Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր

Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր

Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին: Մեզ հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ եւ տեսել նաեւ որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:



Կապվեցինք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա. «Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»: Թե քննարկումները երբ կավարտվեն, եւ ինչ կորոշվի, դեռ պարզ չէ, բայց պարզ է նաեւ այն, որ դիվանագիտորեն ձեւակերպված «բազմաֆունկցիոնալ համալիր» կոչվածի տակ կարելի է հասկանալ ցանկացած բան՝ ռեստորանից սկսած մինչեւ հյուրանոցային համալիր:



Ի դեպ, օրերս մի քանի տասնյակ արվեստագետներ, մտավորականներ Աֆրիկյանների շենքի հարցով նամակ էին հղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Տերյան 11 հասցեում Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման եւ պահպանության համար եւ Երեւան քաղաքի կենտրոնում դեռեւս պահպանվող պատմության եւ մշակույթի հուշարձանները պահել հատուկ ուշադրության կենտրոնում՝ չստորադասելով դրանք մասնավոր եւ այլ տեսակի շահերի: