Քաջարան գյուղում ողջունում են Լիսկային

Քաջարան գյուղում ողջունում են Լիսկային

Լիսկայի նշանակումից առաջ եւ հետո Սյունիքում լիսկայամոլ բանակն ակտիվացել է: Այդ բանակից է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա հանրության տեսադաշտում հայտնվեց 2-3 տարի առաջ, պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ բնապահպանների պայքարի օրերին, երբ Քաջարան համայնքի տարածքը տալիս էին կոմբինատին: Բայց գյուղը փրկվեց ու մի քանի տարի է՝ գոյատեւում է կոմբինատի հետ թշնամական շրջապատում, ինչպես փոքրիկ Կուբան՝ Ամերիկայի քթի տակ: Այն ժամանակ քաջարանցիներն արդեն սկսել էին «բացել» երեւանցի բնապահպան-ակտիվիստների աչքերը, բացատրել, որ Ռաֆիկ Աթայանը Սուրեն Խաչատրյանի մարդն է, եւ հենց մարզպետն է ֆինանսավորում պայքարը Մաքսիմ Հակոբյանի դեմ, որի հետ մշտապես թշնամական հարաբերությունների մեջ է: Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից երկու օր չանցած՝ Քաջարանի գյուղապետն ակտիվացավ, հայտարարելով մամուլում, որ Հակոբյանը մարզի համար ոչինչ էլ չի արել: Երեկ Քաջարանի գյուղապետի տրամադրությունը բարձր էր: Մեզ հետ հեռախոսազրույցում նա չթաքցրեց համակրանքը նորանշանակ մարզպետի նկատմամբ: «Հրապարակի» հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ Սուրեն Խաչատրյանը միշտ էլ օգնել է գյուղի պայքարին ընդդեմ ամենակարող Մաքսիմի, եւ ինչպե՞ս է նա վերաբերվում նոր մարզպետին, գյուղապետը պատասխանեց. «Ես չեմ կարա ասեմ, որ նա օգնել է մեր պայքարին, բայց ես Լիսկայի հետ աշխատել եմ: Ինքը վատ աշխատող չի: Նրա հետ կարելի է աշխատել»: Հիշեցնենք, սակայն, որ 2011 թվականի դեկտեմբերին Սուրեն Խաչատրյանը ձեւականորեն եկավ կանգնեց թռչկանցիների դեմ, Քաջարանի գյուղապետը նրա դեմ էր պայքարում: Այսօր նա նկարագրում է, որ Քաջարանում վատ վիճակ է, բայց գյուղը կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին:



- Ճանապարհ չունենք, ասֆալտ չունենք, ոչ մի բան էլ չկա, ջիգյար: Մեզ կոմբինատն ամեն ինչից զրկել է, մեկուսացրել է: Նույնիսկ հողի հարկ չէր տալիս: Տարեկան 24 հազար դրամ էր մուծում: Ես չտվեցի մեր հողը կոմբինատին, ու ինչ օյին ասես գլխիս բերեցին: 16 հազար հեկտար սահմանը ո՞ւր թողենք գնանք:



- Դուք եկեղեցի ունեք նոր կառուցած, ո՞վ է կառուցել: 



- Բարերարներն են կառուցել, մեր, գյուղացիների միջոցներով է կառուցվել, եւ կոմբինատն էլ է օգնել: Հիմա բոլոր երեխաներին հատ-հատ Սուրբ Հակոբի եկեղեցում ենք կնքում:



- Որպես սահմանամերձ համայնք, չե՞ք օգտվում կառավարության համայնքների զարգացման ծրագրից:



- Մենք մեր ուժերով ենք ապրում՝ անասուն, ոչխար ունենք, փեթակ ենք պահում, ամեն մարդ իր գործն է անում, ջիգյար: Բոլորին հատկացրել են, բայց մեզ ոչ մի բանով էլ չեն օգնում: Հաշվեք՝ Քաջարանը հանել են մեր քարտեզի վրայից:



- Դուք այդ ծրագրում ներառվա՞ծ չեք, թե՞ չգիտեք՝ ներառված եք, թե ոչ:



- Կարող է ներառված եմ, բայց ես չգիտեմ, ճանապարհ չունեմ, ոչ մի բան չկա, կլուբս քանդեցին, դպրոցը քանդված է: Ապրի մեր նախագահը: Նա է լուծել մեր հարցը, մենք էլ իրա կողքին կանգնած ենք, մեր գյուղն ինքն ա պահել, չի տվել կոմբինատին:



- Այսօր Սյունիքում եւ Երեւանում մի հարց է քննարկվում՝ նոր մարզպետի նշանակումը: Ձեր գյուղացիները ո՞նց ընդունեցին Լիսկայի վերադարձը:



- Ես գյուղացիներից ոչ մի բան չեմ հարցրել, չգիտեմ, բայց Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր:



- Հիշո՞ւմ եք, 2011 թվականին, երբ թռչկանցիները, ակտիվիստները եկել էին ձեր գյուղ, ու նա «ճպուռ» անվանեց Մարիամ Սուխուդյանին, չէ՞ որ նա էն ժամանակ կառավարությանն էր պաշտպանում, որոշում, որ Քաջարանը տան կոմբինատին:



- Հա, ճիշտ է, ինքը կառավարությանն էր պաշտպանում, բայց ինքը եկավ, մեզ հետ հանդիպեց, տեսավ, որ ժողովուրդը ճիշտ էր, եւ մեր կողմն անցավ: