Խորհրդային ժամանակների Փարիզը կամ Հռոմը

Խորհրդային ժամանակների Փարիզը կամ Հռոմը

Ցանկացած հայաստանցի գիտի ինչ-որ բան Չեխոսլովակիայի մասին, որը խաղաղ բաժանվեց Չեխիայի եւ Սլովակիայի 1993թ. հունվարի 1-ին: Խորհրդային ժամանակներում չեխական ապակին, սպասքը, ջահերը խորհրդային քաղաքացիներին ծանոթ կամ հասանելի ճոխություն էին, որ նրանց համար գուցե փոխարինում էին վենետիկյան Murano-ին: Նաեւ խորհրդային քաղաքացիների մեծամասնությունը չէր կարող ճանապարհորդել Վարշավյան պակտի սահմաններից դուրս եւ Պրահան բարոկկոյի, եւ գոթական իր ճարտարապետությամբ, հիասքանչ Հին քաղաքով, արքայական պարտեզներով, ռոմանտիզմի դյութանքով շատերին գրեթե Փարիզ կամ Հռոմ էր թվում: Հետեւաբար, Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը նկատելի իրադարձություն է:
Իրականում դեսպանատունն ամբողջությամբ կգործի այս տարեվերջից, սակայն Չեխիայի Հանրապետությունը Հայաստանում դիվանագիտական առաքելություն ունի արդեն երկու տարի եւ գործերի ժամանակավոր հավատարմատարի նստավայրը Երեւանում գտնվում է նույն շենքում, ինչ Լեհաստանի դեսպանատունը:



Հատելով հայ-ադրբեջանական սահմանը



Դիվանագիտության եւ դիվանագետների կյանքի մի գրավչությունը նրանց անձնական փորձառություններն ու արկածներն են տարբեր երկրներում, որ հաճախ միջպետական հաղորդակցություններից ու բանակցություններից նվազ հետաքրքիր չեն: Որքան էլ կարեւոր են հայ-չեխական հարաբերությունները, այդուհանդերձ, այս հոդվածը ցանկանում եմ սկսել Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մի արկածից, երբ նա ՀՀ դիվանագիտական պետհամարանիշներով ավտոմեքենայով հատել է հայ-ադրբեջանական սահմանը:
Անցյալ տարի, 2013-ի գարնանը, պրն. Պետր Միկիսկան որոշում է կնոջ հետ մեկնել Բաքու իր ՀՀ դիվանագիտական պետհամարանիշներ կրող ավտոմեքենայով: Հայաստանից անցնում են Վրաստան եւ Վրաստանում մտնում են Ադրբեջանի սահմանային անցակետ: Անցակետում ծառայող սպաները նայում են մեքենային, փաստաթղթերին, հայկական պետհամարանիշներին եւ տարակուսած հարցնում են. «Դուք պատրաստվում եք հայկական պետհամարանիշներով մեքենան վարել մինչեւ Բաքո՞ւ»: «Այո,-պատասխանում է պրն. Միկիսկան,- այդտեղ խնդի՞ր կա: Ես չեխ դիվանագետ եմ, սա իմ մեքենան է, եւ ես մեկնում եմ Բաքվում Չեխիայի դեսպանատուն: Դուք պատճա՞ռ ունեք ինձ արգելելու»: 



Սպաները մի կողմ են հեռանում խորհրդակցելու, խոսում են հեռախոսներով, վերջապես մոտ մեկ ժամ հետո թույլ են տալիս հատել սահմանը: Մոտ 20 տարվա ընթացքում գուցե առաջին անգամ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա է մտնում Ադրբեջան:
Ճանապարհին արտառոց ոչինչ չի պատահում, ավտոմեքենան ապահովությամբ եւ հաջողությամբ հասնում է Բաքվում Չեխիայի դեսպանատուն: Պարզվում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական մեքենաների պետհամարանիշները նույն տեսքն ունեն, նույն տառատեսակը, ընդամենը մի տառի տարբերությամբ` AM-AZ: Իհարկե, այնքան էլ շատ մարդ չի գտնվի, որ այդ մի տառի տարբերությունը նկատի, բայց Բաքվում հյուրանոցի պահպանության աշխատակիցները նկատում են: Նրանք որեւէ առարկություն չեն ունենում, սակայն ապահովության համար, այնուամենայնիվ, խնդրում են հայկական պետհամարանիշներով մեքենան չթողնել փողոցոմ, հատկապես գիշերները: Այցելությունը Բաքու հաջողությամբ է անցնում, մի քանի օրից պրն. Միկիսկան վերադառնում է Երեւան նույն երթուղով եւ հատելով նույն անցակետը:
Պրն. Միկիսկան բացատրում է, թե ինչու է ջանացել հայկական պետհամարանիշներով մեքենայով գնալ Բաքու, մի քայլ, որ ոմանց կարող է թվալ աննշան, այլոց` անհնար: «Ես գիտակցում էի, որ անվստահությունը միմյանց հանդեպ շատ մեծ է սահմանի երկու կողմերում, երկու կողմերն էլ սովոր չեն հակառակ կողմի առօրեական կյանքի թեկուզ փոքր նշաններ տեսնել սահմանի իրենց կողմում: Ցանկացած բան սահմանի մյուս կողմից արդեն անծանոթ է, կասկածելի է, սարսափելի է… Ինքս դրան մաս չեմ կազմում, բայց այդ մթնոլորտն ինչ-որ առումով ես էլ եմ կրում: Երբ ես դիվանագիտական ծառայության էի Կուբայում, մենք միշտ ջանում էինք կառավարության եւ ընդդիմության միջեւ վստահություն ստեղծել, երկու կողմերին ուղղորդել, որ նստեն եւ խոսեն: Իսկ դրա համար երկու կողմերն էլ պետք է ընտելանան այն մտքին, որ մյուս կողմ գոյություն ունի, եւ այդ մյուս կողմը նաեւ գոյության եւ ինքնարտահայտման իրավունք ունի: Բաքվում շրջելով հայկական պետհամարանիշներով իմ մեքենայով, ցանկանում էի ուղղակի մարդկանց հիշեցնել, որ կան հայկական մեքենաներ, կա Հայաստան… Հայաստան, որը տարբեր է նրանից, ինչ հեռուստատեսությամբ ցուցադրվում է իրենց, որ այս պահին եւ այստեղ ներկա է մի անմեղ իրով` ավտոմեքենայով: Դրանից հետո Բաքվի իմ գործընկերներին համոզում եմ, որ իրենք էլ իրենց մեքենայով գան Երեւան: Ի՞նչ եք կարծում՝ այստեղ ի՞նչ արձագանք կլինի»:



Իմ կարծիքով, Հայաստանում ադրբեջանական պետհամարանիշներով մեքենային ոչինչ չի պատահի, ինչպես անվերջ Հայաստան մուտք ու ելք անող թուրքական մարդատարներին ու բեռնատարներին ոչինչ չի պատահում: Բայց, այ, Ադրբեջանում…
Մեկ տարի անց, արդեն այս ամռանը, մեկ այլ եվրոպացի դիվանագետ է որոշում կրկնել պրն. Միկիսկայի արկածը: Նա որոշում է ՀՀ դիվանագիտական պետհամարանիշներով իր մոտոցիկլով կնոջ հետ մեկնել Բաքու եւ այնտեղից շարունակել այլ երկիր: Բայց այս անգամ արդեն ադրբեջանական սահմանային ծառայությունը նրան թույլ չի տալիս երկիր մտնել: Նրանք ասում են` լինի դա մեքենա, թե մոտոցիկլ կամ հեծանիվ, ցանկացած ինքնաշարժ հայկական պետհամարանիշներով` դիվանագիտական, թե սովորական, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Արգելված է: Դիվանագետը ճարահատյալ վերադառնում է Երեւան եւ մեկնում է այլ երթուղով՝ Իրանով:



Ոչ թե մի դեսպանատուն,այլ մեկը Երևանում




Այժմ, երբ մի փոքր ծանոթ ենք Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին, տեսնենք, թե ինչպես է հիմնադրվել Հայաստանում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը, եւ երբ է դեսպանատունը լիարժեքորեն գործելու:
2009-ի մայիսին Չեխիայի Հանրապետությունը հյուրընկալեց բարձր մակարդակի ԵՄ համաժողով, որի ընթացքում մեկնարկ տրվեց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին: Այդ պահից ի վեր Պրահան, Վարշավայի եւ Ստոկհոլմի հետ մեկտեղ, հանգուցային դերակատար, գրեթե խմբավար է ԱլԳ ծրագրում: Արեւելյան գործընկերության առաջխաղացման որոշիչ շրջանում՝ 2009-2014-ին, չեխ դիվանագետ Շտեֆան Ֆյուլեն էր վերահսկում ծրագիրը` որպես Ընդլայնման եւ հարեւանության հարցերով եվրոպական հանձնակատար:
Այլ խոսքով, Արեւելյան գործընկերության տարածաշրջանը Պրահայի հետ կապվում էր բազմաթիվ թելերով, եւ, զարմանալիորեն, Հայաստանն ԱլԳ միակ երկիրն էր, որտեղ Չեխիան չուներ ռեզիդենտ դիվանագիտական առաքելություն: Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանի պաշտոնական նստավայրը Թբիլիսիում էր: Դա 2010 թվականն էր, Եվրոպան դեռ չէր հաղթահարել տնտեսական անկումը, եւ երբ Չեխիայի ԱԳՆ-ում բարձրացվում է Հայաստանում դեսպանատուն բացելու հարցը, նախարար Շվարցենբերգի առաջարկն ապշահար է անում գերատեսչության ղեկավարությանը: «Ի՞նչ, մենք աջուձախ դեսպանատներ ենք փակում ֆինանսների անբավարարության պատճառով, իսկ Դուք առաջարկում եք մի նոր դեսպանատո՞ւն բացել»: «Ոչ թե ուղղակի մի նոր դեսպանատուն, այլ մեկը Երեւանում»,- լինում է նախարար Շվարցենբերգի պատասխանը:
Փաստարկները, որ բերվում են հօգուտ առաջարկի, համոզում են, եւ, ի վերջո, որոշվում է Հայաստանում Չեխիայի ռեզիդենտ դիվանագիտական առաքելություն հիմնել: Պրն. Պետր Միկիսկան, ով նախկինում ծառայել էր ամերիկյան երկրներում եւ այդ ժամանակ նախարարության կենտրոնական ապարատում բաժիններից մեկն էր ղեկավարում, նշանակվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար: 2012-ին նա ժամանում է Երեւան եւ լինում է առաքելության միակ անդամը: Քիչ ավելի ուշ նրան է միանում օգնականը: Առաքելությունը որոշ սենյակներ է զբաղեցնում Լեհաստանի դեսպանատան հետ նույն շինությունում, եւ չնայած Չեխիայի դրոշը ծածանվում է շինության վրա, Հայաստանում շատերը, ներառյալ լրագրողները, այնքան էլ տեղյակ չեն Չեխիայի դեսպանատան գոյությանը: Գուցե այն պատճառով, որ քաղաքացիների համար դեսպանատունը հաճախ ասոցացվում է հյուպատոսական ծառայությանը եւ մուտքի վիզաներ տալու գործառույթին:
2013-ին արդեն տնտեսական անկումը հաղթահարված էր, եւ Չեխիայի կառավարությունը միջոցներ է հատկացում Երեւանում իր դեսպանատան ընդլայնմանը եւ ամբողջական (ներառյալ` հյուպատոսական) ծառայությունների կազմակերպմանը: Այժմ դեսպանատան նոր շինություն է վարձակալվել Երեւանի կենտրոնում, Սախարովի հրապարակում, որտեղ շուտով կսկսվեն վերակառուցման եւ անվտանգության ապահովման աշխատանքները: Պրն. Միկիսկան հուսով է՝ դեսպանատունը դռները կբացի մինչեւ 2014-ի տարեվերջ:



Շարունակելի