին բնութագրեց նրա հարազատ Կոթի համայնքի գյուղապետ Ֆելիքս Մելքոնյանը: