Կոչումները՝ որպես սովետական համակարգի մնացորդներ

Կոչումները՝ որպես սովետական համակարգի մնացորդներ

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը պետական կոչումներով պարգեւատրեց մի շարք ոլորտների, այդ թվում մշակութային դաշտի ներկայացուցիչներին: «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում ասվում է. «Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է Հայաuտանի Հանրապետության նախագահը` հրապարակելով հրամանագրեր»: Այսինքն՝ այս կամ այն մշակույթի գործչի վաստակն արվեստի զարգացման գործում մեր երկրում որոշում է մեկ հոգի, ով, մեղմ ասած, այնքան էլ մոտ չէ կանգնած մշակույթին, իսկ դա արդեն լուրջ չէ:



Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, մեզ հետ զրույցում խոսելով կոչումների մասին, ընդգծեց, որ 2004թ. ստացած իր վաստակավորի կոչման մասին չի սիրում ոչ մի տեղ նշել եւ բացարձակապես չի կարեւորում դա. «Ես դրան այնքան քիչ նշանակություն եմ տալիս, որ նախ ոչ մի տեղ չեմ նշում, հետո՝ ոչ էլ ուզում եմ նույնիսկ հրաժարվելով արժեքավորել դա: Հրաժարվել կարելի է, ասենք, պետական պարգեւից, ինչպես, օրինակ, Ամերիկայում հրաժարվում էին պարգեւներից, որոնք ստացել են Վիետնամում կռվելու համար. սա ոչ մի ուշադրության արժանի երեւույթ չէ»:



Բաբայանի կարծիքով, արվեստագետն իր ստեղծագործության արդյունքի գնահատականը պետք է ուրիշ տեղ ման գա ու գտնի, ասել է թե՝ հանդիսատեսի վերաբերմունքի, մասնագիտական հանձնաժողովի գնահատականի մեջ. «Եթե արվեստագետի գործը պետության կողմից նաեւ որպես պետական նշանակության գործ է գնահատվում, այս պարագայում կան պետական համապատասխան պարգեւներ, մեդալներ, շքանշաններ, ինչպես, օրինակ, Պատվավոր լեգեոնի շքանշանը տարբեր երկրներում, իսկ այդ կոչումները՝ ժողովրդական արտիստ, վաստակավոր գործիչ, հիմա արդեն նաեւ ավելացել են վաստակավոր ճարտարապետ, բժիշկ, դերասան, նկարիչ. դրանք սովետական համակարգի մնացորդներն են, որտեղ, ցավոք սրտի, գնահատականը տրվում է ոչ թե մասնագիտական գործողությունների համար եւ մասնագիտական շրջանակների կողմից, այլ զուտ համապատասխան քաղաքական ծառայությունների համար: Դրա համար ընդհանրապես պետք է խուսափել այդ կոչումներից, դրանք որեւէ լավ բան չեն տալիս: Որպես թատրոնի ղեկավար՝ կարող եմ ասել, որ հենց այդ կոչումները չկան, իսկ դրանք Հայաստանի Հանրապետության առաջին տարիներին չկային, մթնոլորտը ստեղծագործական կոլեկտիվներում, թատրոններում շատ ավելի առողջ էր, մարդիկ ուրիշ բաներով էին մտահոգված՝ հետաքրքիր դեր կերտեին, բեմադրություն անեին: Հիմա ավելի շատ մտածում են, թե ինչպես այդ ամեն ինչը ներկայացնեն, դարձնեն մշակութային, ծանրանում են այդ կոչման տակ, ընդհանրապես, ծանր բեռով արվեստագետը շատ տխուր տպավորություն է թողնում»:



Ռուբեն Բաբայանը հիշեց, որ մեր պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ արժանավոր մարդիկ, որոնք կոչում չեն ունեցել, նույնն էլ աշխարհում՝ այնքան հոյակապ ռեժիսորներ կան, որ կոչումներ չունեն. «Այս ձեւով արվեստագետին կոչում տալն այնքան մեծ անհեթեթություն է, որ չեմ էլ ուզում դրա մեջ խորանալ, կարծում եմ՝ բացի վնասից, ոչ մի օգուտ չի տալիս: Ոչ վաղ անցյալում իսկապես ռուս ժողովրդական գործիչ, դերասան Վլադիմիր Վիսոցկին որեւէ կոչում չուներ, բայց նրան ճանաչում, գնահատում եւ սիրում էր ողջ Սովետական Միությունը, մինչդեռ բազմաթիվ մանր-մունր դերասաններ, ռեժիսորներ ունեին այդ կոչումները: Ի՞նչ է դա տալիս արվեստագետին, իսկական արվեստագետին՝ ոչ մի բան, ավելին՝ արվեստագետի թիրախն այդ կոչումների պատճառով փոխվում է, նա փորձում է ոչ թե հանդիսատեսի հետ մտնել երկխոսության մեջ՝ կարողանալով իրեն հուզող հարցերին պատասխանել, այլ փորձում է ուրիշ տեղ ման գալ իր հաջողությունների գրավականը: Ո՞ւմ համար ենք մենք ստեղծագործում, ո՞ւմ մեջ ենք ման գալիս մեր ստեղծագործության արձագանքը, սա շատ կարեւոր է, որովհետեւ քո հանդիսատեսը, հասարակությունը մշտապես փոխվում է եւ մշտապես զարգացման մեջ է, եւ ամեն անգամ դու նոր քննություն ես բռնում՝ նրանց առաջ դուրս գալով, իսկ այդ կոչումների ծանր բեռը միայն խանգարում է դրան: Դու փորձում ես բավարարել միայն մի մարդու ճաշակ, թեկուզ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող կամ ամենահրաշալի, բայց, ի վերջո, մեկ մարդու ճաշակ եւ պահանջ»:  



Բաբայանի գնահատմամբ, կոչումներն ի սկզբանե արժեզրկված են, նույնիսկ եթե ստեղծվի որոշակի հանձնաժողով, միեւնույն է, հանձնաժողովը նույնպես կապված է մարդկանց հետ, ովքեր որոշակի հարաբերություններ ունեն իրար հետ, որոշակի ճաշակի տեր են. «Եթե դա այդքան կարեւոր լիներ, ապա ընդունված կլիներ ամբողջ աշխարհում, ժամանակին Սովետական Միությունում դա արված էր որոշակի ձեւով՝ ձեռքն արվեստագետների գլխին պահելու համար, եւ ստեղծագործական միություններ էին այդ նպատակով ստեղծվում՝ կենտրոնանալով մի օղակի շուրջ, որովհետեւ այդ ստեղծագործական միավորումներով էր նաեւ հնարավոր վերահսկել, միայն թե ինչո՞ւ ենք մենք անդրադառնում ամենավատ երեւույթներին»: