Շոտլանդացիները հավաստեցին Բրիտանիայի մեծությունը

Շոտլանդացիները հավաստեցին Բրիտանիայի մեծությունը

Երեկ շոտլանդացիները գրեցին ոչ միայն Միացյալ Թագավորության, այլեւ Եվրոպայի պատմության դարակազմիկ էջերից մեկը: Շոտլանդիայի ժողովրդի «ոչ»-ը Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու տարբերակին կոտրեց մտապատճենը, թե անկախության հանրաքվեներն իրավական ձեւականություն են, որոնց ելքը կանխորոշված է բանականությունից զուրկ, զգացմունքներին տրված զանգվածների վարքով:



Միացյալ Թագավորությունը, դարձյալ քայլելով ողջ մարդկության առջեւից, ցույց տվեց, որ ժողովուրդների ինքնորոշման կամ անկախության շուրջ էլ կարելի է արդյունավետ բանավեճ ծավալել, թեր եւ կողմ հանգամանքները գնահատել եւ բանականությամբ ու արժանապատվությամբ որոշում կայացնել: Շոտլանդացիներն իրենց «ոչ» քվեով միջպետական կամ ազգամիջյան քաղաքակիրթ հարաբերությունների այդ նոր հորիզոնը բացեցին աշխարհի մնացյալ ժողովուրդների առջեւ:



Ոչ թե զենքով, պատերազմով, զավթումներով, ստորագույն մղումներով եւ արարքներով պետք է լուծել ժողովուրդների անկախացման գորդյան հանգույցները, այլ քաղաքական բանավեճով: Ի վերջո այն, ինչ արվում է զենքով, ժամանակը ջնջում է: Դրա վկայությունն են կործանված բոլոր բանակները, սահմանները, կայսրություններն ու պետությունները: Այն, ինչ համոզում ես խոսքով, մնում է անվերջ: Դրա վկայությունն են կրոններն ու փիլիսոփայությունները, որոնք ամեն նոր ծնվող սերնդի մեջ գտնում են միլիարդավոր հետեւորդներ: Եվ Շոտլանդիան խոսքի ուժով ճակատագրեր որոշելու օրինակը տվեց: Անչափ արժեքավոր օրինակը:



Եթե նայենք Շոտլանդիայի անկախության շուրջ ծավալված քաղաքական բանավեճին, ապա անկախության հանրաքվեի օրը եւ քվեաթերթիկում հարցերի ձեւակերպումը հայտնի էին դեռ երկու տարի առաջ: Երկու տարի անկախությանն «այո» ասելու քարոզչությունը տարվում էր Շոտլանդիայում, ընդսմին Ալեքս Սալմոնդը, ով առաջնորդում էր «Այո» արշավը, նաեւ առաջնորդում էր խորհրդարանական մեծամասնությանը եւ զբաղեցնում էր Շոտլանդիայի վարչապետի պաշտոնը: Այլ կերպ ասած, ըստ էության, «Այո» արշավը մղում էր Շոտլանդիայի ազգային իշխանությունը:



Մինչդեռ անկախությանը «ոչ» ասողները, առավել եւս պաշտոնական Լոնդոնը, առանձնապես չէին պայքարում, ի վերջո, դժվար է հավատալ, թե մարդիկ սթափ գիտակցությամբ կարող են կողմ քվեարկել ՄԹ կազմից դուրս գալուն: Սակայն հանրաքվեից ընդամենը երկու շաբաթ առաջ սոցհարցումներից պարզ դարձավ, որ Շոտլանդայի ազգայնականների տքնաջան աշխատանքը եւ պաշտոնական Լոնդոնի իմիջիայլոց վերաբերմունքը կաթիլ առ կաթիլ պատկեր են փոխել: Մարդիկ հակվել են այնպիսի իռացիոնալիզմի, որ կարող են կողմ քվեարկել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն:



Այդ պահից, այսինքն՝ մոտ սեպտեմբերի 7-8-ից ուեսթմինսթրյան էսթաբլիշմենթն անցավ լիարյուն «Ոչ» արշավ մղելուն: Արշավի անգամ խորագրերն էին հրաշալի մտածված՝ «No, thanks» կամ «Together better»: Սակայն, որքան էլ դրվատանքներ բարձրաձայնվեն «Ոչ» արշավի համակարգողի` Ալիսթեր Դարլինգի հասցեին, իրականում «ոչ»-ի հաջողությունն ապահովեց վարչապետ Դեյվիդ Քամերոնի, ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Էդվարդ Միլիբենդի եւ հատկապես նախկին վարչապետ, լեյբորիստ եւ շոտլանդացի Գորդոն Բրաունի անմիջական ներգրավումն այդ արշավում:



Բրիտանացի լրագրողներն ու քաղաքական մեկնաբաններն են ասում, որ երբեք ոչ Քամերոնի, ոչ Բրաունի այդքան հուզական ելույթներ չէին տեսել: Երկուսն էլ այնքան համոզիչ էին անցյալի իրենց վկայակոչումներում, երբ շոտլանդացիներին հիշեցնում էին, որ Քամերոնի բառերով. «Միացյալ Թագավորությունը եղել է եւ կա մեծագույն տերությունը երկրագնդի վրա, որին ուղղված են ողջ աշխարհի հիացական հայացքները, որն աշխարհին տվել է ժողովրդավարության օրինակը, վերացրել է ստրկությունը, իրականացրել արդյունաբերական հեղափոխությունը, հաղթել է ֆաշիզմին, եւ այդ ամենն արել են Մեծ Բրիտանիայի չորս ժողովուրդները միասին»: Ուրեմն ինչո՞ւ այդ փառահեղ անցյալի էջերը շրջել, ինչո՞ւ Շոտլանդիայի, Ուելսի, Իռլանդիայի եւ Անգլիայի փառահեղ միությունը քանդել:
Թե Քամերոնը, թե Բրաունը էլ ավելի համոզիչ էին անկախությունից ծագող տնտեսական, ռազմական, դիվանագիտական եւ մյուս բարդությունները մատնացույց անելիս:



Շոտլանդիայում ի՞նչ արժույթ է լինելու, ինչպե՞ս են զինված ուժերը բաժանվելու, հյուպատոսական ծառայություն շոտլանդացիներին ո՞վ է մատուցելու եւ այլն, եւ այլն: Չէ՞ որ դրանք հարցեր էին, որ անկախության հաջորդ օրը ծառանալու էին մարդկանց առջեւ, եւ «այո»-ի քարոզիչները չունեին համոզիչ ու վստահելի պատասխաններ: 



Ի վերջո, բանականությանը եւ արժանապատվությանը դիմող լոնդոնյան էսթաբլիշմենթը համոզեց Շոտլանդիայի մեծամասնությանը եւ հաղթեց: Անհնար է պատկերացնել, թե կարող էր այլ կերպ լինել: Սակայն նաեւ անկախությանը կողմ տրված 45% ձայները ցույց տվեցին Միացյալ Թագավորության կառավարման համակարգը փոխելու տրամադրությունները հասարակության շրջանում: Երեկ արդեն վարչապետ Քամերոնն առաջարկեց լուծումը` ազգային կազմավորումներին առավել մեծ լիազորություններ, ինչն ստացել է devomax անվանումը: