Զարուհի Փոստանջյանը կսպիտակի, մինչև Արցախը ճանաչվի

Զարուհի Փոստանջյանը կսպիտակի, մինչև Արցախը ճանաչվի

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նա առաջարկում է ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը եւ ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք եւ չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե՛ Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց Փոստանջյանը: ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը ընդհանուր առմամբ համաձայն է Փոստանջյանի առաջարկած նախագծի հետ, սակայն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշում եւ ոչ թե օրենք՝ չէ՞ որ «ԱԺ որոշումն օրենքի ուժ չունի»: Պարզվեց՝ այսպես է արել, որ ընդունվի, քանզի վստահ չէ, որ օրենքի նախագիծը կընդունվի: ՀՀԿ-ից Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ ինքը հարգում է Փոստանջյանի տեսակետը, սակայն կարծում է, որ այժմ պատեհ ժամանակը չէ այս նախագիծն ընդունելու եւ Արցախը ճանաչելու համար: Փոստանջյանը հիշեցրեց «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ոդիսականը՝ Արցախը ճանաչելու ուղղությամբ, որն սկսվել է դեռ 1992 թվականից: ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը շարունակեց Շիրակին, թե հայրենասիրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում, եւ պետք չէ ժողովրդի անունից հայտարարել, թե ժողովուրդն ինչ է ուզում: Այնուհետեւ անցավ հարցերին.



- Տիկին Փոստանջյան, Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, եւ վստահ եմ, որ ծանոթ եք մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնք բանակցային գործընթացի անբաժանելի մաս են կազմել: Մենակ մեկ կարճ հարց եմ Ձեզ տալիս. Դուք ծանո՞թ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մանրամասներին:



- Այո, ծանոթ եմ այնքան, որքան որ հրապարակված փաստաթղթերում է նշված:



- Եվ դրա վրա ելնելով՝ Դուք եկել եք եզրահանգման, որ ՀՀ-ի համար այս պահին ԼՂՀճանաչումը ճի՞շտ որոշում է: 



- Այո:



- Բան չունեմ ասելու:



Հաջորդ առարկողը Արտակ Զաքարյանն էր, որը նկատեց, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչման անհրաժեշտություն ունի, այլ ոչ թե միայն Հայաստանի, եւ դրա համար դա դարձնել ԱԺ որոշման նյութ, արհեստական է համարում: Ալիկ Արզումանյանն այստեղ հիշեց ռուսական ինտեգրումը եւ բավականին վրդովված նշեց, որ իր համար վիրավորական է, որ «կռված տղերքն ասում են՝ մենք ո՞վ ենք, որ Ռուսաստանի որոշմանը դեմ գնանք»: «Մենք նրանք ենք, որ ստիպել ենք Ռուսաստանին ռադը քաշի ու թողնի մեզ մեն-մենակ Ադրբեջանի դեմ, որ մենք մեր հարցերն ազատ լուծենք»,-ասաց Արզումանյանը՝ մեջբերում անելով ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի խոսքից: «Իմ վրա մի ցիտի»,-պահանջեց Հարությունյանը: «Դասականներին միշտ ցիտում են»,-հեգնեց Արզումանյանը: «Էդ ուրիշ բան»,-հանգստացավ ՀՀԿ-ականը: Ապա Արզումանյանն անցավ Նաիրա Կարապետյանի հարցադրմանը, որն իրեն դուր չէր եկել, ու ավելացրեց, որ պետք չէ դասեր տալ մյուսներին: «Էստեղ բոլորը նույն արժեքի, նույն չափի, նույն գույնի մանդատով ընտրված մարդիկ են, որոնց իրավունքները նույնն են բոլորի համար: Էստեղ չկա լավ պատգամավոր, վատ պատգամավոր, շատ բան իմացող կամ չիմացող պատգամավոր: Ես գտնում եմ, որ Հայաստանում ինձանից լավ որեւէ մեկը որեւէ հարց չգիտի ընդհանրապես: Ես կարծում եմ՝ կոռեկտ չէ, օրիորդ Կարապետյան, երբ Դուք հարցնում եք, թե ծանո՞ք եք ՄԱԿ-ի բաներին: Դա նույնն է, որ ես Ձեզ ասեմ, երբ որ ես էդ ՄԱԿ-ի բանաձեւերը քննարկում էի, Դուք դպրոց էիք գնում: Սա հարցադրում չի, սա կոռեկտ չի քաղաքական տեսանկյունից»,-«դաս տվեց» Արզումանյանը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորեց նման տոնով եւ գնահատականներով, ուրիշների խոսքի խմբագրումներով ելույթներ չունենալ: «Ես ընդամենը հաթաթային եմ պատասխան տվել»,-հակադարձեց Արզումանյանը: «Հաթաթա չի տրվել»,- հակադարձեց Զաքարյանը:«Տրվել է: Էս մարդուն հարցնում են՝ դու կարդացե՞լ ես, որ խոսում ես»,-ասաց նա՝ ակնարկելով Նաիրա Կարապետյանի հարցը Փոստանջյանին: Կարապետյանն էլ արձագանքեց, թե «բա չհարցնե՞մ, որ հետո իմանամ ոնց քվեարկեմ»: Արզումանյանի ու ՀՀԿ-ականների վեճը թեժացավ, ամենից բուռն արձագանքում էր Համլետ Հարությունյանը: Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-վրացական եւ հայ-իրանական սահմանների մասին, ինչ ազդեցություն է ունենալու ԵՏՄ-ին անդամակցումը Իրանից Հայաստան ներկրվող գազի վրա: Հերթը հասավ Արտաշես Գեղամյանի ելույթին, Ալիկ Արզումանյանը փորձեց դուրս գալ դահլիճից՝ ծխելու: «Մնացե՛ք, պարոն Արզումանյան, հա՛մ առողջությանն է օգուտ, հա՛մ էլ ուղեղը կթարմանա»,-հորդորեց Գեղամյանը: Արզումանյանը մնաց, Գեղամյանն սկսեց:



Նա նախ շնորհակալություն հայտնեց այս քննարկման համար, արանքում առիթը բաց չթողեց ու հիշեցրեց, որ ինքը տարին մեկ մի գիրք է գրում, որոնց միջոցով բացատրում է, թե ինչ հրաշալի բան է ԵՏՄ-ին անդամակցումը: Հետո հեգնանքով մեջբերեց Արզումանյանի խոսքից, ինչին ի պատասխան՝ Արզումանյանը նկատեց. «Իմ խոսքից մեջբերումներ մի՛ արեք, պարո՛ն Գեղամյան»: «Դասականներին եմ ցիտում»,-հակադարձեց Գեղամյանը՝ կանգնելով գործընկերոջ՝ Համլետ Հարությունյանի թասիբին եւ արձանագրեց. «Մեկով մեկ, պարոն Արզումանյան»:



Վերջում Գեղամյանը շնորհակալություն հայտնեց տիկին Փոստանջյանին այս նախագծի համար, կարեւորեց այս հարցը եւ նշեց, որ ինքը, սակայն, ձեռնպահ է մնում հարցի քվեարկությունից:



Եկավ քվեարկության պահը: Մինչ այդ Արտակ Զաքարյանը հորդորեց Փոստանջյանին հետաձգել նախագծի քվեարկությունը մեկ տարով, բայց թողնել օրակարգում, մինչ այդ լրամշակել ու նորից ներկայացնել: Զաքարյանի հորդորին միացավ նաեւ Ալիկ Արզումանյանը, քանի որ «սա շատ նրբանկատ պահ է, եւ ձեռքդ էլ չի գնա դեմ քվեարկել»: Համլետ Հարությունյանն էլ խորհուրդ տվեց Փոստանջյանին՝ աշխատել Արցախի ԱԺ-ի հետ: «Էս լավ օրից չի, էսի նենց ա, որ ինձ համար էլ ա դժվար, մյուսի համար էլ ա դժվար»,-խոստովանեց Հարությունյանը:



Մինչ Զարուհի Փոստանջյանը կպատասխաներ՝ համաձա՞յն է հետաձգելուն, թե ոչ, նախ փորձեց ճշտել, եթե չհետաձգի, ովքե՞ր են կողմ կամ դեմ քվեարկելու: Նաիրա Կարապետյանն ասաց. «Տիկին Փոստանջյանին շատ հարգում եմ, մենք իրար հետ ճանապարհ ենք գնացել, ուղղակի էստեղ ձեւակերպումներ կան, որ կարող են խանգարել բանակցային գործընթացին, հետեւաբար՝ դեմ եմ քվեարկելու»: Մյուս ՀՀԿ-ականներն էլ, բնականաբար, ասացին, որ դեմ են քվեարկելու: Ալիկ Արզումանյանն ասաց, որ ինքը ձեռնպահ է, բայց պատրաստ է աշխատել Փոստանջյանի հետ, որ հետո միասին կարողանան համոզել մեծամասնությանը՝ կողմ քվեարկել այս նախագծին: Փաշինյանն էլ ասաց, որ չի մասնակցի քվեարկությանը: Ի վերջո, Փոստանջյանը տեղի տվեց. «Գիտե՞ք ինչ եմ ցանկանում, որ ես չլինեմ Ազգային ժողովում, մազերս սպիտակ լինեն, բայց Արցախն անկախ լինի»: Այնուհետեւ, թեքվելով դեպի Համլետ Հարությունյանը, շարունակեց. «Կուզենայի, որ ես լինեի Ձեր տարիքում, եւ այս հարցերը չլինեին»: «Դուք որ իմ տարիքում լինեք, այս հարցերը չեն լինի»,-մխիթարեց Հարությունյանը: Նախագծի քննարկումը հետաձգվեց: