Առանց կոնտակտի մարդուն լուսանկարել չի լինի

Առանց կոնտակտի մարդուն լուսանկարել չի լինի

Արեւելյան գործընկերության երկրների «Ուշադրություն, ժպիտ» նախագծի շրջանակներում միանգամից 6 երկրներում` Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, մեկնարկեց «Արեւելյան գործընկերության իմ երկիրը» ազգային ֆոտոմրցույթը, որին մասնակցում են լուսանկարիչներ բոլոր 6 երկրներից: Լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը հայաստանյան մրցույթի ընթացքում ընտրված այն 5 հայ լուսանկարիչներից մեկն է, ով մասնակցել է Բելառուսում տեղի ունեցած հնգօրյա մրցույթ-ֆոտոպլեներին:



Էդգարի կարծիքով, նման ֆոտոպլեներների մեջ ամենակարեւորը փորձի փոխանակումն է, երբ տեսնում ես, թե ով ինչպես է աշխատում, բացի այդ, լուսանկարիչների հետ զրույցները շատ բան են տալիս. «Բելառուսիայում առաջինն ինձ դուր եկավ բնական լուսավորությունը, ինչը պեյզաժների համար շատ կարեւոր է, Հայաստանում շատ քիչ ժամերի է, որ այդպիսի լուսավորություն է լինում»,- ասում է Էդգարը, ով լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2007-ից. «Սիրում եմ լուսանկարել բնություն, մարդկանց, բայց պատահական, երբ տեսնում են, որ իրենց նկարում ես, բարդույթավորվում են, իրենց ցույց են տալիս այնպես, ինչպես որ կուզեն լինեն լուսանկարում: Մարդկանց ամեն տարիքային խմբի հետ աշխատելիս դժվարությունները տարբեր են, օրինակ, եթե երեխայի ես նկարում, ու նա չուզեց անի այն, ինչ դու ես ուզում, չես կարող ստիպել, պիտի ինքն անի այն, ինչ ուզում է, եւ դու հասցնես նկարել, եթե չհասցրիր` նկար չես ունենա»:



Էդգար Մարտիրոսյանը լուսանկարչական հմտությունները սովորել եւ յուրացրել է հիմնականում պրակտիկայով` ինքնուրույն: Պատմում է, որ շատերի նման ինքն էլ սկզբում չուներ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ ու շատ հաճախ ընկերների տեխնիկայով էր նկարում. «Թանկ տեխնիկան շատ լավ բան է, որովհետեւ շատ հարցեր հենց լուսանկարն ստանալու փուլում կարողանում ես լուծել, բայց երբ չունես, ստիպված ես օպտիմալ լուծումներ գտնել եւ հույսդ դնել ոչ թե տեխնիկայի, այլ քո վրա, թե ինչպես կնկարես, կմատուցես, որ ստանաս քո ուզած արդյունքը»:



Էդգարի համար պատվիրատուի դուր չգալը չափանիշ չէ, ասում է` եթե իր մոտ են լուսանկարվում, ինքն է որոշում՝ ինչ եւ ինչպես նկարել. «Եթե կոնտակտ չեղավ մարդու հետ, չես կարող ստանալ այն, ինչ ուզում ես, առավել եւս խարակտերային որեւէ բան: Բայց եթե նման խնդիր դրված չի, ու քեզնից ուզում են ընդամենը բյութի պորտրետ` սիրուն նկար, ես չեմ կարող իրեն ստիպել, որ իր համար խարակտերային լուծումով նկար անեմ: Հիմա, երբ բոլորը սելֆի են անում ու այդ ահռելի քանակության նկարները լցնում համացանց, լուսանկարչի կարիք, որպես այդպիսին, չի էլ զգացվում, ու շատերին միեւնույն է, թե ինչ որակի նկար կունենան: Գումարած դրան՝ յուրաքանչյուր 3-րդն ունի լուսանկարչական ապարատ, ավտոմատ ռեժիմով նկարում է ու դրանք վաճառում 5 հազար դրամով, ինչի հետեւանքով էլ արժեզրկվում է լուսանկարչի գործը»:



Էդգար Մարտիրոսյանը 360 armenia.am կայքի հիմնադիրն է: Այն իրենից ներկայացնում է մի նախագիծ, որի միջոցով այցելուն կարող է շրջել Հայաստանի գեղատեսիլ վայրերում, մշակութային հուշարձաններում 360.-ով պտտվել սեփական առանցքի շուրջ, զգալ իրեն հենց այն վայրում, որը դիտում է: «Այդ նախագիծն սկսեցինք ես ու իմ ընկեր Սեւադա Ղազարյանը, վիրտուալ շրջայցն իրենից ներկայացնում է որոշակի նկարների հերթականություն, համայնապատկեր, որոնք հատուկ ձեւով լուսանկարելուց, համակարգչային մշակում անցնելուց հետո կարողանում ես տեսնել տվյալ միջավայրի մոդելավորումը, ինչն ավելի տպավորիչ է, քան լուսանկարը: Հայաստանում այդպիսի պանորամիկ լուսանկարչությունն այդքան տարածված չէ»,-ասում է Էդգարը: