Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքներ է ունեցել

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքներ է ունեցել

Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը, ինչպես միշտ, կանխատեսելի էր: Երեկ նա անփոփոխ թողեց Կենտրոնի դատարանի որոշումը, որով «Հրապարակ»-ն ու «Ի-Լուր»-ը պարտադրվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել, եւ մերժեց լրագրողների բողոքն ընդդեմ այս դատական ակտի:



Հիշեցնենք, որ հրապարակումները վերաբերում էին ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր՝ Ռաֆայելի դեմ Շիրակի ոստիկանապետի գործած բռնությանը: Ի դեպ, նիստի ընդմիջմանը դատախազ Պետրոսյանը մինչ օրս անհայտ փաստեր հայտնեց այս գործի մասին: Նրա հետ զրույցից պարզեցինք, որ Ալեքսանյան եղբայրները մարմնական վնասվածքներ են ունեցել, իսկ սա այն է, ինչ չէինք կարողանում պարզել դեպքից անմիջապես հետո, հրապարակումները նախապատրաստելիս:



Փաստորեն, քննչական մարմինն սկզբում նրանց ներգրավել է որպես տուժող: Սակայն եղբայրները դիմում են գրել՝ խնդրելով փոխել իրենց կարգավիճակը, քանի որ նրանք տուժող չեն հանդիսանում: Գործի նյութերում արտացոլված այս փաստից կարելի է հետեւություն անել, որ Ալեքսանյանները, այնուամենայնիվ, ունեցել են վնասվածքներ: Էլ ո՞վ կարող էր Գյումրիում բռնություն գործել անվանի ըմբշամարտիկի եւ նրա եղբոր դեմ, եթե ոչ զինյալ իշխանավորը: «Այս գործը չի բացահայտվում տուժողների պատճառով»,- իր կարծիքը հայտնեց դատախազ Պետրոսյանը դատարանի միջանցքում, առանց պարզաբանելու իր տեսակետը: Սակայն վերադառնանք դատարանի դահլիճ:



Դատախազ Պետրոսյանը, ներկայացնելով իր առարկությունները բողոքի վերաբերյալ, անընդհատ մեջբերումներ էր անում Խանդանյանի գրած որոշումից եւ գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս՝ որ այդ ակտն օրինական է եւ հիմնավորված: Ինչո՞վ է, օրինակ, հիմնավորվել, որ հասարակական շահն է պահանջում ԶԼՄ-ների աղբյուրի բացահայտումը: Ի պատասխան, դատախազը մեջբերում է անում դատական ակտից. «Դատարանն արձանագրում է, որ լրագրողի աղբյուրը չբացահայտելու իրավունքը բացարձակ չէ եւ ենթակա է սահմանափակման», ապա կարդում է Խանդանյանի մեջբերումը «Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործից. «Լրագրողական աղբյուրի բացահայտման պահանջն արդարացված է, եթե դա է պահանջում կենսական նշանակություն ունեցող հասարակական շահը»: Ահա այսպես. հիմնավորված է, որովհետեւ հիմնավորված է: «Առաջին ատյանի որոշման այդ մասում կարող էր գրված լինել «Դանթեականը»: Էջերի քանակը ոչինչ չի ասում: Դա բովանդակազուրկ ակտ է, լցանյութ է, դիզայն է, որ տվել է առաջին ատյանի դատարանը՝ էջեր սեւացնելով». սա «Հրապարակի» շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանի գնահատականն է:



Պետք է խոստովանել, սակայն, որ դատախազ Պետրոսյանը ստեղծագործական մոտեցում ցուցաբերեց՝ պաշտպանելով Խանդանյանի որոշումը: Օրինակ, նա հանկարծ հռետորական հարցեր բարձրացրեց, թե տեսնես ինչո՞ւ լրագրողները չեն ցանկանում  օգնել նախաքննության մարմնին, բացահայտել աղբյուրը եւ դատախազության հետ «ուս ուսի տված»՝ պայքարել հանցավորության դեմ: Պատկերացնո՞ւմ եք ինչ գեղեցիկ քոչարի կստացվեր՝ սալյուտներով եւ կրակոցներով: Ստեղծագործական պատասխան տրվեց նաեւ հետեւյալ հարցին. եթե լրատվամիջոցը չի տիրապետում տեղեկատվության աղբյուրին, իսկ լրագրողը չի բացահայտում աղբյուրը, ինչպե՞ս պարտադրել լրագրողին, որ նա այդ աղբյուրը բացահայտի:



Ըստ դատախազ Պետրոսյանի, դա պետք է կանոնակարգված լինի լրատվամիջոցի ներքին կանոնադրությամբ, եթե այդ լրատվամիջոցը կարգապահ է: Նիստերի ողջ ընթացքում այդպես էլ չհասկացվեց՝ արդյոք դատարանն ստուգո՞ւմ է առաջին ատյանի կայացրած ակտի օրինականությունը, թե՞, այնուամենայնիվ, նոր քննություն է իրականացնում՝ վճռաբեկ դատարանի դեր ստանձնելով: Օրինակ, երբ Արտակ Զեյնալյանը փորձեց դատավորի միջոցով պատասխան ստանալ դատախազից, թե ինչու է առաջին ատյանը ԶԼՄ-ների վերաբերյալ գործը քննել դռնփակ, առանց ներգրավելու դրանց ներկայացուցիչներին, Եվա Դարբինյանը պատասխանեց. «Այդ խախտումը վերացվեց վճռաբեկ դատարանում»: «Սա վերաքննիչ դատարան չէ: Սա առաջին ատյանի դատարանի նկատմամբ վճռաբեկ դատարան է, նա պետք է ստուգեր, թե արդյո՞ք առաջին ատյանի դատարանն իր ունեցած նյութերի շրջանակներում ճիշտ է լուծել խնդիրը, ուրիշ դատարան դա այդպե՞ս կլուծեր, թե՞ ոչ, ոչ թե մտածեր, թե ինչպես անի, որ օգնի առաջին ատյանի դատարանին: Միավորվել են առաջին ատյանի դատարանը, վերաքննիչը եւ դատախազը: Հերթով փորձում են մեր կողմից բացահայտված խախտումները շտկել,- ասաց փաստաբանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:- Սա արդարադատություն համարել չի կարելի, սա որեւէ առնչություն չունի արդար դատաքննության իրավունքի եւ դրա բաղադրատարրերի ապահովման հետ»:



Պատասխանելով լրագրողների հարցերին, նա հիշատակեց փաստը, որ վերաքննիչ դատարան ներկայացվել են նյութեր, որոնք առաջին ատյանի դատարան ներկայացված չեն եղել, եւ դատարանն իր որոշումը կայացրել է առանց այդ նյութերի: Մինչդեռ ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրի բացահայտումը վերջին միջոցն է համարվում, եւ դրան են դիմում միայն այն դեպքում, երբ ճշմարտության բացահայտման բոլոր մյուս ճանապարհներն սպառված են: Ի դեպ, Եվա Դարբինյանը զրկեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եզրափակիչ խոսքի իրավունքից՝ «չորով» հեռանալով խորհրդակցական սենյակ: Ակտը հրապարակվեց 10 րոպե անց, ինչից ակնհայտ է, որ այն վաղօրոք էր գրված: