Իրավապահները պարտավոր են հետաքննություն սկսել Վաղարշի գործով

Իրավապահները պարտավոր են հետաքննություն սկսել Վաղարշի գործով

Վարդագույն պիջակով, փրփուրը բերանին, ափերից դուրս եկած Վաղարշ Աբրահամյանին դիտելով՝ ՀՀ ցանկացած արժանապատիվ քաղաքացի իրեն վիրավորված է զգում: Այդ են վկայում ոսկու շուկայի տիրոջ վարքի քննարկումները սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում:



«Քաշեք, հլը պրծեք, հանեք ստուց»,- հրահանգում է նա իր հաստավիզներին, բաց թողնելով նրանց սեղանիկների եւ դրանց մոտ կանգնած ապշահար մարդկանց վրա: Նրանք, ապակիներ փշրելով, պատերից լարերը պոկելով, քարշ են տալիս սեղանիկները: Որոշների մեջ ոսկյա զարդեր կան: Լսվում է փշրվող ապակիների, ջարդվող սեղանների ձայնը: Առեւտրականներից մեկը փորձում է հեռախոսով կանչել դրանցից մեկի տիրոջը, որ գոնե իր ապրանքի գլխին լինի: Վարդագույն կոստյումավորին մեղմ դիմադրություն է ցուցաբերում մի կին, ասելով. «Էս սեղանների ապրանքների պատասխանն ո՞վ է տալու, որ մեջն ապրանք է»: Այդ կնոջ ուղղությամբ վարդագույն կոստյումավորն ինչ-որ իր է նետում՝ ակնհայտորեն միտում ունենալով վախեցնել նրան: «Քաշեք, հանեք, փրթեք, ի՞նչ եք խաղ անում, լուսամուտից հանեք դուրս, կտոր-կտոր արեք»,- մոլեգնում է Վաղարշը, իր հաստավիզների կողքին իրեն ակնհայտորեն առյուծ զգալով: «Ինչո՞ւ չեք ձերբակալում Վաղարշ Աբրահամյանին» հարցին ոստիկանության մամուլի պատասխանատու Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Վաղարշ Աբրահամյանի գործողությունների վերաբերյալ մենք հաղորդում չունենք, հետեւաբար, նրան կալանավորելու հիմք չկա»: «Բայց տեսանյութերը բոլոր կայքերում կան, երեւում է, որ նա խուլիգանություն է անում կնոջ նկատմամբ, գույք է փչացնում»: «Եթե թեկուզ խփած լիներ կամ ահաբեկած լիներ այդ կնոջը, գործ կհարուցեինք, բայց ոչ մի բռնելու տեղ չկա: Ես դա ձեզ որպես իրավաբան եմ ասում»,- պատասխանեց Արմեն Մալխասյանը: Անշուշտ, «բռնելու տեղ» կլիներ, եթե խոսքը գնար ոչ թե հայտնի Վաղարշի մասին, ով ժամանակին ապօրինի ճանապարհով տիրացավ Երեւանի բաղնիքի շենքին, եւ որին թույլատրված էր միլիոններ դիզել, այլ, ասենք, մի հասարակ քաղաքացու: «Բռնելու տեղ» ասվածը ոստիկանության համար լայն հասկացություն է: Հասարակ քաղաքացիների դեպքում կատվի կեղտն էլ է բռնելու տեղ:



Այդպես եղավ, օրինակ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի դեպքում, որն ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ մուկն ու կատու էր խաղացնում: Այդ նույն օրը նրան տարան ոստիկանություն, հետո 20 հազար դրամի տուգանք պահանջեցին այն բանի համար, որ նա կառավարության մոտ կենդանիներ է տարել, իսկ կենդանիները կարող են «արտաթորել» այնտեղ, ինչը հակաօրինական է: Նման դրույթ ոչ մի օրենքում չկա, բայց ոստիկանները բռնելու տեղ կարողացել էին գտնել: Երեկ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնեցին, որ Կարեն Անդրեասյանը հանձնարարել է սոցիալ-տնտեսական հարցերով ՄԻՊ տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանին ուսումնասիրել այս միջադեպը: «Հրապարակի» հետ զրույցում Տաթեւիկ Խաչատրյանն ասաց, որ Վաղարշ Աբրահամյանի հետ կապված միջադեպի մասին իրենք ԶԼՄ-ներից են իմացել եւ չունեն որեւէ դիմում:



- Մենք այսօր փորձել ենք գտնել մեկին, ով տեղյակ էր միջադեպից, որ տեղեկատվություն հայթայթենք, սակայն ոսկու շուկայի աշխատողները հրաժարվում են խոսել: Մենք տեղեկացել ենք, որ լրագրողների հետ նրանք նույնպես հրաժարվում են խոսել: Ինչ վերաբերում է մեր քայլերին, ապա մենք սեփական միջամտությամբ չենք կարող զբաղվել սրանով:



- Ոստիկանությունը հայտարարում է, որ եթե բողոքող չկա, չեն կարող զբաղվել այս դեպքով: Արդյոք սա իրավաչա՞փ է:



- Այս դեպքում ԶԼՄ-ների ներկայացրած նյութերը պարունակում են հաղորդում հանցագործության մասին, եւ դա, ըստ օրենսդրության, բավարար առիթ է, որպեսզի իրավապահ, քննչական մարմինները սեփական նախաձեռնությամբ հետաքննություն սկսեն:



- Քաղաքացիներն անհանգստացած են, հասարակական հնչեղություն է ստացել գործը, սա բավարար առիթ չէ՞ իրավապահների միջամտության համար:



- Այո: Իրավապահ մարմինները հետաքննություն պետք է կատարեն, փաստերը պետք է ուսումնասիրեն: Մյուս կողմից ավելի լուրջ մտահոգություն կա, քանի որ ոսկու շուկայի տիրոջ գործողությունները կապված են քաղաքացիների բողոքի ակցիայի հետ: Նա ասում է մոտավորապես հետեւյալը՝ մենք փորձել ենք համոզել, որ չգնան, մենք միջամտեցինք այս ձեւով: Սա նույնպես պետք է ցույց տար ոստիկանությանը, որ Վաղարշ Աբրահամյանի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ խոչընդոտելու խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, իսկ նման արարքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված: Իսկ եթե նույն արարքն ուղեկցվում է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, սա ծանրացուցիչ հանգամանք է համարվում: Այս ամենը տեսանյութում առկա է, եւ իրավապահ մարմինների համար սրանք արդեն իսկ բավարար նյութեր են՝ հանգամանքները լրջորեն ուսումնասիրելու համար:



ՀԳ. Ի գիտություն ՀՀ իրավապահներին: ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը կոչվում է «Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը»: Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու համար այն, որպես պատիժ, տուգանք է սահմանում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ այդ նույն արարքը բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: