ՊՆ խոսնակի՝ Ֆեյսբուքով «հերքածի» հակառակն է ապացուցելու

ՊՆ խոսնակի՝ Ֆեյսբուքով «հերքածի» հակառակն է ապացուցելու

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Կորյուն Գրիգորյանը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մարզահամերգային համալիրը վերանվանվել է՝ այսուհետ կոչվելու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր, եւ դա ՊՆ-ի նախաձեռնությունն է, ում ենթակայությանն է հանձնվել համալիրը:



Կարեն Դեմիրճյանի որդուց՝ ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այս փաստին, որ իր հոր անունը կրող մարզահամերգային համալիրն անվանափոխվում է: Դեմիրճյանը վստահեցրեց, որ դա սուտ տեղեկություն է, քանզի պաշտպանության նախարարությունը հերքել է, եւ ինքը հավատացած է, որ նման բան բացառվում է, չի կարող լինել: «Չնայած պաշտպանության նախարարությունը հերքել է, բայց մենք պաշտոնապես կդիմենք նախարարությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հակիրճ պատասխանեց Ստեփան Դեմիրճյանը: Մենք հետաքրքրվեցինք նաեւ ՊՆ-ից, թե իսկապե՞ս հերքել են այս տեղեկությունը: Պարզվեց՝ կրկին ֆեյսբուքյան գրառման՝ ստատուսի միջոցով, քանզի ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ իրենց պաշտոնական կայքում այդ «հերքումը» չի հրապարակվել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս անգամ էլ հարկ է համարել կարեւոր տեղեկատվությունը «պաշտոնապես» հերքել՝ ընդամենը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով: Ստացվում է, որ ողջ հանրությունը պետք է պարտադիր գրանցված լինի Ֆեյսբուքում, ավելին՝ անպայման պետք է «դռուժիծ» տա ՊՆ մամուլի խոսնակին եւ պարբերաբար հետեւի նրա «պատին», որպեսզի տեղեկանա ամենակարեւոր գերատեսչություններից մեկի «պաշտոնական» հաղորդագրություններին:



Իսկ Հովհաննիսյանն իր էջում ընդամենը հետեւյալ գրառումն էր կատարել. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ կապված նշեմ, որ անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում»: Երեկ խոսեցինք նաեւ Կորյուն Գրիգորյանի հետ, ով նշեց, որ ՊՆ-ն ոչ թե հերքել, այլ ընդամենը չի պատասխանել՝ ասելով, որ իրենք սադրանքներին չեն արձագանքում: Ինքը շարունակում է պնդել իր ասածը եւ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դա հիմնավորող նոր ապացույցներ կներկայացնի: