«Դատախաղի» թիրախում մամուլն է

«Դատախաղի» թիրախում մամուլն է

Դատարան դիմելը գայթակղիչ եւ ազարտային խաղ է դառնում, եկամտաբեր սովորություն, իհարկե, այն դեպքում, երբ դատական մարմինների բարեհաճությունն ես վայելում: Մի արտասովոր, աբսուրդային իրավիճակ էր «Հրապարակը» նկարագրել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ի, այնուհետեւ դեկտեմբերի 6-ի հոդվածներում, երբ այդպիսի «դատախաղերից» տուժեց մի ամբողջ դպրոցի կոլեկտիվ: Մարդիկ ուղղակի չէին կարողանում ժամանակին ստանալ աշխատավարձը կամ այն ստանում էին տարիների ուշացումներով, որովհետեւ դպրոցի նախկին ուսուցչուհին՝ Սուսաննա Սարգսյանը, պարբերաբար դատական հայցերով դիմում էր դատարաններ՝ առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ: Դատարանը Սուսաննա Սարգսյանի համար «Բարի լոտոյի» նման բան էր դարձել:



Չաշխատած ամիսների, հարկադիր պարապուրդների, արձակուրդների, ինչպես նաեւ վնասի փոխհատուցման ձեւով նրա ստացած գումարները հասնում էին միլիոնավոր դրամների: Արդյունքում Վանաձորի 8-րդ դպրոցի մանկավարժներն ու մյուս աշխատողները 2007 թվականի աշխատավարձն ստացել են 2009-ին միայն, իսկ 2013-ի առաջին կեսի աշխատավարձերի բաշխումը հնարավոր չի եղել իրականացնել ԴԱՀԿ-ի կողմից դպրոցի հաշվեհամարի վրա դրված արգելանքի պատճառով: Լոռու մարզպետը պատժել էր դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանին այս ամենի համար՝ ազատելով նրան աշխատանքից: Այս պատմությանն անդրադարձել էր Լոռու մեր թղթակից Շուշան Գրիգորյանը: Առժամանակ իրավիճակը լիցքաթափվել է, դպրոցական կյանքը բնականոն հուն է մտել: Վանաձորում գրեթե մոռացել են ինֆորմատիկայի ուսուցչուհուն, որն իր ցանկությամբ տեղափոխվել է այլ, ավելի լավ աշխատանքի: Բայց դատարան դիմելու սովորությունը երկրորդ բնավորություն է դարձել:



Դատական կարոտախտը, հավանաբար, տանջել է նախկին ուսուցչուհուն, եւ ձեռքը կրկին թղթին է ձգվել: Նա նոր հայց է գրել «Հրապարակի» թղթակից Շուշան Գրիգորյանի դեմ: Մեր հրապարակումներից 7 ամիս անց, հերքումների, դատարան դիմելու բոլոր ժամկետներն անցկացնելուց հետո, հավանաբար, փորփրել է իր պահոցները, վերընթերցել հոդվածը եւ անսպասելի ծագած խորը վիրավորանքով մի էմոցիոնալ նամակ-հայցադիմում է գրել իր կյանքի մյուս դատավորին: Նամակում նա բացատրել է, որ իրեն վիրավորել են այն արտահայտությունները, թե ինքը գտնվում է դատավորի հովանավորության տակ, որ նրա հետ կապի մեջ է, հիշեցրել է, որ ինքն ամուսնացած կին է, թեեւ ոչ ոք նրան անբարոյականության մեջ չէր էլ մեղադրել: «Ես նրան պատասխանել եմ, որ «կապ» բառը չի նշանակում անպայման վատ բան, այլ որ ես նկատի եմ ունեցել ազգակցական կապը դատավորներից մեկի հետ, որի անունն անգամ գրված չի,- ասում է Շուշան Գրիգորյանը,- երկրորդն էլ՝ այս մասին մենակ ես չէ, որ գրել եմ: Այլ ԶԼՄ-ներ էլ են գրել»: Ինչեւէ, Սուսաննա Սարգսյանը մեր հրապարակումներից 7-8 ամիս անց՝ 2014 թվականի հուլիսի 8-ին իրեն վիրավորված է զգացել եւ որոշել է լրագրողից պահանջել հերքում եւ հրապարակային ներողություն: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն այս հայցադիմումն ընդունել է վարույթ՝ անկախ հայցային վաղեմության ժամկետից: Ենթադրվում է, որ դատարանը տեղյակ չէ, որ կա հայցային վաղեմության իրավունք, որից եթե լրագրողը չօգտվի, ապա կարող է դատարանում հայտնվել տարիներ առաջ տպագրած հոդվածների առնչությամբ:



Շուշանը պատրաստվում է հայցային վաղեմության միջնորդություն ներկայացնել: Ի գիտություն Սուսաննա Սարգսյանի տեղեկացնենք, որ վիրավորանքն ու զրպարտությունը հոգում թարմ պահելու եւ դատարան դիմելու համար ժամկետ կա՝ մեկ ամիս, այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքի կամ զրպարտության մասին, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից 6 ամսվա ընթացքում: Սա նշանակում է, որ անկախ անձին` իրեն վիրավորելու կամ զրպարտելու մասին հայտնի դառնալու պահից, եթե հրապարակումից անցել է վեց եւ ավելի ամիս ժամանակ` դատարանը հայցը պետք է մերժի, եթե պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացրել: Չենք կասկածում, որ այս տեղեկությունն ինֆորմատիկայի նախկին ուսուցչուհուն կոգեւորի՝ ավելի սուր եւ գրգռիչ դարձնելով դատախաղը: