Գայթակղիչ առաջարկ վաշխառուներին

Գայթակղիչ առաջարկ վաշխառուներին

Ելնելով շուկայի համակողմանի ուսումնասիրությունից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծել է «ԱԿԲԱ Բիզնես Փարթնր» ենթաբրենդը: Ենթաբրենդի տեղծումը նպատակ ունի բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց սպասարկմանն ուղղված բոլոր բանկային պրոդուկտները մեկտեղել մեկ «տանիքի» տակ՝ անհատական եւ համապարփակ լուծումներ տալու բանկում սպասարկվող իրավաբանական անձանց բոլոր պահանջմունքներին:



Այս ենթաբրենդի ներքո ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ փոքր եւ միջին բոլոր ձեռնարկություններին առաջարկում է մասնակցել «Դարձի՛ր գործընկեր» արշավին, որը մեկնարկում է սեպտեմբերի 28-ից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 12-ը:




ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը, մինչ կներկայացներ ենթաբրենդը, նախ նշեց, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միայն գյուղատնտեսական բանկ չէ, թեպետ բանկի գյուղատնտեսական պորտֆելը կազմում է ավելի քան 60 տոկոս, եւ ավելացրեց, որ 1999 թվականից սկսած՝ իրենք, բացի գյուղատնտեսական ոլորտից, նաեւ ֆինանսավորում են փոքր եւ միջին բիզնեսը:



«Այսօր մենք ունենք 6 հազարից ավելի իրավաբանական փոքր եւ միջին բիզնեսի հաճախորդներ եւ շուրջ 75 հազար գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր եւ միջին բիզնեսի հաճախորդներ: Առեւտրային մասը 19 մլրդ դրամից ավել է, իսկ գյուղատնտեսական մասը մոտ 65 մլրդ դրամ է կազմում»,-ասաց Ն. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից իրենց բանկի կողմից որդեգրված գաղափարներն են եղել փոխօգնությունը եւ գործընկերությունը:
Այնուհետեւ, անդրադառնալով «ԱԿԲԱ Բիզնես Փարթնր» ենթաբրենդին եւ դրա ներքո մեկնարկած արշավին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը մանրամասնեց, թե որն է արշավի էությունը:
«Այն հաճախորդները, ովքեր սեպտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում կցանկանան այլ բանկերից տեղափոխվել մեր բանկ, նրանց կառաջարկվի նոր բիզնես վարկ իրենց նախկին բանկի գործող նվազագույն տոկոսադրույքից մինչեւ 30 տոկոս ավելի ցածր տոկոսադրույքով՝ առաջին տարվա համար, եւ 3% տոկոսադրույքով ավելի ցածր՝ հաջորդ յուրաքանչյուր տարվա համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այն հաճախորդները, որոնց վարկի պահանջը չի գերազանցում 14 մլն ՀՀ դրամը, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կստանան 1 ժամվա ընթացքում:



Ըստ Հովհաննիսյանի՝ այս ենթաբրենդի ստեղծմամբ ուզում են մեկ անգամ եւս ընդգծել, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, լինելով գյուղատնտեսության մեջ «պիոներ», նաեւ բիզնեսի այլ ճյուղերի զարգացմանն է նպաստում:
Նիկոլայ Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան, թե արդյոք բավարա՞ր է նշված ժամանակահատվածը ծրագրի լիարժեք իրականացման համար, ասաց, որ ծրագիրը թեպետ կարճաժամկետ է, իրենք այս նոր ենթաբրենդի ներքո միշտ նոր առաջարկներ ու նոր ասելիքներ կունենան: